Երկուշաբթի, 20 նոյեմբերի

Սեւան. քաղաք, որտեղ 25 տարում ոչինչ չի փոխվել


Սեւանա լիճը Հայաստանի կարեւոր զբոսաշրջային կենտրոններից է, գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Այստեղ տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում: Սևան քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը և բնակչության հիմնական զբաղվածության ոլորտը նույնպես զբոսաշրջությունն է:

Հակառակ դրան՝ Սեւան քաղաքը Հայաստանի աղքատ, չխնամված քաղաքներից է, որտեղ բացակայում են տարրական ենթակառուցվածքներ` զբոսաշրջիկներին սպասարկելու համար: Վերջին տարիներին այստեղ տեղի ունեցած դրական փոփոխությունը 24-ժամյա ջրամատակարարման վերականգնումն է (թեեւ ոչ բոլոր թաղամասերում), այս տարի համայնքապետարանը պատրաստվում է շահագործել հանրային զուգարան եւ նոր, ժամանակակից այգի (վերջինը` մասնավոր ներդրումների շնորհիվ):

Աշխատունակ տարիքի բնակչության շրջանում ցածր է զբաղվածության մակարդակը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` գործազուրկների թիվը մեծ չէ. պատճառը, մեր դիտարկումներով, թաքնված կամ չգրանցված գործազրկությունն է:

Հստակ չէ նաեւ չգրանցված աշխատողների թիվը. ափամերձ հանգստյան տներում, օրավարձով տրամադրվող «դոմիկներում» աշխատող սեւանցիների մեծ մասն աշխատում է առանց գրանցման, սակայն իր աշխատանքային իրավունքների մասին խուսափում է բարձրաձայնել, որովհետեւ աշխատանք փնտրողներն «իրականում շատ են»:

«Հետքը» Սեւան քաղաքի բնակիչներին եւ տեղական իշխանության ներկայացուցիչներին հուլիս ամսին հրավիրեց հանդիպման` քննարկելու, թե ինչու պատշաճ կերպով չի զարգանում քաղաքը, երբ զբոսաշրջիկների եւ տեղացի հանգստացողների հոսքը Սեւանա լիճ ինչպես ամռան, այնպես էլ ձմռան ամիսներին չի դադարում:

Սեւանցիների մտահոգությունները կապված են բավարար կենսապայմանների բացակայության հետ: Ապրելով Սեւանա լճի հարեւանությամբ` նրանք իրենց այդ լճի «տերը չեն զգում», քաղաքը չնչին չափով է օգտվում Սեւանա լճի շրջակայքում ծավալվող բիզնես գործունեությունից եւ տուրիզմից գոյացող եկամուտներից, մշակութային եւ հանրային կյանքը միապաղաղ է: Ճարտարապետ Վիգեն Հակոբյանը, որը 15 տարի Երեւանում ապրելուց հետո բնակության է վերադարձել իր ծննդավայր Սեւան, քաղաքում ոչ մի փոփոխություն չի տեսնում, մինչդեռ, նրա կարծիքով, Սեւանա լիճը պետք է «լցներ ոչ միայն Սեւան քաղաքի, այլեւ Հայաստանի բյուջեի կեսը»: Պատճառը նաեւ այն է, որ առ այսօր Սեւանը պետականորեն չի ճանաչվել որպես զբոսաշրջային քաղաք, ինչպես Դիլիջանը, Ջերմուկը, Գորիսը կամ Ծաղկաձորը:

«Հետքը» գնաց սեւանցիների առաջադրած խնդիրների հետքերով, եւ ահա, թե ինչպիսին նրան ներկայացավ Սեւանը:

Այս թողարկման մեջ անդրադարձել ենք քաղաքի կոմունալ-կենցաղային խնդիրներին, տրանսպորտին, մշակութային կյանքին, համայնքի ֆինանսական միջոցներին եւ դրանց ծախսման արդյունավետությանը, էկոլոգիական խնդիրներին, որոնք ապագայում ազդելու են Սեւան համայնքի եւ նրա բնակչության կենսագոյության վրա: Իսկ հաջորդ թողարկման մեջ կներկայացնենք աղբահանության, քաղաքի զարգացման հեռանկարների, Սեւանը տուրիստական կենտրոն դարձնելու ծրագրերի, «Սեւան ազգային պարկ»-ի գործունեության մասին պատմող նյութեր:


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Sanjay Kumar Yadav10:01 - 18 սեպտեմբերի, 2017
I was in LAKE SEVAN in 1993. So beautiful place like paradise. I do know why Government or Municipality is not interested to develop this place. I think here is also big corruption. I think corruption is already harm ARMENIA a lot. God will help to SAVE ARMENIA,SAVE SEVAN.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։