HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանցի երեխաները առանց փոսերի խաղահրապարակ են ցանկանում

Դիանա ՂազարյանՍարո Բաղդասարյան

Սևան քաղաքում կա հինգ այգի և վեց խաղահրապարակ։ Քաղաքի բակային խաղահրապարակները մեծամասամբ անշուք են՝ չկան կարուսելներ, մարզասարքեր:

Սևանցի երեխաները բողոքում են խաղահրապարակների գրունտային հիմքից։ Ասում են՝ չեն կարողանում գնդակ խաղալ, ֆուտբոլի ցանցեր և հարմարություններ չկան, փոսերը շատ են, ընկնելիս շատ են վնասվում։

Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի փոխանցմամբ՝ անգամ մեծ ցանկության դեպքում բյուջեի միջոցներով չեն կարող բակային խաղահրապարակներ կառուցել, եղած գումարներն ուղղում են առաջնային խնդիրների լուծմանը։ Ասում է՝ կան բակային այգիներ և խաղահրապարակներ, որոնք մեծամասամբ բարերարների միջոցներով են կառուցվում։

Ինչպես հայտնում են Սևանի քաղաքապետարանից՝ 2015-2017 թվականներին բարերարի միջոցներով բարեկարգվել է Գագարին գյուղի այգին, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից 2016-ին բարեկարգվել է 4-րդ միկրոթաղամասի խաղահրապարակը։

Այս տարի քաղաքի 5-րդ միկրոթաղամասում կառուցվել է նոր խաղահրապարակ՝ կրկին բարերարների միջոցներով։

Մինչ տարեվերջ Սևանի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի միջնամասում նախատեսվում է կառուցել Պրահա-Վինոր այգին։

1980 թվականին կառուցված Սեւանի քաղաքային զբոսայգին (գտնվում է Սեւանի մայրուղու հարեւանությամբ, զբաղեցնում է 18.54 հա տարածք) այժմ չի շահագործվում՝ պայմանների բացակայության պատճառով: Այն այժմ ամայի տարածք է: Այստեղ է տեղակայված նաեւ զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված պանթեոնը:

Նախորդ տարի Սևանի քաղաքապետարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կնքվել էր պայմանագիր, որով ֆեդերացիան նախկին այգու տարածքի 1.5 հա-ի վրա պետք է կառուցեր արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ, իսկ համայնքապետարանը պարտավորվել էր իրականացնել օժանդակ շինությունների ու ցանկապատի շինարարությունը:

Տարածքն առանձնացվել է, պարկերով ռեզինանման հումք է բերվել արհեստական խոտածածկի համար, սակայն աշխատանքները դադարեցվել են՝ «ֆինանսական միջոցների բացակայության պատճառով»: Ֆուտբոլի ֆեդերացիայից խաղադաշտի ապագայի վերաբերյալ տեղեկություն ստանալու մեր փորձերն ապարդյուն էին:  

Սևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հնարավորության դեպքում՝ մասնավոր ներդրման, պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին կպատվիրեն այգու վերականգնման ծրագիր և կսկսեն այգու վերանորոգումը: Նաեւ` հավաստիացնում, որ հետագայում էլ այգին լինելու է հասարակական ժամանցի վայր եւ ծառայելու է համայնքի բնակչության հանգստի կազմակերպմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter