HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի ներհամայնքային ճանապարհների կառուցման և վերանորոգման համար 2,7 մլրդ դրամ է անհրաժեշտ

Դիանա ՂազարյանՍարո Բաղդասարյան

2010-2017 թվականներին Սևան քաղաքի փողոցների բարեկարգման համար հատկացվել է ավելի քան 706 մլն դրամ։ Այս գումարից 426 մլն դրամը հատկացրել է Սևանի քաղաքապետարանը, իսկ 280 մլն դրամը՝ Գեղարքունիքի մարզպետարանն ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը։ 

Չնայած հատկացված գումարներին` Սևանում անբարեկարգ փողոցներ դեռ շատ կան։ Սևանցիների համար ասֆալտապատումը քաղաքի բարեկարգման առաջնահերթություններից է։ 

Քաղաքի փողոցների և ներհամայնքային ճանապարհների ընդհանուր մակերեսը 61 հազար մետր է, որից  40 տոկոսը կամ 24 հազար մետրը դեռևս գրունտային է, միայն 60 տոկոսն է ասֆալտապատ։ 

Նոր կառուցապատման ենթակա են մոտ 24 հազար մետր երկարությամբ փողոցներ և ներհամայնքային ճանապարհներ, իսկ դրանց կառուցման համար, ըստ քաղաքապետարանի, անհրաժեշտ է 1,7 մլրդ դրամ։ Առկա ասֆալտապատ տարածքների վերանորոգման համար տեղական իշխանությունները հաշվարկել են 1 մլրդ դրամ։ Այսինքն՝ Սևանի ներհամայնքային ճանապարհների կառուցման և վերանորոգման համար անհրաժեշտ է 2,7 մլրդ դրամ: 

Ինչպես հայտնել են Սևանի քաղաքապետարանից՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում` մինչ տարեվերջ նախատեսված է բարեկարգել Սարգիս Սևանեցի փողոցը։ Դրա բարեկարգումը կարժենա 40 մլն դրամ։ Սևանեցու փողոցի որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում սրտնեղում էին, որ փողոցը բարեկարգելու խոստում տվել են նախկին և ներկա քաղաքապետերը, սակայն ապարդյուն՝ բացի փոսալցման աշխատանքներից այստեղ ոչինչ չի արվել։ 

Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հավաստում է՝ իր նախընտրական ծրագրում քաղաքի փողոցներն ու բակերն ասֆալտապատելն առաջնահերթություն և հրատապ խնդիր է: Ասում է՝ քաղաքում կան փողոցներ, որոնք կառուցվել են Սովետական Միության տարիներին և այդ ժամանակից ի վեր չեն բարեկարգվել: Մասնավորապես՝ Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի ճանապարհները, որոնք կառուցվել են 1960-ական թվականներին: Քաղաքապետի փոխանցմամբ՝ քաղաքում ունեն մոտ մեկ տասնյակ փողոցներ, որոնք տարիներ շարունակ շահագործվել և պահպանվել են փոսալցման աշխատանքների միջոցով: Այս տարվա մայիսին ևս այդ փողոցներում փոսալցման աշխատանքներ են կատարվել, որով «երկարացվել է այդ փողոցների կյանքը», մինչեւ բյուջեով հնարավորություն կունենան ամբողջովին ասֆալտապատել փողոցները: 

Քաղաքապետը կարծում է՝ քաղաքը զարգացնելու ծրագիրը նախ և առաջ պետք է սկսել ենթակառուցվածքները զարգացնելով. «Ես կարծում եմ՝ զարգացած քաղաք ունենալու համար պետք է ունենալ նորմալ պայմաններ: Եթե այսօր ճանապարհները նորմալ չլինեն, չլինի լուսավորության ցանց, չլինեն կանաչապատ տարածքներ, ինչի՞ց պետք է սկսենք զարգացումը: Մենք զարգացումը պետք է սկսենք մեր քաղաքի հիմնախնդիրներից, որ քաղաքում հիմնական կենցաղային խնդիրների մեծ մասը լուծման եզրին լինի, նոր մտածենք բիզնես ծրագրերի մասին»: 

Սարգիս Մուրադյանի փոխանցմամբ՝ կառավարությանը ներկայացրել են քաղաքի հրատապ խնդիրները, այդ թվում` ասֆալտապատման ծրագիրը: Կարծում է՝ այն կներառվի 2018-2019 թվականների կառավարության հրատապ ասֆալտապատման ծրագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter