HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Յոթ կառույց` մեկ շենքում

Սեւանում մշակութային կյանքն ակտիվացնելու հույսը երիտասարդների ինքնակազմակերպումն է

«Մշակույթը և մարդ արարածը կշեռքի երկու նժարին են։ Մենք ամբողջովին նյութականացվել ենք, մշակույթը աչքաթող ենք արել։ Հայաստանում մշակութային կյանքը կենտրոնացված է Երևանում: Սևանը Երևանից հեռու է 40-50 կմ, բայց տարբերությունը սար ու ձորի է»,-ասում է գրող, հրապարակախոս Հրաչ Բեգլարյանը:

Ճարտարապետ Վիգեն Հակոբյանն ավելացնում է. «Սևանն այս տարիների ընթացքում ավելի լուրջ քաղաք պիտի դառնար։ Քաղաքը պիտի լիներ մարդկանց ընդունելու, սպասարկելու, ժամանակակից զբոսաշրջության կենտրոն»:

Ըստ գրող, հրապարակախոս Հ. Բեգլարյանի` Սևանն այսօր գնալով «փոքրանում է»: «Երբ աշխատանքի անցա Սևան քաղաքում, այն ավելի լավ վիճակում էր: Հիմա ցավ եմ ապրում Սևանի համար,- ասում է գրողը, բայց նաև պնդում, որ քաղաքում մշակույթի գործիչներ, ակտիվ երիտասարդներ կան, ովքեր սեփական միջոցներով փորձում են առաջ շարժվել:- Մենք ինքներս ինչ-որ բան պիտի անենք. երիտասարդներն ինքնակազմակերպվելու հնարավորություն ունեն։ Որ փնտրենք, Սևանում շնորհալի երիտասարդներ կգտնենք: Հարկավոր է նյութական միջոցներ գտնել ու ակնկալիքներ ունենալ»։

Բեգլարյանը հիշում է, որ Սևանում ժամանակին ժողովրդական թատրոն է եղել, երգչախումբ է գործել, աշխատանքից հետո մարդիկ լիցքաթափվել են:

Իսկ հիմա Սևան քաղաքում գործող մշակութային միակ կենտրոնը «Սուրեն Զաքարյանի անվան համայնքային մշակույթի պալատն» է, որտեղ գործում են համայնքային մշակութային կենտրոնը, գրադարանների կենտրոնացված համակարգը, «Սևան ազգային պարկին» պատկանող երկրաբանության թանգարանը, արվեստի դպրոցը, վետերանների ակումբը, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնի մասնաճյուղը, բռնցքամարտի սենյակը, «Սևան երիտասարդական ակումբը»: «Հիմա քաղաքում հարմար տարածք չկա, այդ պատճառով էլ 7-ից ավելի կառույցներ տեղակայված  են նույն շենքում»,-ասում է մշակույթի կենտրոնի տնօրեն Իշխան Խաչատրյանը:

Մշակույթի կենտրոնը 500 տեղանոց դահլիճ ունի, սակայն տարվա մեջ 7-8 ամիս այն չի գործում ցրտի, խոնավության պատճառով: «Ինչ միջոցառում էլ լինի, ծնողը երեխային չի ուղարկի։ Լավ գիտենք Սևանի ցրտի մասին»,-ասում է Իշխան Խաչատրյանը, ապա ավելացնում, որ ձմռանը գազի վառարաններ են տեղադրում, փորձում տաքացնել դահլիճը: Տնօրենը ցույց է տալիս բեմի ետնամասում գտնվող ծռված անձրևատարները և ասում. «2002-ին վերանորոգվել է շենքի տանիքը, բայց նորից վերանորոգման կարիք ունի: Դահլիճում անձրևոտ եղանակին ստիպված մեծ տարաներ եմ դնում, որ անձրաջուրը հատակին չթափվի: Հույս ունեմ` վերանորոգման աշխատանքներից հետո երեխաների ու ծնողների ոգևորությունը կմեծանա»:

Մշակույթի պալատում 2016-ից վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Ըստ Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի` շենքի վերանորոգման համար պետբյուջեից 295 մլն դրամ է տրամադրվել. «Չեմ կարող ասել, թե ինչ ժամանակաշրջանում կավարտվի վերանորոգումը: Վերանորոգումը սկսվել է 2016-ին, այդ տարվա ընթացքում փոխանցվել է 41 մլն դրամ, իսկ 2017-ի համար փոխանցվել է 49 մլն դրամ»:

Իշխան Խաչատրյանը հավելում է, որ անհրաժեշտ է ոչ միայն շենքի վերանորոգում կատարել, այլև նոր տեխնիկայով ապահովել. «Հինգ տարեկան էի, որ այս բեմի վրա պարում էի, մինչև հիմա նույն տախտակներն են»:

Մշակույթի կենտրոնի տնօրենին մտահոգում է նաև աշխատողների ցածր աշխատավարձը: Ասում է` եթե մասնագետը լավ վարձատրվի, մշակույթն ավելի արագ կզարգանա:

[gallery id=605]

               «Մեկսենյականոց թանգարան»

Մշակույթի կենտրոնի շենքի ետնամասում է գտնվում «Սևան ազգային պարկի» ենթակայությամբ գործող այցելուների կենտրոնը, որտեղ ներկայացված են Գեղարքունիքի մարզի բուսական և կենդանական աշխարհի ցուցանմուշներ, նախաուրարտական դարաշրջանից մինչև մերօրյա կենցաղային իրեր: Այցելուների կենտրոնի մասին հուշող որևէ ցուցանակ Սեւան քաղաքում չկա, Սևանա լիճ այցելող զբոսաշրջիկներին հիմնականում զբոսավարներն են տեղեկացնում կենտրոնի մասին: Մինչև թանգարան հասնելը պետք է անցնել շինարարական աղբի միջով, բարձրանալ քարուքանդ եղած աստիճաններով: Այցելուների կենտրոնին մեկ սենյակ է հատկացված, որտեղ կողք-կողքի դրված են Գեղարքունիքի մարզի կենդանական ու բուսական աշխարհի ցուցանմուշները: Բավական է մի անզգույշ շարժում, և «Կարմիր գրքում» գրանցված «թռչունը» կարող է «տապալվել» գետնին:

Թռչունների և կենդանիների ցուցանմուշներն ապակիներով առանձնացված չեն, ապակե շրջանակների մեջ միջատներին արևի ճառագայթներից պաշտպանել է պետք, ջուր չկա, լուսավորությունը չի համապատասխանում սահմանված նորմերին, սակայն կենտրոնի տնօրեն Էմմա Քոչարյանը չի դժգոհում և հույս ունի, որ վերանորոգումից հետո ամեն ինչ կկարգավորվի: «Այսպիսի թանգարանի համար պետք է լավ պայմաններ լինեն»,-ասում է տնօրենը: 

Լուսանկարները` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter