Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Սևանա լճի գործոնը չի օգտագործվում Սևան քաղաքը զարգացնելու համար


Գրիշա Բալասանյան

Սևան ասելով` թե´ հայաստանաբնակները, թե´ արտասահմանցի զբոսաշրջիկները պատկերացնում են Սևանա լիճը, այլ ոչ լճից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Սևան քաղաքը: Լճի մոտակայքում փոքր հարցում կատարելով` պարզվեց, որ նույնիսկ հայերի զգալի մասը չգիտեին, որ քաղաքը մոտ է լճին, իսկ ոմանք առհասարակ չգիտեին, որ լճի անունով քաղաք կա:

Սևան քաղաքն ունի 24 հազարից ավելի բնակիչ, սակայն, լինելով զբոսաշրջային գոտում, ունի թերզարգացած տնտեսություն: Համայնքն իր ափամերձ տարածքներով հանգստի, առողջարանային բնակավայր է: Այն առանձնանում է ոչ միայն ջրային ռեսուրսներով, այլև բնապահպանական և մշակութային հուշարձաններով: Սակայն, այսօր քաղաք ասելով` պետք է հասկանալ միայն գլխավոր` Նաիրյան փողոցը, որտեղ կենտրոնացած է ամեն ինչ:

Սեւանում գերակշռում է փողոցային առևտուրը: Սակավաթիվ սրճարանները հրապուրիչ չեն, չկա աշխուժություն, քաղաքին բնորոշ եռուզեռ: Մութն ընկնելուն պես քաղաքը «քնում» է: Չկան զվարճանքի վայրեր, մշակութային միջոցառումներ: Զբոսաշրջային բիզնեսում Սեւանն ընդգրկելու առաջնային խոչընդոտը հյուրանոցների, հյուրատների բացակայությունն է: Օրավարձով բնակարան գտնելը եւս մեծ դժվարություն է այստեղ: Անշուշտ, նաև այս պատճառով են լիճ և կղզի այցելող զբոսաշրջիկները, այցելուները շրջանցում քաղաքը: Զբոսաշրջային օպերատորներն իրենց տուրփաթեթներում չեն ներառում քաղաքը, իսկ տեղական իշխանությունները տարիներ շարունակ քայլեր չեն ձեռնարկել ` քաղաքը հյուրերի համար ավելի գրավիչ դարձնելու: Փորձեցինք մի քանի տուրօպերատորներից պարզաբանում ստանալ, սակայն նրանք հրաժարվեցին ասել, թե ինչու են շրջանցում Սևան քաղաքը:

Վահրամ Կոստանյանը բնիկ սևանցի է, բայց ներկայումս ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Մի քանի տարի է` հայրենիք է այցելում որպես զբոսաշրջիկ: Վահրամի կարծիքով` Սևան քաղաքի ներկայիս վիճակը նորմալ է, եթե նայում է «ներսի» մարդու աչքերով, քանի որ ամբողջ երկրում է նույն վիճակը: Իսկ երբ նայում է զբոսաշրջիկի աչքերով, Սևան քաղաքը, բացի անունից, ոչ մի կապ չունի զբոսաշրջության հետ և պատահական չէ, որ զբոսաշրջիկը չի մտնում քաղաք, գումար չի ծախսում այստեղ. «Անունն է զբոսաշրջային քաղաք, բայց ոչ մի իմաստով դրան չի համապատասխանում»:  Նրա խոսքով, թե´ քաղաքի ներսում, թե´ Սևանի ափամերձ տարածքում միջազգային ստանդարտներին համապատասխանող որևէ ծառայություն չի մատուցվում, ավելին՝ որևէ տնտեսվարող չի էլ ցանկանում մոտենալ այդ չափանիշերին:

Վահրամը նշում է, որ ինչպես քաղաքի ներսում, այնպես էլ հարակից տարածքներում բյուջետային զբոսաշրջիկին հարմար որևէ ծառայություն չկա: «Եթե մարդն, ասենք, «Հարսնաքար» չի ուզում, հարմար բան է ուզում՝ միջին, կամ միջինից ցածր, գոյություն չունի: Ինչն էլ որ էժան է, շատ նողկալի վիճակում է գտնվում»,-ասում է Վահրամ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ եղածն էլ կենտրոնացած է հիմնականում ափամերձ հատվածում, իսկ քաղաքի ներսում ոչինչ չկա: Զբոսաշրջային կյանքը միայն ափամերձ գոտում է քիչ թե շատ աշխույժ, այն էլ՝ սահմանափակ տարածության վրա: «Ջրից 100 մետր հեռու էլ ոչ մի բան կապ չունի զբոսաշրջության հետ», -ավելացնում է Վահրամը:

«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանի կարծիքով` Սևան քաղաքում շատ աշխատանք պետք է տարվի, որպեսզի այն դառնա զբոսաշրջային քաղաք: Սևանը շարունակում է մնալ «խորհրդային» քաղաք, այստեղ ամեն ինչ «հին» է:

Գոհարը նշեց, որ քաղաքում նույնիսկ ցուցանակներ չկան անծանոթ մարդկանց ուղղորդելու համար: Իսկ եթե հայերեն չիմացող մարդը հայտնվի քաղաքի մի հատվածում, որտեղ լեզու իմացող չկա, ստիպված պետք է մնա «ավանդական» ձեռքով-ոտքով հասկացնելու հույսին:

Գոհար Մնացականյանը նույնպես Սևան քաղաքի զարգացմանը խոչընդոտող հանգամանք է համարում բյուջետային հյուրանոցների, հյուրատների բացակայությունը: Ասում է, որ ամռան ամիսներին մոտ 100 մարդ է իրեն զանգում, որպեսզի քաղաքի ներսում օրավարձով բնակարան կամ հյուրատուն գտնեն, բայց չեն կարողանում:

«Կան մարդիկ, ովքեր գերադասում են հանգիստը քաղաքում: Այստեղ ապրեն ու 10 րոպեում, ոտքով քայլելով, հասնեն ափ»,-ասում է Գոհար Մնացականյանը և հավելում, որ քաղաքի մի խումբ երիտասարդներ արդեն զբաղվում են հյուրատների, օրավարձով բնակարանների հարցով: Հավաքում են բնակարանների, առանձնատների բազա և համագործակցելով այլ անհատների հետ` տարբերակներ առաջարկում դրա կարիքն ունեցողներին: Նույնիսկ սեփականատերերի հետ աշխատանք է տարվում, որպեսզի կարողանան հաղորդակցվել օտարազգի հյուրերի հետ:

Քաղաքում եղած հյուրատների և օրավարձով սենյակների գները համեմատաբար ավելի մատչելի են: Հյուրատների գները սկսվում են 6000 դրամից, նախաճաշով՝ 8-9 հազար դրամ, իսկ օրավարձով տները սկսվում են 5-6 հազար դրամից:

Քաղաքում հանդիպեցինք Վաշինգտոնից որպես Խաղաղության կորպուսի կամավոր Սևան ժամանած Հաննա Հանթլիին: Նա քաղաքում աշխատելու է երիտասարդների հետ: Հաննան ավարտել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Արդեն 3 ամիս է, ինչ գտնվում է Սևան քաղաքում, սակայն դեռ 2 տարի էլ ապրելու է այստեղ: Այս կարճ ժամանակահատվածում հասցրել է սովորել հայերեն:

Հաննան պատմեց, որ զբոսաշրջիկների համար քաղաքն անծանոթ է: Մարդիկ, Սևան ասելով, հասկանում են միայն լիճը: Մինչդեռ Սևանը հարուստ պատմություն ունի, գործում է թանգարան, և այդ ամենը ճիշտ ներկայացնելու դեպքում մարդիկ քաղաք այցելելու հետաքրքրություն կունենան:

Հաննան կարևորում է երիտասարդական ներուժը և կարծում, որ տեղական բիզնեսը կարող է քաղաքը դարձնել զբոսաշրջային կենտրոն: Նրա  կարծիքով՝ Սևանն ավելի գեղեցիկ ու գրավիչ է, քան Դիլիջանը: Սակայն, ի տարբերություն Դիլիջանի, Սևանում ոչ հյուրատներ կան, ոչ հյուրանոցներ ու երիտասարդների համար զվարճանքի վայրեր: Այդ ամենը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում ներքին կյանքի վրա, և մարդկանց հետաքրքրությունը քաղաքի նկատմամբ կորչում է:

Իզաբել Մալեզը ամուսնու հետ Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել առաջին անգամ: Հետո այցելելու էին Վրաստան և Ադրբեջան: Նրանց հանդիպեցինք Սևանա լճի մերձակա հանգստյան գոտում:

Իզաբելը պատմեց, որ հեշտ չէր հյուրանոց գտնել: Նա հանդիպել էր այլ ֆրանսիացի, գերմանացի զբոսաշրջիկների հետ, որոնք նույն բանն էին ասել, որ լավ կլիներ տուրիստական մի գրասենյակ գործեր Սևանում տեղեկատվություն ստանալու համար: Սեւանի թերակղզու մոտ գործող տեղեկատվական կենտրոնի մասին չէին էլ լսել:

«Մենք զբոսանավ էինք փնտրում զբոսանքի համար, այստեղ-այնտեղ գնացինք, բայց լավ կլիներ մի կոնկրետ վայր լիներ տեղեկատվություն ստանալու համար: Նկատելի է, որ այստեղ շատ քիչ մարդ է խոսում օտար լեզվով, անգամ անգլերենով»,-ասում է ֆրանսիացի զբոսաշրջիկը:

Իզաբելը տեղյակ էր Սևան քաղաքի մասին: Ասաց, որ մեկ շաբաթ ապրել են Երևանում և Սևան էին եկել «մի փոքր օդ շնչելու»: Նշեց, որ բավականաչափ թանգարաններ են այցելել Երևանում, որոնք հիասքանչ էին: Սևան քաղաքի թանգարանի մասին չգիտեին, իմանալուց հետո որոշեցին այցելել:

Իզաբել Մալեզից հետաքրքրվեցինք՝ արդյոք կցանկանայի՞ն գիշերել Սևան քաղաքում և գալ լիճ լողալու: «Ավելի հեշտ է ափին, այստեղ լավ ենք շնչում, լավ ենք քնում, հաճելի է արթնանալ թռչունների դայլայլի ներքո»,- ասաց նա

Սևանի քաղաքապետարանն արդեն սկսել է աշխատանքներ տանել, որպեսզի զբոսաշրջիկներն ու այցելուները չշրջանցեն Սևան քաղաքը: Սևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Դավիթ Թորոսյանն ասաց, որ կենտրոնը գործում է արդեն 3 տարի: Աշխատում են ամռան ամիսներին: Շահառուներին ավելի մոտ լինելու նպատակով շարժական գրասենյակ են բացել Սևանավանքի մոտակայքում՝ թերակղզու տարածքում: Կենտրոնը թեև շատ ճանաչված չէ, բայց բաց ցուցափեղկը տեսնելուն պես զբոսաշրջիկները մոտենում և տեղեկատվական գրքույկներ էին վերցնում: Մեր այցելության ժամանակ մի խումբ իտալացի զբոսաշրջիկներ մոտեցան և, օտարալեզու տեղեկատվական գրքույկները վերցնելով, հեռացան:

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի նպատակն է խորհուրդներ տալ զբոսաշրջիկներին, այցելուներին, ուղղորդել, հանգստի ավելի հարմարավետ և մատչելի տարբերակներ առաջարկել: Զբոսաշրջիկների համար ամենամեծ դժվարություններից մեկը տաքսու վարորդների հետ շփումն է, որպեսզի չխաբվեն: Կենտրոնն այդ հարցում էլ է փորձում զբոսաշրջիկին օգտակար լինել` տեղեկացնելով իրական սակագների մասին, որ, օրինակ, կղզու տարածքից Երևան տաքսու գինը ոչ թե 100-150 դոլար է, այլ ընդամենը 8-10 հազար դրամ:

Դավիթը նշեց, որ տուրօպերատորներն իրենց հետ չեն աշխատում: Պատճառներից մեկն էլ այն է, որ կենտրոնն իրենց մրցակից են համարում:

Դավիթ Թորոսյանն ասում է, որ Սևան քաղաքը զբոսաշրջիկին ցույց տալու շատ բան ունի՝ խաչքարեր, լեռներ, բուսաբանական այգի, որտեղ այցելությունն անվճար է: Նույնիսկ այգու տարածքում անվճար Wi-Fi են անցկացրել, որ դա էլ մարդկանց գրավի: Սակայն, նրա կարծիքով, քաղաք-լիճ կապի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ այցելուների զգալի մասը չգիտի, որ քաղաքը 2-3 կմ է հեռու լճից:

Դավիթ Թորոսյանը նշեց, որ, օրինակ, նախորդ տարի Սևանավանք այցելել է մոտ 32,000 զբոսաշրջիկ, որոնցից միայն 500-ն է Սևան քաղաք մտել: Այս տարվա հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում Սևանի տեղեկատվական կենտրոնի ծառայություններից օգտվել է 2970 մարդ, որոնց զգալի մասը ժամանել է Իրանից` 256 հոգի, հայեր՝ 250 հոգի, Արգենտինայից՝ 200 հոգի և այլն: Ամենաքիչը կենտրոնի ծառայություններից օգտվել են Ուկրաինայից ժամանածները՝ 8 հոգի:

Դավիթ Թորոսյանի խոսքով՝ դժվար է մարդկանց համոզել ապրել լճից հեռու, թեև ներկայացնում են, որ քաղաքը մոտ է, այնտեղ համեմատաբար ավելի էժան է: Տարբեր ծրագրերով փորձում են հյուրատների ոլորտը խթանել՝ հույս ունենալով այդպես զարգացնել թե´ քաղաքային տուրիզմը, թե´ տեղական բիզնեսը:

Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը զբոսաշրջության զարգացման համար լուրջ խոչընդոտ է համարում իջևանատների, գիշերակաց տրամադրողների բացակայությունը Սևան քաղաքում: Հարցին` կա՞ որևէ բիզնես նախագիծ, որով կստեղծվեն հյուրատներ, իջևանատներ, քաղաքապետը հետևյալ պատասխանն է տալիս. «Ցավոտ հարց եք բարձրացնում: Այս պահին էլ ունենք մի քանի շահագրգիռ մարդիկ, որոնց հետ քննարկումների մեջ ենք: Սևան համայնքն իր հնարավորության սահմաններում աջակցելու է ցանկացած բարերարի, գործարարի, որ Սևան քաղաքում հնարավորության դեպքում և´ հյուրատուն կառուցվի, և´ հյուրանոց, և´ փոքր ու միջին ձեռնարկություններին զարկ տան, որպեսզի և´ խանութներ բացվեն, և´ աշխատատեղեր»: 

Տեսանյութը` Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։