Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հեռանկարներ, որ շրջանցում են Սևանն ու Սևանա լիճը. զրույց ակտիվ քաղաքացի եւ բնապահպան Աննա Շահնազարյանի հետ


-Որպես սևանցի՝ ինչպե՞ս եք վերաբերվում Սևանա լճի մակարդակի իջեցմանը՝ վերջերս արված օրենսդրական փոփոխություններին: 

Սևանա լճի մակարդակի հետ կապված, անշուշտ, կան խորքային ու մասնագիտական վերլուծություններ: Իմ մոտեցումներն ընդհանուր են՝ հիմնված ընդհանուր, հանրամատչելի գիտելիքների վրա: Պարզ է, որ ջրի մակարդակի բարձրացման հիմնարար և խորհրդային տարիներից սկսված շարժման դրդապատճառը և նպատակը էկոհամակարգի վերականգնում էր, այն, ինչը կորսվել էր: 90-ականների սկզբին ձկնապաշարն ահռելի ձևով շահագործվեց, գրեթե սպառվեց: Տարիներ կային, օրինակ՝ 10 տարի առաջ, ընդհանրապես հնարավոր չէր սիգ տեսակի ձուկ ձեռք բերել, ինչի պատճառով Բնապահպանության նախարարությունը մեծ գումարներ է ծախսում՝ մանրաձուկ լցնում, որպեսզի իբր վերականգնվի ձկնապաշարը: Բայց նույնիսկ սիգի ձկնապաշարի համար է էկոհամակարգը վատթարացել: Եթե նախկինում ջրի իջեցման պատճառով մենք ամբողջությամբ կորցրինք իշխանի ապրելավայրը, ապա արդեն մոտենում ենք սիգի բազմացման համար պայմանները կորցնելուն, որն ահռելի ծավալի սպառումը չէ: Հետևաբար, իմ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ իսկապես լիճը պետք է բերվի իր բնական վիճակին, որպեսզի լիճն ունենա ինքնամաքրման, ինքնակարգավորման, էկոհամակարգի վերականգնման հնարավորություն:

-Ի՞նչ տարբերություն եք զգում այժմյան և 20 տարի առաջվա Սևանի միջև՝ շուկաներում ձկան առկայության, սպառման և կենցաղում օգտագործման տեսակետից:

-90-ականներին, երբ ես երեխա էի, տնտեսական ճգնաժամի սկիզբն էր, և ձուկն իսկապես մեծ դեր ունեցավ պարենային ապահովման իմաստով: Իհարկե, մեծամասամբ այս տարածաշրջանի համար, բայց, կարծում եմ, որ այլ վայրեր նույնպես հասավ, և մսի փոխարեն ձուկն էր օգտագործվում, ու, իսկապես, անփոխարինելի էր: 2000-ականների կեսերից շատ ուժեղ պակաս եղավ: Շուկայում ձուկ չկար, եթե կար, ապա շատ թանկ էր: Դա վկայում էր այն փաստի մասին, որ մենք ուղղակի գերսպառել էինք ձկնապաշարը: Այդ ընթացքում՝ 1990-ականների վերջերին և 2000-ականների սկզբներին, բացի պարենային սպառումից, տեղի ունեցավ նաև սիգ տեսակի ձկան արդյունաբերական արտահանում: Այն ժամանակ ձուկը չորացնում, փաթեթավորում էին և արտահանում: Դա տևեց մի քանի տարի, ինչը ևս նպաստեց ձկնապաշարի վերացմանը: Ես իմ կյանքի օրինակով գիտեմ, որ էն, ինչ իմ մանկությունում էր՝ կապված Սևանա լճի, հանգստի և տարբեր հնարավորությունների առկայության և նաև ձկան հետ, հիմա չկա:

Երբ ես երեխա էի, հիշում եմ, որ հորս հետ տրանսպորտով հանգիստ գնում էինք քաղաքային լողափ, քաղաքային լողափից մինչև կղզի ընկած ամբողջ հատվածն ազատ լողափ էր՝ տարբեր անուններ ունեցող: Օրինակ՝ հիշում եմ «Զեփյուռը», ավազոտ ու հաճելի լողափեր էին, և կամաց-կամաց դրանք վերացան, կտրտվեցին և մասնավորեցվեցին: Սևանա լճի բարձրացման հարցը մեծապես կապված է Սևան քաղաքի, այս տարածքի ավազանի բնակիչների՝ այնտեղ տեղադրած տարբեր մանր տնակների, հանգստի օբյեկտների հետ, որոնք մասնավորեցվել են: Ասում եմ՝ մասնավորեցրել են, բայց դրանք, իհարկե, ժամանակավոր վարձակալության են տրվել, բայց, միևնույն է, գտնվում են մասնավորի ձեռքի տակ և հասանելի չեն: Փակ են, պիտի վճարես, բայց վճարելու համար այնքան վատթար վիճակ է հանգստի և ենթակառուցվածքների առումով, որ բան էլ չկա վճարելու. մի քանի քառակուսի մետաղական ձողեր, վրան կապած պոլիէթիլեն, և դրանք անվանում են բեսեդկա, և դրանց պետք է փող տալ, ինչ է թե` մեջը նստես, հաց ուտես:

Սևանի նկատմամբ իմ վերաբերմունքը պայմանավորված է մտահոգությամբ, թե ինչ ունեի ես և ինչ պիտի փոխանցեմ ինձնից հետո: Ինձ համար այդ դեգրադացիան շատ ակնհայտ է, և ինձ մոտ կա այդ մղումը՝ կանխելու, վերացնելու և վերականգնելու իր բնական ու մարդուն հասանելի վիճակը:

-Սևանցին զգո՞ւմ է, որ Սևանը նաև իրենն է, թե՞ ինչ-որ պատնեշ կա:

-Ես իրականում չգիտեմ՝ սևանցիներն ինչ են զգում ընդհանուր առմամբ: Ընդհանրապես, Հայաստանում բնության նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, և միանշանակ չէ ընկալումը, որ դա պահպանության ենթակա արժեք է: Դրա համար ես, օրինակ, իսկապես չգիտեմ` միգուցե կան սևանցիներ, որոնք համարում են, որ սա իրենց հասել է, և իրենք էլ պիտի հասցնեն իրենց սերունդներին, հետևաբար կա լուրջ վերաբերմունք: Բայց մյուս կողմից էլ, ես վստահ եմ, որ ինչպես որևէ տեսակի պրոպագանդա և բնության պահպանության փաստացի քաղաքականություն Հայաստանում, որն իրական կլինի, բնականաբար, պիտի բախվի և փորձի հաղթահարել կապիտալիզմը, չկա: Կարծում եմ, որ այստեղ էլ պիտի ազդեցություն ունեցող մարդիկ լինեն: Այն բնությունը, որն իմ հուզական ու կենսագրական աշխարհին է պատկանում, շատ կարևոր է: Չլինելով թեղուտցի կամ լոռեցի՝ ինձ համար կարևոր են նաև Թեղուտի անտառները, Ամուլսարի վրայով անցնող մուֆլոնները, ինձ համար ամեն ինչ էլ կարևոր է, բայց հատկապես Սևանը` որպես իմ բնակավայր և իմ կյանքի կարևոր հիշողությունների տեղ, առավել քան կարևոր է:

-Սևանցին գիտի՞, թե Ամուլսարի հանքավայրը Սևանա լճի վրա ինչպիսի ազդեցություն կունենա:

-Ամուլսարը գտնվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում: Սևանա լիճ բերված Արփա գետը սկիզբ է առնում Ամուլսարից: Սպանդարյան-Կեչուտ թունելը, մնացած բոլոր առուները սկիզբ են առնում Ամուլսարից: Այսինքն՝ Սևանի անմիջապես ջրագոյացման գոտին է: Սևանա լճի վրա ազդեցությունը պայմանավորված է հենց Արփա գետի, Որոտան-Արփա թունելի վրա ունեցած հանքի ազդեցությամբ: Եվ դա անհերքելիորեն գիտնականների, երկրաբանների, հիդրոլոգների գնահատականներում կա: Առաջին հերթին այն, որ Ամուլսարը ջրհավաք ավազանի մաս է կազմում, «Սևանա լճի մասին» օրենքով է ամրագրված: Երկրորդ՝ ազդեցությունը, հաշվարկները, բացասական ազդեցությունը և այլն: Եթե դու վերացնում ես գետի ու առուների ակունքը, բնականաբար, առաջացած բաց հանքն իր խոշոր խոռոչներով և այլնով մի տեղ հոսելու է հետո, ընդ որում՝ հոսելու է ստորոտն ի վար, ստորոտն ի վար էլ շարունակվելու է լցվել առուների մեջ, կամ անձրևից և ձնհալից բացհանքն ինքն է դառնալու ակունք: Եվ դա արդեն մի սարսափելի բան է, որովհետև գիտենք, որ բացված մակերևույթի տակ բոլոր ապարային միացություններն ու քիմիական նյութերը ջրի որակն ամբողջությամբ փոխում են:

-Չե՞ք հավատում «պատասխանատու հանքարդյունաբերությանը»:

-Չկա այդպիսի բան, և հենց այս օրերին էլ տարածվեցին նյութեր, շատ կարևոր հետազոտություններ, որոնք արվել են հենց «Լիդիանի» կատարած հետազոտությունների հիման վրա: Հեղինակավոր միջազգային փորձագետներ՝ կոնկրետ Ավստրալիայից, ուսումնասիրել են և միանշանակորեն պնդում են, որ հանքարդյունաբերության արդյունքում առաջացող շատ լուրջ պրոցեսի՝ կոչվում է թթվային ապարների դրենաժ, գնահատման, կառավարման մեխանիզմներ «Լիդիանը» չունի, և առնվազն 100 տարվա կառավարման մեխանիզմ, տեխնոլոգիա՝ պետք է լինեն պոմպեր, ավազաններ, հազար ու մի բան պիտի լինի, որը պիտի աշխատի առնվազն 100 տարի անընդմեջ, որպեսզի համակարգի այդ ամենը, սակայն ներդրման որևէ նախագիծ, սխեմա, հստակ տարանջատում չկա, թե ինչի համար է պատասխանատու ընկերությունը կամ այս երկրի կառավարությունը: Այս պարագայում «պատասխանատու հանքարդյունաբերություն» արտահայտությունը ամենաէժանագին գովազդային հնարքն է, որովհետև չի կարելի ինչ-որ բառ օգտագործելով՝ մտածել, որ այդ երևույթը գոյություն ունի: Սա միայն միջազգային, արտասահմանյան փորձագետների գնահատականը չէ: Հայաստանի ներսում էլ բազմաթիվ գիտնականներ հնչեցրել են հաշվարկային որոշ գնահատականներ: Իսկ կոնկրետ այս վերջինն անհերքելի է և տառացիորեն հիմնված է ընկերության ներկայացրածի վրա: Այսինքն՝ սա փաստում է, որ ընկերությունը չունի բավարար ծրագիր, հատկապես երկարաժամկետ պլան, կարողություն, որևէ տեսակի պայմանավորվածություն կառավարության հետ: Ընդամենը 10 տարվա շահագործման նախագիծ ունի, և ամենը, ինչը վերաբերում է այդ հանքին, 11-12 տարով է՝ ներառյալ հանքի փակմանը վերաբերող 2 տարուն: Ես էլ չեմ խոսում այն մասին, որ հանքի շահագործման կարևոր մաս հանդիսացող կարևոր տարածքն, ըստ էության, պոչամբար է և իրենց նախագծով անվանվում է տարրալվացման հարթակ, այսինքն՝ դա այն տարածքն է, որտեղ ցիանիդի միջոցով ոսկին զտվում է, մնացած ապարի մեջ պարունակվող բոլոր նյութերը լցվում են ու մնում են այդտեղ: Դրա կառավարման նախագիծը ներառում է հանքի շահագործումը սկսելուց 5 տարի հետո տարրալվացման հարթակի ջրերի արտահոսք, այսպես ասած՝ հեռացում դեպի Արփա գետ: Այսինքն՝ Վայոց ձորի մարզի Արփա գետն ի վար ամբողջ տարածքը՝ 8-9 համայնք, որոնք օգտվում են Արփա գետից, հաստատ թունավոր ջրի են բախվելու: Այս հարցերը չեն քննարկվում, և երբ մենք խոսում ենք թթվային դրենաժի ազդեցության մասին, այսինքն՝ երբ թթվայնացվում է ջուրը և դրա հետ մեկտեղ ոչ միայն ջրի որակն է փոխվում, այլ նաև ծանր մետաղներ են հասանելի լինում և նոր միացություններ են առաջանում, սա անմիջապես գալիս, լցվում է Սևանա լիճ: Ես ուզում եմ կոչ անել Սևան համայնքին, որպեսզի հանրային լսումներ նշանակվեն կոնկրետ Ամուլսարի և Սևանի հարցով, որովհետև Սևանա լճի հետ անմիջապես կապ ունեցող Լճաշեն գյուղի արտեզյան ջրերը սնում են Սևան քաղաքը: Այսինքն՝ մենք մեր ծորակներից խմում ենք Լճաշենի արտեզյան ջրերը: Եթե Սևանա լճի որակն է փոխվում, դրա հետ փոխկապակցված բոլոր ջրերն են փոխվում: Եվ պարտադիր չէ, որ այս ամենը զգալի լինի առաջիկա 5 տարիներին: Սրանք պրոցեսներ են, որ տարիների ընթացքում են լինելու, և այդ երկարաժամկետ հայացքն է, որ պարտադիր է քաղաքականության համար: Սա միայն լճի հարցը չէ, սա նաև Սևան քաղաքի խմելու ջրի հարցն է:

-Սևանի քաղաքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ քաղաքացի այդ հարցով հանրային քննարկում անելու համար չի դիմել իրեն: Եթե դիմեին, կկազմակերպվեր:

-Ուրեմն անպայման կդիմենք: Եթե նույնիսկ քաղաքապետարանն ինքը չկազմակերպի, Սևանի տարածքում կանցկացնենք այդ լսումները:

Իրականում Ամուլսարն ամենալուրջ խնդիրն է: Զանգվածային լրատվամիջոցները զավթված են, և դրանց ու պետական կառավարման մարմինների զավթված լինելու պարագայում քաղաքացու ուժն ու կարողությունները շատ թույլ են: Մնում է դուռ առ դուռ աշխատանքը, որի համար մեծ քանակությամբ ռեսուրսներ են պետք: Օրինակ՝ եթե խոսում ենք Ամուլսարի մասին, Ջերմուկում և Գնդեվազում մարդիկ դեմ են այդ հանքին, բայց մեկը կարող է լինել պետական ծառայող՝ սկսած ուսուցիչներից, վերջացրած համայնքապետարաններում ու բուժհաստատություններում աշխատող մարդկանցով, և իրենք գտնվում են մեծ ահաբեկման տակ: Որևէ բան, որը թույլատրված չէ պետական մարմինների կողմից, իրենք իրավունք չունեն ասել, գործողություններ անել: Սահմանափակված են: Եվ այդ մարդիկ լռում են իրենց աշխատանքը չկորցնելու համար: Նույնը Սևանին է վերաբերում: Օրինակ՝ 4 տարի առաջ Սեւանի ավազանի համայնքների մակարդակով հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունեցել, դատական հայցով դիմել են դատարան, որպեսզի այս տարածաշրջանի համայնքները ճանաչվեն ազդակիր համայնքներ Ամուլսարի հարցով: Իհարկե, դատարանը դրանք մերժել է: Պրոցեսներ տարվել են, բայց համաձայն եմ, որ դրանք զանգվածային չեն եղել: Իսկ զանգվածային լինելու համար դժվարությունները շատ են՝ հատկապես տոտալ միջավայրում դա շատ դժվար է անել:

Լրատվական մանիպուլյացիաներն այնքան ուժեղ են կազմակերպված կառավարության կամ նույնիսկ կորպորացիաների կողմից, որ շատ արագ այնպիսի թեմաներ են մտնում շրջանառության մեջ, կամ նույնիսկ լուր հանդիսացող նյութը ֆեյսբուքում վճարովի գովազդվող գրառում է հանդես գալիս: Օրինակ՝ ցանկացած պատգամավոր վճարում է, և ստացվում է, որ այդ պատգամավորի գրառումը ողջ ֆեսյբուքյան տիրույթում սկսում է տեսանելի դառնալ: Սա միայն այն պատճառով, որ դրա համար վճարվել է: Քաղաքացիական շարժման պարագայում դա քիչ իրատեսական է, որովհետև քաղաքացիական շարժումները չունեն այդ ռեսուրսները, երկրորդն էլ՝ գաղափարական իմաստով «Ֆեսյբուք» կորպորացիային այդքան փող չեն տա:

Բայց ոչինչ անհնարին չէ: Ես դեռ մեծ հավատ ունեմ, որ զանգվածային ժողովրդական մեծ շարժում կլինի ընդհանրապես բնապահպանական հարցերով, հանքերի և հատկապես Ամուլսարի հետ կապված, և պիտի անպայման շարունակենք այս պայքարը՝ բոլոր հնարավոր եղանակներն օգտագործելով:

-Որևէ իրատեսական ելք տեսնո՞ւմ եք:

-Իհարկե: Բոլոր հնարավորություններն իրականում կան: Ամուլսարի պարագայում իրավական հիմք կա: Մասնագիտական ու գիտական ողջ հիմքը կա, որը կարող է իրավական ճանապարհի համար հենք լինել: Պակաս է այն, որ մենք չունենք անկախ դատական համակարգ: Պակաս է այն, որ մենք ունենք լրատվամիջոցներ, որոնք գումարի դիմաց ընկերության գովազդն են տարածում: Նույնիսկ շատ բան մեզ հայտնի էլ չէ, թե տվյալ ընկերությունն իր PR-ն ինչպես է իրականացնում, որովհետև կարող է պարզվել, որ գործում է այնպիսի սխեմա, ինչպես, օրինակ, Ռումինիայում, որտեղ կորպորացիան գովազդային պայմանագրեր է կնքել լրատվամիջոցների հետ, և դա շատ ավելի ուշ է պարզվել: Լրատվամիջոցները գովազդը հեռարձակել են, բայց գովազդի պայմանագրում եղել է մի կետ, որ տվյալ ընկերության և գործունեության մասին լրատվամիջոցն իրավունք չունի որևէ բացասական կամ որևէ այլ տեղեկատվություն տարածել: Ռումինացի բնապահպանները բացահայտել և բարձրաձայնել են դա, ինչը նշանակել է, որ տոտալ, ամբողջապես միակողմանի վերաբերմունք է եղել կոնկրետ հանքարդյունաբերական թեմաներին: Այն ժամանակ, երբ Ռումինիայում ընթանում էին բազմահազարանոց ցույցեր ընդդեմ հանքի, դեռ կային լրատվամիջոցներ, որոնք ուղղակի չէին անդրադառնում, որովհետև եթե այդ լրատվամիջոցը լուսաբաներ այդ ցույցերը, ընկերությունը դատական կարգով այդ լրատվամիջոցին հասցնելու էր սնանկացման և փակման: Հիմա ես չգիտեմ՝ «Լիդիանն» ինչպես է իր գովազդը պատվիրում, ինչ պայմանավորվածություններ ունի առանձին հեռուստաընկերությունների, լրատվական կայքերի հետ: ԶԼՄ-ներում պարբերաբար կարելի է տեսնել գովազդային բնույթ ունեցող նյութեր ոչ միայն «Լիդիանի», այլև՝ այն անձանց մասին, որոնք առնչություն ունեն «Լիդիան»-ի հետ եւ դրանով դրական կարծիք են ձեւավորում ընկերության մասին: «Լիդիանի» բաժնետերերի ցանկում մի շարք սփյուռքահայ գործարարներ կան, որոնք հայտնի են նաև որպես բարերարներ և որոնց ֆինանսական աջակցությունը հասնում է նաև որոշ լրատվամիջոցների։ 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) նույնիսկ միշտ դրական է արտահայվել «Լիդիանի» նախագծի առնչությամբ: Այսինքն՝ մենք գործ ունենք մի վերահսկող համակարգի հետ, որի կենտրոնում կորպորացիան է, և որը փոխկապակցված է կառավարության հետ:  

Համարել, որ «Ամերիաբանկը» կարող էր հենց այնպես խոստանալ և տալ խոշոր գումար այս հանքին, պատահականություն չէ: Պատահականություն չէ, որ «Ամերիաբանկի» բաժնետեր Ռուբեն Վարդանյանի Idea հիմնադրամը իր ռազմավարական ուղղություններից մեկը համարում է հանքարդյունաբերությունը, մի բան, որ իր նախորդ հիմնադրամներում չի եղել:

Սեւանի նախկին ալրաղացը

-Ինչպիսին եք տեսնում Սևանի ապագան:

-Իմ կապվածությունը Սևանի հետ շատ ուժեղ չէ, որովհետև ժամանակիս մեծ մասն անց եմ կացնում Երևանում, և մասնակցությունս ավելի ակտիվ բնապահպանական հարցերի ժամանակ է լինում: Բայց դա չի նշանակում, որ ես չունեմ պատկերացումներ Սևանի հետ կապված: Սևանը ունի շատ մեծ ու բազմատեսակ հնարավորություններ: Երբ ես լսում են համայնքապետարանի ներկայացուցիչներից, որ ռեսուրսներ չկան, փող չկա և այլն, անշուշտ, բյուջեի և հարկերի հավաքման իմաստով այստեղ տխուր վիճակ է, բայց այս տարածքն ու ընդհանրապես Հայաստանում տեղական ինքնակառավարումը ինքնակազմակերպվելու և ահռելի գործեր անելու մեծ պոտենցիալ ունի, և ես այդ հեռանկարը միանշանակ տեսնում եմ, նախ՝ Սևանա լճի ավազանում տուրիզմի կազմակերպման իմաստով շատ լուրջ քաղաքականություն մշակելու հարցում, որը կլինի իսկապես բնապահպանական և տնտեսական: Այդպիսի բան չկա, կարծես թե ցանկություն էլ չկա: Բայց, միանշանակ, հնարավոր է և´ մասնավորից ազատել, և´ վարձակալություններից հանել, և´ ուրիշ սխեմաներ ներդնել, և´ տեղի բնակիչների տնտեսական շահը պաշտպանել, և´ կազմակերպել մարդկանց համար, բնության համար ոչ վտանգավոր հանգիստ: Ես պատկերացնում են նաև տուրիզմի ձմեռային որոշակի ձևեր, թեկուզ դահուկային ուղիներ մշակել և այդպիսի տուրեր կազմակերպել հատկապես Սևանի երկայնքով, շատ սիրուն կլինի: Միշտ մտածել եմ, որ Թեղուտի հանքը պիտի փակվի և կառուցված գործարանի տարածքն օգտագործվի որպես ժամանակակից արվեստի մեծ կենտրոն, նույնիսկ տարածաշրջանային առումով, քանի որ լինելով սահմանակից Վրաստանին` հաստատ շատ լավ բան կլինի: Սևանի պարագայում էլ մտածում եմ, որ Ալրաղացի խոշոր կոմբինատի տարածքում, որը դատարկ է, առնվազն տարին մեկ կարելի է մեծ երաժշտական փառատոն անցկացնել:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։