Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Սևանի միակ ներքաղաքային տրանսպորտի ուղեւորագիծը փակման վտանգի առաջ է


Սևան քաղաքի ներքաղաքային միակ երթուղին՝ թիվ 1-ը, հնարավոր է` փակվի: Պատճառն այն է, որ երթուղին շահագործող «Ռաֆֆի-Սերինե» ՍՊԸ-ն լուրջ վնասներ է կրում: Ընկերութան հիմնադիր Ատոմ Դավթյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խնդրել են Սևանի քաղաքապետարանին, որպեսզի ընկերությանը սուբսիդավորեն, երթուղին շահագործումից դուրս չգա, սակայն քաղաքապետարանը ֆինանսական հնարավորություններ չունի:

«Գիծը չի արդարացնում բացարձակ: Պասաժիր չկա, և այդ գիծը երևի շուտով փակվի: Այլ թաղամասերով հնարավոր չէ երթևեկել, որովհետև պասաժիր գոյություն չունի: Կենտրոնական փողոցը եթե չի արդարացնում, մյուս փողոցները ո՞նց կարդարացնեն»,-ասում է Ատոմ Դավթյանը՝ հավելելով, որ միայն կենտրոնական փողոցով են երթևեկում, քանի որ քաղաքի մյուս ճանապարհները վատ վիճակում են:

Սևանի միջքաղաքային միկրոավտոբուսային երթուղին սկսվում է Վ. Կարապետյանի անվան հրապարակից, ապա Սևանի հոգեբուժական հիվանդանոցով, Նաիրյան, Խաղաղության փողոցներով, Երևանյան խճուղիով հասնում է Սևանի թերակղզու հրապարակ: Երթուղու ամբողջ երկարությունը 9 կիլոմետր է, տևողությունը՝ 25 րոպե:

Սևանի քաղաքապետի 2017թ. փետրվարի 27-ի թիվ 74-Ա որոշման համաձայն` օրվա ընթացքում պետք է իրականացվի ներքաղաքային 14 չվերթ՝ առավոտյան 8:00-ից մինչև երոկոյան 18:30-ը:

Երթուղու մրցույթը կայացել է 2014թ., և «Ռաֆֆի-Սերինե» ՍՊԸ-ն իրավունք ունի երթուղին սպասարկել մինչև 2018թ. մայիսի 1-ը: Ատոմ Դավթյանը նշեց, որ մրցույթին մասնակցել են երկու միկրոավտոբուսով, սակայն ուղևորահոսքի պատճառով օրական մեկ միկրոավտոբուս է աշխատում:

Նա նշեց, որ մրցութային ուղևորավարձը 100 դրամ է եղել, սակայն քաղաքի ներսում ուղևորափոխադրում են իրականացնում 50 դրամով:

«Բացարձակ չի արդարացնում: Ուղղակի, որ ասում են` ամոթու ընկել է մեր վզով, քշում ենք, այդքան բան: Ստիպված ենք քաղաքի ներսում 50 դրամով քշել, որովհետև եթե ասենք 100 դրամ, ընդհանրապես պիտի գիծը փակենք»,-ավելացրեց ընկերության հիմնադիրը:

Բացի այն, որ ուղևորների թիվը կտրուկ նվազել է, դրան գումարվում են նաև գյուղեր գնացող երթուղայինները, որոնք շարժվում են նույն երթուղով, որով Սևան քաղաքի թիվ 1 երթուղին: Դարձյալ տուժում է ներքաղաքային երթուղին:

Եթե ներհամայնքային երթուղին փակվի, և նոր մրցույթ չհայտարարվի, կտրվելու է կապը Սևան քաղաքի և դրա վարչական տարածքի մեջ մտնող Ցամաքաբերդ թաղամասի միջեւ: Մարդիկ թերակղզի գնալու համար ստիպված են լինելու օգտվել տաքսի ծառայություններից:

Ընդհանրապես, Սևան քաղաքի ներքաղաքային տրանսպորտը բավականին անհարմար է ոչ միայն բնակիչների, այլեւ հատկապես քաղաքի հյուրերի համար: Ամեն ինչ կենտրոնացած է գլխավոր` Նաիրյան փողոցի վրա: Քաղաքի մյուս փողոցներն իրար կապող փոխադրամիջոց չկա: Նույնիսկ գյուղեր գնացող երթուղիները չեն սպասարկում քաղաքի մյուս փողոցները: Մարդիկ ստիպված են ոտքով հատել ճանապարհը, գալ կենտրոնական փողոց և նոր միայն օգտվել հասարակական տրանսպորտի ծառայություններից: Տարեցները և հաշմանդամություն ունեցող մարդիկ այդ առումով լուրջ դժվարություններ են ունենում:

Երբ զրուցում էինք սևանցիների հետ, նրանք գրեթե չէին դժգոհում: Արդեն հարմարվել են: Սակայն, ոմանք հարց էին բարձրացնում, որ միկրոավտոբուսային երթուղին շատ անհարմար փոխադրամիջոց է, և ժամանակն է անցնելու ավելի «մարդկային» փոխադրամիջոցների:

Զվարթ Ալավերդյանն ապրում է հարևան գյուղում, սակայն հաճախ է լինում Սևան քաղաքում: Նա ասաց, որ գրեթե չի օգտվում «գազելներից»` պատճառաբանելով. «Ինչ տրանսպորտ է, որ օգտվենք»: Տիկնոջ կարծիքով, ավելի հարմար կլիներ, եթե միկրոավտոբուսները փոխարինվեին ավտոբուսներով, որոնք ավելի հարմարավետ են և ազատ:

«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանն էլ հարց բարձրացրեց, որ Սևան-Երևան երթուղին աշխատում է մինչև երեկոյան ժամը 17:00-ը, և հատկապես ամառվա ամիսներին անհարմարություն է առաջանում:

Սևան քաղաքում մշակութային կյանքը զարգացած չէ, և եթե երիտասարդները որոշում են գնալ Երևան կինո կամ թատրոն, ապա ստիպված են վերադառնալ տաքսի ավտոմեքենաներով, որի արժեքը 7-10 հազար դրամ է, իսկ երթուղին սպասարկվում է 600 դրամ ուղեվարձով:

Սևանի ավտոկայանի պետ Սերժիկ Բաղդասարյանն ասաց, որ ոչ մի ուղևոր դրսում չի մնում, կապված ուղևորահոսքից` իրենք սպասարկում են նաև ժամը 17:00-ից հետո, և ուղևորները գոհ են: Նրա խոսքով՝ հատկապես ամառվա ամիսներին երկար են աշխատում, որպեսզի դժգոհողներ չլինեն:

Լուսանկարներն ու տեսանյութը` Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Մարտիկ14:27 - 13 սեպտեմբերի, 2017
Դուք էլ բանի մասին եք գտել գրելու։ Թումանյանի տուն թանգարանի խայտառակագույն դեպքին ո՞նց էոր չեք արձագանքում, հարգելի Հետք։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։