HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի առաջին տունն ու հիմնադիրը

Իսայ Երշովը 1842-ին իր տունը կառուցել է Սևանի ափին: Երշովի տունը Սևանա լճից այն ժամանակ բաժանում էր միայն փողոցը: Հետագայում լիճը Բալզակի Շագրենի կաշվի նման փոքրացավ՝ հեռվում թողնելով Սևանի ափին կառուցված առաջին տունը:

Սևան քաղաքի կենտրոնական` Նաիրյան փողոցի քարե տների շարքում առանձնանում են հատ ու կենտ փայտե տներ:

Պատուհանների փայտյա փականներն ու շուրջբոլորը քանդակված նախշերը հուշում են այստեղ 19-րդ դարի ռուսական ճարտարապետության ներկայության մասին:

Կանաչ պատշգամբովը Սևանում կառուցված առաջին տունն է, որն առ այսօր պահպանվել է և դարձել Սևան քաղաքի, այն ժամանակ` Ելենովկա ավանի պատմության վկայությունը: Դա Ելենովկայի հիմնադիր, ռուս Իսայ Երշովի տունն է:

Այն մասնակի վերափոխվել է, սակայն հիմնական տեսքը պահպանվել է` շնորհիվ կաղնու ամուր հենասյուների: Իսայի ժառանգները զարմանում են, թե որտեղից են կաղնի հայթայթել իրենց նախնիները, եթե մոտակայքում կաղնի չի աճել: Այդ կաղնե գերանների վրա դժվարությամբ է մեխ խփվում: Սևանի բնագիտական թանգարանում պահպանված մակետը հուշում է, որ կղմինդրե ծածկը փոխարինվել է սովորական շիֆերով:

Տան մի մասը տարբեր պատճառներով տրվել է այլ անձանց, սակայն հիմնական մասում դեռևս ապրում է Իսայ Երշովի թոռը՝ Վերա Մարգարյանն իր դստեր՝ Էվելինա Գյուլնազարյանի հետ:

Թեկուզ մայրն ու դուստրը հյուրընկալում են մեզ իրենց տանը, ներկայացնում նախնիների՝ Սևանում հաստատվելու պատմությունը, սակայն լուսանկարվել չեն ցանկանում: Տեղացիներն ասում են, որ Սևանում մնացած ռուսները, ավելի ստույգ՝ մոլոկանները փոքր-ինչ փակ են և դժվար են շփվում իրենց հետ: Երշովի ժառանգները պնդում են, որ իրենց պապը ոչ թե մոլոկան, այլ սուբոտնիկ է եղել:

Երբ Ցարական Ռուսաստանը «մաքրում» էր երկիրը աղանդավորներից, ասել է թե՝ անհավատ մոլոկաններից և հրեաքրիստոնեական շարժման հետևորդներից, որոնց կոչում էին «սուբոտնիկներ», նրանց մի մասն արտաքսվում է Կովկաս: Սուբոտնիկները 18-րդ դարի վերջում Ցարական Ռուսաստանում առաջացած հրեադավան աղանդի հետեւորդներ էին, որոնք չէին ընդունում Քրիստոսին, ընդունում էին թլպատումը, հրեաների նման շաբաթ օրը հանգստին էին տրամադրում:

1842 թվականին սուբոտնիկ Իսայ Երշովն էլ եկավ, պրպտեց և բնակության համար հարմար վայր համարեց Սևանա լճի հարակից տարածքը, որտեղ ջուրն ու ձկնորսությունը կեցության համար լավ նախապայման էին:

Ցարական Ռուսաստանի վարած կրոնական կոշտ քաղաքականության հետևանքով 1800-ական թվականներին Տամբովի գավառից դեպի Կովկաս արտաքսվեց ռուսական ուղղափառ եկեղեցուց անջատված աղանդավորների մի խումբ, որոնք ավելի հայտնի են որպես մոլոկաններ: «Մոլոկան» անունը տրվել է դեռևս 1765 թվականին: Այդ անվանումը կապված է ավետարանական «հոգևոր կաթի», ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորության հետ:

Կովկասում վերաբնակեցված մոլոկաններից շատերը հաստատվեցին այն ժամանակ արդեն Ռուսական կայսրության մաս կազմող Արևելյան Հայաստանի գավառներում: 1830-40-ական թվականները համարվում են Հայաստանում ռուսական գյուղերի ստեղծման ակտիվ ժամանակաշրջան: Այդ գյուղերի ստեղծման համար հիմնականում ընտրվում էին սարահարթային, ծովի մակարդակից 1500 մետր և ավել բարձրություն ունեցող տարածքներ, ինչպես նաև այնպիսի կլիմայական պայմաններ, որոնք եղել են մոլոկանների հայրենի բնակավայրերում:

1841 թվականին մոլոկանների մի խումբ հաստատվեց Սևանա լճին հարակից տարածքներից մեկում և հիմնեց Ելենովկա գյուղը, որն անվանվել էր ի պատիվ Պավել 1-ին ցարի դստեր՝ Ելենա Պավլովնայի: Սկզբնական շրջանում նրանց համար հեշտ չի եղել, սակայն այդ դժվարին ժամանակաշրջանում նրանց օգնություն է ցուցաբերել Կովկասի փոխարքա Միխայիլ Վորոնցովը: Ելենովկան հիմնած մոլոկաններն իրենց հետ բերել են նոր աշխատանքային գործիքներ, գյուղատնտեսություն վարելու նոր մեթոդներ: Ելենովկան այդ տարածաշրջանում աշխուժացրել է փոստային ճանապարհները, ինչպես նաև խթանել է Սևանա լճում ձկնորսության ծավալների մեծացմանը, չնայած այդ ժամանակ ձկնորսության համար խիստ կարգ էր սահմանված: Ձկնորսության ժամանակահատվածում Ելենովկա էին ժամանում բազմաթիվ գնորդներ նույնիսկ Էրիվանի, Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահանգներից: Ինչպես տարածաշրջանի մյուս ռուսական գյուղերում, Ելենովկայում նույնպես կար փոստատուն, կալանավայր, ոստիկանության զորքեր, ինչպես նաև ճանապարհների սպասարկման համար նախատեսված տնակներ: 

Ելենովկան շատ կարևոր նշանակություն է ունեցել նաև 1877-1878 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: 

Մասնավորապես` այդ ժամակահատվածում զինվորների սննդի, ռազմամթերքի և այլ անհրաժեշտ իրերի փոխադրման համար մոլոկանները տրամադրել են հազարավոր ձիեր, ինչի համար ընդհանուր առմամբ ստացել են 1,5 մլն ռուբլի, ինչն այդ ժամանակ հսկայական գումար էր:

Ռուս-թուրքական պատերազմի տարիներին Ելենովկայում բացվել են ժամանակավոր հոսպիտալներ և լազարեթներ: Բացի դրանցից, մարդիկ իրենց տներում նույնպես ընդունել են վիրավոր զինվորներին և փորձել օգնություն ցուցաբերել:


Իսայ 
Երշովի տունը. կառուցվել է 1842-ին:

Մինչ Անապայից Հայաստան գալը Իսայ Երշովը սկզբում ներկայիս Ադրբեջանի տարածք է գնացել, սակայն պայմանները բարենպաստ չեն եղել, և Երշովը որոշել է շարունակել ճանապարհը դեպի Հայաստան: Մի ձմեռ Հայաստանի այլ տարածքներում անցկացնելուց հետո հայտնաբերել է Սևանի ափամերձ վայրը և որոշել վերջնականապես հաստատվել այդտեղ: Եկել են նաև Իսայի եղբայրները: Սկզբում 3 տուն են կառուցվել, հետո ռուսներն, այդ թվում՝ մոլոկաններն են եկել և Ելենովկա գյուղատեղիի հիմքը դրել:  

Ձկնորսությունը, անասնապահությունը, հողագործությունը Ելենովկայի բնակիչների հիմնական զբաղմունքներն են եղել: Տարածաշրջանում մեծ համբավ են վայելել Իսայ Երշովի ձիերը: Ջուր խմելու համար դեպի Սևանա լիճ նրանց գեղեցիկ վարգի մասին ժառանգներն իրենց ծնողներից են լսել: Երշովի ձիերի վարգը չխոչընդոտելու համար մարդիկ մի կողմ են քաշվել ճանապարհից: Երշովի ժառանգները պատմում են, որ իրենց պապը հայտնի էր որպես հովատակներ բուծող, որոնց առաքում էր ԽՍՀՄ-ի ներքին գործերի ժողովրդական կոմիտե:

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Երշովին կուլակաթափ են արել, թողել միայն ներկայում պահպանված տունը: Վրա հասած սովը կազմալուծել է ընտանիքը, իսկ Երշովը վարակվել է տիֆով և մահացել` 60 տարին չբոլորած:

Ելենովկան անմասն չի մնացել նաև հեղափոխական շարժումներից: 1900-ական թվականներին, երբ բոլշևիզմը նոր էր ասպարեզ մտնում, նրա գաղափարները տարածվել էին նաև Ելենովկայում: Թիֆլիսից և Բաքվից բոլշևիկները արգելված գրականություն էին ուղարկում ռուսական գյուղեր, և դրանցից մեկը 1905 թվականի հունիսին հասել է Ելենովկայի բնակիչ Իոն Շեդրինին, ով էլ իր հերթին այդ գրականությունը տարածել է հարակից գյուղերում և քաղաքներում:

Ելենովկայի բնակչությունը մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը տարեցտարի աճել է: 1851 թվականին հարկ վճարող տնտեսությունների քանակը իմանալու համար մարդահամար անցկացվեց Հայաստանի ռուսական գյուղերում: Ըստ արդյունքների՝ այդ ժամանակահատվածում Արևելյան Հայաստանում կար 16 ռուսական գյուղ, որոնցից 12-ը աղանդավորական, իսկ 4-ը՝ ուղղափառ: Ելենովկան Հայաստանի ամենամեծ ռուսական գյուղերից էր: 1851 թվականին այն ուներ 108 տնտեսություն կամ 550 բնակիչ, որոնցից 281-ը՝ տղամարդ, իսկ 269-ը՝ կին:

Ըստ 1886 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղում ապրում էր 1226 մոլոկան: 1897 թվականին անցկացված համառուսաստանյան առաջին մարդահամարի արդյունքներով՝ Ելենովկայի բնակչությունը աճել էր՝ հասնելով 1371-ի, իսկ 1916-ի տվյալներով՝ գյուղն ուներ 1558 բնակիչ և համարվում էր Հայաստանի՝ մեծությամբ 4-րդ ռուսական գյուղը: Իսկ արդեն 1926 թվականի ԽՍՀՄ մարդահամարի արդյունքներով ամբողջ Նոր Բայազետի գավառի ռուսական բնակչությունը կազմում էր ընդամենը 801 հոգի:

1935 թվականին Ելենովկա գյուղը վերանվանվեց Սևան, որը 1961 թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ:

Աղբյուրը` И. Ю. Семенов, Русские в истории Армении.

Մեկնաբանություններ (3)

Գրիգոր Մանուկյան
Արվեստի մարդ եմ, սիրում եմ Սևանը և կուզեյի իմ քանդակները այնտեղ իրագործել... Հարգանքով՝ Գրիգոր
Աշոտ
Դուք ձեր գրածը կարդացել ե՞ք։ Ոնցա կարելի այդպիսի հիմարություն գրել։ Եթե Երշովի տունը կառուցվել է 1842 թ. , իսկ Երշովը մահացել է 60 տարեկան հասակում, ոնց կարար Երշովը ինչոր բան առաքել ԽՍՀՄ որև կոմիտեի։ Ի միջայլոց ոչ թե ԽՍՀՄ ներքին գործերի կոմիտ է, այլ ներքին գործերի կոմիսարիատ։ Բացի դա ոնց կարային Երշովին 1930 ականների կուլակաթափ անեյին եթե նա արդեն վաղուց մահացելեր։ Եթե ընդունենք որ Երշովը իր տունը սարքելուց 1842 թվականին եղել է մոտավորապես 30-35 տարեկան, դա նշանակում է, որ նա մահացել է մոտավորապես 1870-1875 թվերի, եթե ճիշտ է, որ նա մահացել է 60 տարկան հասակում։
Աշոտ Ղազարյան
18-րդ դարում Ադրբեջան չի եղել, եթե խոսկը գնում է Պարսկաստանի տարածաշրջանի մասին ապա հստակեցրեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter