HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավելյալ ջրառից մինչև Ամուլսար. պաշտոնյաների անառիկ ամառանոցներն ու ջրասույզ օբյեկտները` Սևանա լճի ափին

Սևանա լճի այն հատվածում, որտեղից սկիզբ է առնում Հրազդան գետը, առկա շինությունները ջրով են ողողված: Ջրի տակ են հայտնվել քարե կառույցներ` հանգստյան տներ, հանգստի կազմակերպման օբյեկտներ, ռեստորաններ ու երկաթե, փայտե տնակներ: Այդ տարածքում հայտնի է ջրի տակ հայտնված «Լավանդա սիթի» թաղամասը:

«Հարսնաքար» չհասած՝ Սևանա լիճ տանող M4 մայրուղուց աջ իջնող ճանապարհը տանում է դեպի ջրի տակ հայտնված այդ հատվածը: Ճանապարհն էլ է արդեն ջրի տակ մնալու վտանգի տակ՝ չնայած փորձ է արվել բետոնով խոչընդոտել ջրի առաջընթացը: Սևանից սնվող և իրենից զատ մի ճահճացած լճակ է առաջացել «Լավանդա»-ի ներքևում:

Տարածքում երկաթե տնակներ են ապամոնտաժվում: Սակայն լճափին անառիկ են մնացել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ կողք-կողքի կառուցված ամառանոցները: Լիճը կարծես շրջանցել է նրանց ցանկապատված տարածքները:

Ավելի ճիշտ՝ դղյակների տերերը բետոնապատել և բարձրացրել են իրենց ամառանոցները, որպեսզի Սևանա լճի մակարդակից փոքր-ինչ բարձր լինեն: Սևանա լճի մակարդակի չնչին բարձրացումը կարող է վտանգավոր լինել նաև Ծառուկյանի եւ Հայրապետյանի ամառանոցների համար: Սևանա լճի մակարդակը, հուրախություն այս և մյուս ամառանոցատերերի, այս տարի որոշվեց իջեցնել, որովհետև վտանգն իրապես մոտ էր:

2016թ. հունիսի 19-ին, 2015 թվականի նույն օրվա դրությամբ, Սևանա լճի ջրի մակարդակն ավելացել է 16 սմ-ով, իսկ 2017թ. հունիսի 19-ին 2016թ. նույն օրվա դրությամբ՝ ևս 18 սմ-ով: Այս վիճակագրությունը տեղ է գտել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի հիմնավորման հավելվածում:

Երկու ամիս առաջ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հապճեպ ներկայացվեց և ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Դրանով փոփոխվեց Սևանա լճից ջրի տարեկան բացթողնման ծավալը՝ 170 մլն խմ-ից դարձնելով 270 մլն խմ: Այսինքն՝ 100 մլն խմ-ով ավելի շատ ջուր է բաց թողնվելու, քան սահմանված էր նախկինում:

Նախագծի հավելվածում ջրառի ավելացումը հիմնավորված է նրանով, որ այն նպատակաուղղված է 2017թ. Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տվյալներով՝ 2016թ. համեմատ 2017թ. գրանցվել է գետերի շուրջ 20% սակավ ջրատվություն: Հետևաբար, «առկա և առաջիկայում սպասվելիք բարձր ջերմաստիճանի հետ կապված, բնականաբար, կմեծանա նաև ջրի պահանջարկը: Դա կպահանջի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առավել ջրամատակարարում»:

«Եղել են տարիներ, երբ լճից 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի՝ պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, որն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար առաջացրել է չնախատեսված նոր ֆինանսական պարտավորություններ»,- նշվել է նախագծի հիմնավորման մեջ:

Բնապահպաններն ու ակտիվիստներն անմիջապես բոյկոտեցին այս փոփոխությունները` դրանք պայմանավորելով մասնավոր անձանց շահերով. մեկ, որ Սևանա լճի ափի դղյակներն են փրկում, ինչպես վերևում նշվածներն ու քննարկման առարկա դարձած ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանինը, երկրորդ՝ Սևան-Հրազդան կասկադի էլեկտաէներգիայի արտադրությունն են ուզում մեծացնել:

«Լճի 240 մետր շրջանագիծը կառուցապատված է: Հիմնականում՝ քարե կառույցներով կառուցապատված են այն մարդկանց ամառանոցները, որոնք ԱԺ-ում որոշումներ են ընդունում և իրենց սեփական շահերից ելնելով` չեն ուզենա, որ Սևանը բարձրանա»,-մեզ հետ զրույցում ասում է Սեւան քաղաքում գործող «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Սաթենիկ Բադեյանը:

ՀԿ-ի ներկայացուցիչը վստահ է, որ չի կարելի լճի մակարդակն իջեցնել, քանի որ դա հանգեցնում է լճի ճահճացման, մանավանդ այս տարի, երբ շոգ ամառ է, և արևի ճառագայթներն ավելի խորն են թափանցում, ջրի ջերմաստիճանն ավելի շատ է բարձրանում, իսկ դա ուղղակիորեն նպաստում է լճի ծաղկմանը: Սաթենիկ Բադեյանն ասում է, որ օրենքի ընդունումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում դա արդեն տեսանելի է:

«Գարնանը ձկնորսները ոգևորված պատմում էին, որ առաջին տարին է, որ ցանցը լճից հանում են ու մամուռով եւ տիղմով պատված չէ, բայց այսօր խոսում էին, որ ձուկը թանկացրել են, որովհետև շատ դժվար է որսալը, ամբողջ ցանցը նորից մամռապատ են հանել ջրից»,- պատմում է ՀԿ-ի փոխնախագահը:

«Լիճը կենդանի օրգանիզմ է, ու մենք չենք կարող իրեն կամայականորեն մեկ` լավացնել, մեկ` վատացնել, որովհետև հազիվհազ սկսվել էր լավացման գործընթացը, և ջրի որակի բարձրացում էր նկատվել: Իսկ դա միայն մակարդակի բարձրացման շնորհիվ էր եղել: Ինչքան էլ լճի տակ մնացող ափամերձ հատվածը լավ չմաքրվեց, ինչքան էլ անտառային ու հողային շերտը մնաց լճի տակ, այնուամենայնիվ, երբ լիճը իր կենսաբանական ինքնամաքրման մակարդակին է սկսում հասնել, ներսում ինքնամաքրման պրոցեսներ են գնում, ու ջրի որակը բարձրանում է: Բայց հիմա, փաստորեն, մենք նորից հետընթացի պրոցեսում ենք»:

Բացի դրանից, Սաթենիկ Բադեյանը նշում է, որ Արարատյան դաշտի գյուղերի ոռոգմանն ուղղվող արդարացումներն անհասկանալի են այն պարագայում, երբ Սևանի ավազանի որևէ համայնք չի ոռոգվում լճից:

«Պետք չէ, որ ջուր հանվի առհասարակ, երբ Սևանում ջրի խնդիր կա: Չոր տարածքներ են: Մի ժամանակ հիշում եմ, որ Սևանի ջրով ոռոգվում էին կարտոֆիլով մշակվող տարածքները: Հիմա նման բան չկա: Ժողովուրդը կարտոֆիլը գցում է հողի մեջ, անձրևն ինչքան որ ջրի, ջրում է: Այն ժամանակ խողովակներով ու պոմպակայանով Սևանից ջուրը հանվում էր վերև, սարեր, ջրում ու օգտվում էին գյուղացիները»,- հիշում է Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթեւոսյանը:

Սևանյան «Ափ» հասարակական, բնապահպանական և մշակութային հանդեսի գլխավոր խմբագիր Նովիկ Դարբինյանը իր լրագրողական գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է Սևանա լճի խնդիրներին: Ասում է, որ Սևանի նկատմամբ տարվող մարտավարությունը սխալ է: Նախ՝ լճից տարբեր ձևերով ջուր են գողանում, և հստակ չափումներ չեն իրականացվում՝ պարզելու, թե որքան և ինչ նպատակներով են լճից բացթողումներ արվում, պոմպերով կամ այլ միջոցներով ջուր հանում: Բացի դրանից, լճի ինքնամաքրման մակարդակը չի պահպանվում: «Լճի հաշվեկշիռը ճիշտ չի կատարվում, ջրագողությունը շարունակվում է: Դատարկում են Հայաստանը, մնացել է միայն Սևանը, Սևանն էլ դատարկեն, պրծնի»,- ասում է Նովիկ Դարբինյանը:

Սևանից ջրառի մեկ այլ դրդապատճառ էլ են նշում բնապահպանները` Սևան-Հրազդան կասկադից սնվող հէկերի շահույթը, քանզի փոփոխության մեջ հստակ նշվում է.

2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը ենթակա է վճարման այդ գումարների հավաքման և դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար ՀՀ կառավարության կողմից «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին: Լրացուցիչ շահույթի հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը սահմանում է ՀՀ կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը և պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը»:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է շահույթը տնօրինվելու` փոխանցվելու արտաբյուջետային հաշվին, բայց հստակ է, որ ոռոգման ջրի ավելացումն անմիջականորեն ազդում է կասկադի` ավելի շատ էներգիա արտադրելու հնարավորության վրա:

Սևան-Հրազդան հիդրոէներգետիկ կասկադը շահագործում է «ՄիջազգայինԷներգետիկԿորպորացիա» ՓԲԸ-ն, որը ռուսական «ԻնտերՌԱՕԵԷՍ» ընկերությունների խմբին է պատկանում: «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ սեփականության մեջ են մտնում «Սևան-Հրազդան Կասկադի» 7 հէկերը` Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի հէկերը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ կՎտ ժամ:  

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների կայքում հստակ նշվում է, որ հէկերը գտնվում են Հրազդան գետի վրա, օգտագործում են գետի բնական հոսքը և Սևանից հոսող ոռոգման ջուրը:

Սևանի բնակիչները մտահոգ են, բայց չեն արտահայտվում

«Լիճն այստեղ է եղել, հենց այստեղ: Մեր տան տեղը լիճ է եղել: Իսահակյանը որ եկել է Սևան՝ մինչև 1956-57թթ., մեր տան մոտ լիճ է եղել: Հետքերն երևում են, սպիտակ ավազ կա էնտեղ հիմա»,- հիշում է 65-ամյա սևանցի Նորիկը:

«Հիշում եմ, որ մենք լիճը լողանում էինք, տռասի վրա հելնում պառկում էինք: Էս բարաքներում ենք ապրել, շենքեր չկային»,- ավելացնում է նրա ընկերը` Սուրիկը:

«Դույլը խփում էիր, իշխան ձուկ էր դուրս գալիս: Լճի հաշվեկշիռն ընկնում է, դրա համար կենդանական աշխարհը, ձկները պակասում են»,-հավելում է Սուրիկը:

Սևանա լճի բացթողնման վերաբերյալ Սևան համայնքի բնակիչների կարծիքը չեն հարցրել: Հանրային քննարկումներ եւս չեն անցկացվել: Սևանցիներն առհասարակ դժգոհում են, բայց լրագրողի հետ զրույցի ժամանակ խուսափում են նույնիսկ ներկայանալ: Մշակույթի տան մոտ հավաքված քաղաքացիներից միայն Սուրենն ու Նորիկը համարձակվեցին իրենց անուններն ասել, մյուսներն իրենց մտահոգությունն արտահայտեցին «Սևանի մի քաղաքացու» անունից:

«Ափսոս է էս ջրին, էս մեր հայ ազգի պարծանքն է: Էստեղ գալիս են բոլոր շրջաններից, արտասահմանից, բայց տեսնեն, որ Սևանն արդեն ճահիճ է դառնո՞ւմ»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«1961թ. մենք լճի ջուրը խմում էինք, մեջը կարմիր բլոճներ կային, իշխանի կերն էր, թաթիկով մի կողմ էինք քշում ու խմում էինք: Բա ինչի՞ ըտենց արեցին: Հիմա էլ չենք խմում: Մի 20 տարի առաջ գնում էինք լճի մեջտեղը, ջուր էինք խմում, բայց հմի չենք խմում»,- հիշում է մեկ այլ սևանցի:

«Ցավալի է, որ մեր գեղեցիկ Սևանը ձեռից գնում է: Ախր սա դարերով է եկել, դարերով էլ պիտի մեր ազգին ծառայի»,- ընկերներին միացավ Սուրենը:

Մարդկանց կենցաղային խնդիրներին առաջնահերթություն տվող քաղաքապետ Սարգիս Մուրադյանն ասում է, որ հանրային քննարկումներ չեն եղել Սևանում, որովհետև որևէ մեկն այդ հարցով իրեն չի դիմել: «Ես` որպես քաղաքապետ, իրավասու չեմ հանրային լսումներ կազմակերպել, որովհետև ես առաջին անգամ ձեզանից եմ լսում: Իմ կարծիքով, եթե բնապահպաններն այդպիսի խնդիր են առաջացնում, որ ջրի բացթողումը կարող է Սևանին վնասել, բնապահպանները պիտի դիմեն համապատասխան մարմիններին, մի հատ հանրային քննարկում կազմակերպեն կամ իրենց հուզող հարցերով գան, բնակիչներին ասեն, բնակիչներն էլ ինձ ասեն` պրն քաղաքապետ, եկեք հանրային լսում կազմակերպենք, տեսնենք` որն է մեր քաղաքին օգուտ, որը մեր քաղաքին օգուտ չի»,- մեզ տված հարցազրույցում ասաց Սարգիս Մուրադյանը:

Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը, որը 2009-ից Սևանում է ծառայություն իրականացնում, պատմում է, որ ամեն առավոտ` ժամը 6-ին, գնում է լիճ: Այն քարը, որի վրա նստել և ոտքերն է լվացել, այժմ շատ հեռու է մնացել ափից: «Հիմա էդ քարն էնքան հեռու է, որ պիտի մեկ ուրիշ քար գտնենք, որպեսզի նստենք էդտեղ: Այնքան ցավ է, որ սևանցիներն անտարբեր են»,- ասում է նա:

Քահանան կարծում է, որ գլոբալ առումով մարդիկ անտարբեր են Սևանա լճից ջրի բացթողնմանը, մինչդեռ իրենց պապերը հասել են Սևան ու հարակից գյուղեր միմիայն ջրի ու ձկան համար: «Տեսել են՝ ջուրը կա, ձուկը կա, ջրի կողքն ապրելը հեշտ է, ապրել են, չեն իջել ուրիշ գյուղեր: Էն ժամանակվա լիճն այլ լիճ է եղել, էն ժամանակ կղզի էր, հիմա թերակղզի է, տարբերությունը մեծ է: Ամեն անգամ իմ աչքի առաջ այդ  լիճը պակասում է»,- նշում է Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը:

Քահանան կարծում է, որ անտարբերությունը միայն լճի իջեցման հարցում չէ, այլ ընդհանուր է, անտարբեր են նաև այլ խնդիրների առնչությամբ` Ամուլսարի հանքի շահագործման, Թեղուտի և այլն:

Ամուլսարի հանքը վտանգում է Սևանի խմելու ջուրը

Մտահոգ սևանցիներն ահազանգում են, որ ջրառից բացի Սևանա լճին սպառնացող մեկ այլ վտանգ կա` Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ Ամուլսարը Սևանի ջրհավաք ավազանն է:

«Եթե դու վերացնում ես գետի ու առուների ակունքը, բնականաբար, առաջացած բաց հանքն իր խոշոր խոռոչներով և այլնով մի տեղ հոսելու է հետո, ընդ որում՝ հոսելու է ստորոտն ի վար, ստորոտն ի վար էլ շարունակվելու է լցվել առուների մեջ, կամ անձրևից և ձնհալից բացհանքն ինքն է դառնալու ակունք: Եվ դա արդեն մի սարսափելի բան է, որովհետև գիտենք, որ բացված մակերևույթի տակ բոլոր ապարային միացություններն ու քիմիական նյութերը ջրի որակն ամբողջությամբ փոխում են»,- ասում է սևանցի ակտիվ քաղաքացի և բնապահպան Աննա Շահբազյանը:

Բնապահպանը Սևան համայնքի համար կարևոր խնդիր է բարձրաձայնում. Ամուլսարի հանքավայրի շահագործումն անմիջական ազդեցություն կունենա Սևան քաղաքի խմելու ջրի վրա:

«Սևանա լճի հետ անմիջապես կապ ունեցող Լճաշեն գյուղի արտեզյան ջրերը սնում են Սևան քաղաքը: Այսինքն՝ մենք մեր ծորակներից խմում ենք Լճաշենի արտեզյան ջրերը: Եթե Սևանա լճի որակն է փոխվում, դրա հետ փոխկապակցված բոլոր ջրերն են փոխվում: Եվ պարտադիր չէ, որ այս ամենը զգալի լինի առաջիկա 5 տարիներին: Սրանք պրոցեսներ են, որ տարիների ընթացքում են լինելու, և այդ երկարաժամկետ հայացքն է, որ պարտադիր է քաղաքականության համար: Սա միայն լճի հարցը չէ, սա նաև Սևան քաղաքի խմելու ջրի հարցն է»,- ասում է Աննա Շահնազարյանը (Աննայի հետ մանրամասն հարցազրույցը` այստեղ):

Սաթիկ Բադեյանը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով ջուրը կթունավորվի, մինչդեռ «Սևանա լճի մասին» օրենքում ամրագրված է, որ չի կարելի Սևանի ջրհավաք ավազանում հանքեր ու վերամշակման գործարաններ շահագործել:

Քահանան հավատում է, որ եթե որևէ քայլ չձեռնարկվի, Սևանա լիճը կթունավորվի: Եթե բնապահպանները կարողանան սևանցի ձկնորսներին դա բացատրել, գուցե Սևանա լճից օգտվողները միանան ու այս հարցը լուծեն: Բայց մյուս կողմից էլ, ըստ քահանայի, այս պահին ձուկ կա, որսում են. «Իրենցից հետո` թեկուզ ջրհեղեղ»:

Մինչդեռ հոգևոր աստվածաբանական ընկալմամբ մարդը տեր և իշխան է բնության: Սակայն, եթե տեր և իշխանը հասկանում են այլ կերպ՝ բռնազավթողի, բռնագրավողի, փչացնողի, աղտոտողի դերում, աստվածային ամբողջ պատգամը խախտվում է: Աստծո հրահանգն է՝ խնամել, գուրգուրել, փայփայել, առատացնել, բազմացնել:

«Եթե մարդն այլ կերպ է ընկալում, որ իրեն հանձնված բնությանը պետք է տիրություն անի, այսինքն՝ տեր և իշխան լինի, խնամի, ցանի, ջրի, ոռոգի, մտահոգվի իր ջրի բացակայության համար, ցավոք սրտի, այս ընկալումով քչերն են մտածում»,- ասում է Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը:

Քաղաքապետից հետաքրքրվեցինք` եթե սևանցիները որոշեն պայքարել Սևանա լճի համար, ինքը պատրա՞ստ է նրանց սատարել: «Ես նոր եմ լսում նման խնդիրների մասին, էսքան ժամանակ, բացի ձեզանից, ես ոչ մեկից չեմ լսել, որ մի քաղաքացի գա, ասի` պրն քաղաքապետ, կարո՞ղ է որ Ամուլսարը շահագործեն, մեր Սևանին էկոլոգիական վնաս լինի: Եթե գան, դիմեն, կմտածենք: Եթե մեր քաղաքում ինչ-որ մեկը անհանգստանում է նման բնապահպանական խնդիրներով, գոնե որպես քաղաքապետ մի օր կգար, ինձ հարց կտար: Ես էլ դրանից հետո կմտածեի` հանրային քննարկում կազմակերպե՞նք, թե՞ դիմենք համապատասխան մարմիններին, թե՞ բնապահպաններին: Ես չեմ լսել նման հարց, ինձ էսքան ժամանակ դիմող չի եղել»,- իր անտեղյակության մասին հայտարարեց Սարգիս Մուրադյանը:

Քաղաքապետը հրաժարվեց իր անձնական կարծիքը հայտնել Սևանա լճի խնդիրների վերաբերյալ: «Ես բնապահպանության նախարարությունում աշխատել եմ, բայց ես բնապահպան չեմ, ես չեմ կարող մասնագիտական պատասխան տամ, չգիտեմ` Ամուլսարի շահագործումը Սևանի վրա ինչպես կանդրադառնա: Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել»,- ամփոփեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter