HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լապշինի շառից հեռու

Կիրակի Բաքվի արվարձանում գտնվող քննչական մեկուսարանում բլոգեր, երեք երկրների (Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի) քաղաքացի եւ այս տարվա փետրվարից ադրբեջանական մեկուսարանում պատիժը կրող Ալեքսանդր Լապշինը ինքնասպանության փորձ էր կատարել: Այսօր, այսինքն ինքնասպանության հենց հաջորդ օրը, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը բլոգերին ոչ թե իր քաղաքացիության երկրներից՝ Իսրայելին արտահանձնելու, այլ ընդհանրապես ներում շնորհելու որոշում է կայացրել: Այս տարվա օգոստոսին` Լապշինի դատավարությունից մեկ ամիս անց, նրան Իսրայելին արտահանձնելու դիմում էր ներկայացրել նրա փաստաբանը, եւ ըստ տարբեր տեղեկությունների՝ բանակցություններ էին ընթանում Ադրբեջանի եւ Իսրայելի համապատասխան օղակների միջեւ արտահանձնումն ի կատար ածելու համար:

Ու հենց այս պատճառով Լապշինին ներում շնորհելու Ի.Ալիեւի այսօրվա որոշումն անսպասելի էր: Բացատրությունը հրապարակվեց նրա օգնական Ալի Հասանովի Ազերթաջ գործակալությանը տված հարցազրույցում. «Բլոգերը հիմա բժիշկների հսկողության տակ է: Նրա արտահանձնումով ներկայումս զբաղվում են ԱԳՆ-ն եւ Իսրայելի դեսպանատունը: Հուսանք, որ արտահանձնումը քիչ ժամանակ կպահանջի»: 

Այսինքն՝ ինքնասպանության փորձից հետո միանգամից որոշվել է որքան հնարավոր է շուտ ազատվել Ադրբեջանում Լապշինի ներկայությունից, առանց` Իսրայելին որպես դատապարտյալ նրան արտահանձնելու գործընթացի ավարտին սպասելը: Քանի դեռ նա էլի մի բան չի արել եւ չի մահացել պահման վայրում: Ճիշտ այնպես, ինչպես երկու տարի առաջ, առանց դատական համապատասխան արարողակարգերի պատշաճ կատարման, իրար ետեւից ազատ արձակեցին Արիֆ եւ Լեյլա Յունուսներին: Միայն թե Ադրբեջանի դեմ լրտեսության եւ մի շարք այլ մեղադրանքներով 7-8 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի ամուսինները բանտում չմահանան եւ Ադրբեջանի գլխին նոր սկանդալի պատճառ չդառնան:

Ի.Ալիեւին միջազգային սկանդալ պետք չէ հիմա էլ մի հասարակ բլոգերի մահվան պատճառով, չնայած ի սկզբանե, երբ Բելառուսի իշխանություններն Իլհամ Ալիեւի խնդրանքով նրան ձերբակալեցին, այնուհետեւ ադրբեջանական արդարադատությանը հանձնեցին, պարզ էր, որ այս պատմության մեջ Ադրբեջանի ղեկավարության համար արժեքավորը ոչ թե բլոգերի անձն է եւ նրա գործունեությունը կասեցնելը, այլ աղմուկը, ռեզոնանսային գործը, քաղաքական ու հոգեբանական ազդեցությունը, որը պետք է բխեր ադրբեջանական, հայկական եւ միջազգային հանրությունների համար:  

Չնայած, որ 2017 թ. հուլիսին Լապշինին ադրբեջանական դատարանը դատապարտեց 3 տարվա ազատազրկման, բայց դրանից հետո էլ նա շարունակում էր պահվել քննչական մեկուսարանում, եւ բանտ չտեղափոխվեց: Եվ սա էլ մի հանգամանք էր, որը ցույց էր տալիս, որ Լապշինի գործն արդեն իրականացրել-վերջացրել է իր սպասելի գործառույթները, եւ բանը հիմա Իսրայելին նրան հանձնելու տեխնիկական իրականացումն էր:

Իհարկե դաժան է ասելը, որ իր ինքնասպանության համար Լապշինը ճիշտ պահ էր ընտրել: Նաեւ երեւի երբեք չենք իմանա պատճառը, թե ինչու մարդը, որն արդեն հրապարակավ ներողություն է խնդրել Ադրբեջանի ժողովրդից ու իշխանություններից Ղարաբաղ մեկնելու ու հետո Ադրբեջան մուտք գործելու համար, որը ունի բոլոր շանսերը արտահանձնվելու Իսրայելին, առանց սպասելու այդ գործընթացի ավարտին, դիմում է այդ քային: Բայց հիմա, երբ արտասահմանյան մամուլն առանց այդ էլ հեղեղված է Ադրբեջանի իշխանությունների հետ կապված աղմկոտ պատմություններով, պահը շատ հարմար էր: Միայն վերջին երեք ամիսների ընթացքում արտասահմանյան տարբեր ԶԼՄ-ներ, հանրահայտ եւ ոչ այնքան, գրեցին այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարության մատը խառն է ԻՊ ահաբեկիչներին զենքի մատակարարման մութ պատմության մեջ, որ Ադրբեջանի իշխանություններն ու ղեկավար ընտանիքը զբաղվել է եվրոպատգամավորներ կաշառելով, ադրբեջանական խոշոր գումարներ օֆշորային հանգույցներում շրջանառելով ու լվանալով: Գրվեց նաեւ ֆրանսիացի լրագրողների դեմ ադրբեջանական իշխանությունների հարուցած դատավարության մասին, որտեղ վերջիններս պատիվ են պահանջում արտասահմանցի լրագրողներից (ֆրանսիացի լրագրողները Ադրբեջանում մարդու իրավունքների թեմայով պատրաստած իրենց ֆիլմում մի քանի տարի առաջ Ադրբեջանը որակել էին որպես բռնապետական երկիր, իսկ Ի.Ալիեւին՝ որպես բռնապետ):

Այս ամենի ֆոնին Լապշինի ինքնասպանությունը ավելորդ շառ ու փորձանք էր դառնալու Ադրբեջանի գլխին: Կամ՝ լավ առիթ էր նրանից ազատվելու եւ ադրբեջանա-իսրայելական տարբեր օրենսդրական անհամապատասխանությունների հաղթահարումն արագացնելու համար: Եվ այս երկու տարբերակներն էլ ետ են մղում այն հետեւանքները, որը պետք է ունենար Լապշինի աղմկարար, մի քանի պետությունների անունները խառնելով ձերբակալվելն ու տարեսկզբին Բաքու հասցվելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter