HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Խաղադրույք՝ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար

Սեպտեմբերի 8-ին հրաժարական ներկայացրեց Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը: Նա Գորիսի քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2014թ. հունիսի 8-ին եւ այս 3 տարիների ընթացքում երկու անգամ ընտրվեց համայնքի ղեկավար: Երկրորդ ընտրությունը մոտ մեկ տարի առաջ էր՝ 2016 թ.-ի սեպտեմբերի 18-ին, որի արդյունքներով նա ստանձնեց Գորիս քաղաքի հետ մեկ համայնքում միավորված 11 գյուղերի ղեկավարի պաշտոնը (hամայնքների խոշորացման արդյունքում Գորիս համայնքի կազմում ներառվեցին Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Աղբուլաղ, Վանանդ գյուղերը):

«Ինձ համար մեծ նշանակություն ունի, որ ես այդ վստահությունը ստանամ: Բայց եթե հանկարծ ու չստանամ, բնականաբար, էդ դեպքում կորցնելու քիչ բան ունեմ, այդ դեպքում համայնքը կկորցնի, որովհետեւ ինքս նվիրումով ծառայում եմ համայնքին»,- քվեարկության ընթացքին հետեւող «Հետք»-ի լրագրողին հայտնել էր համայնքի ղեկավարի միակ թեկնածու Վ․ Ադունցը:

Չգիտեմ, բազմաբնակավայր Գորիս համայնքում Վ․ Ադունցի հեռանալը կորուստ համարո՞ւմ են, թե՝ ոչ, բայց այսպիսի հրաժարականները, ինչպես նաեւ Վ․ Ադունցին համայնքի ղեկավար դարձնելու իշխող վարչախմբի գործողություններն, անկասկած, հանրության հերթական պարտությունն են, ժողովրդավարության պարտությունը:

Գորիսի բնակչությանը 3 տարի շարունակ հավաստիացրել են, որ Ադունցը համայնքի ղեկավարի լավագույն թեկնածուն է: Երկու ընտրությունների ժամանակ էլ ամեն ինչ արվել է, որ նա ընտրվի ակնհայտ առավելությամբ: 2014 թ.-ի հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գորիսում բավականին լարված իրավիճակ էր, եւ թեկնածուներից 2-ը ինքնաբացարկ ներկայացրին: Միակ մրցակցի նկատմամբ նա բացահայտ առավելություն ուներ, որովհետեւ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն էր եւ վարչական լծակներն աշխատում էին հօգուտ Վ· Ադունցի: 2016 թ·-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ առաջադրված երկրորդ թեկնածուն՝ Որոտան համայնքի ղեկավար Սուրիկ Օհանջանյանը, նույնպես ինքնաբացարկ հայտնեց:

Ընտրվելուց կես տարի անց, գարնանը կայացած խորհրդարանական ընտրություններից առ ժամանակ հետո հրաժարականի պահանջ ներկայացվեց նաեւ Ադունցին: Սյունիքում շրջանառվող խոսակցությունների համաձայն` այդ պաշտոնը խոստացել են գործարար Առուշ Գագիկի Առուշանյանին, քանի որ նա ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծ գումարներ է ծախսել ՀՀԿ-ի համար, սակայն նրան չի հաջողվել պատգամավորի մանդատ ստանալ: Հանրապետական մարզպետ Վահե Հակոբյանը փոխարենը Առուշանյանին խոստացել է Գորիսի համայնքապետի պաշտոնը:

Ահա այսպես` Հանրապետական կուսակցությունը  «խաղադրույք» է կատարել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար:

Այսպիսի դեպքերն, իհարկե, պաշտոնական հիմնավորում չեն ունենում, ժողովրդական բանահյուսության ժանրից են, ուստի մենք հրաժարական պահանջելու համար առավել փաստարկված, իրավական հիմնավորումներ էինք փորձում գտնել:

Հայաստանի օրենսդրությունը համայնքի ընտրված ղեկավարին պաշտոնանկ անելու միայն մեկ կարգավորում ունի՝ եթե համայնքի ղեկավարը հանցավոր է ճանաչվել դատարանի որոշումով: Վատ ղեկավարից ազատվելու այլ ճանապարհներ էլ կան, որոնք անուղղակիորեն կարող էին հանգեցնել հրաժարականի պահանջի, եթե ժամանակի ընթացքում հասունացվեր դրանք, հասարակական կարծիք ձեւավորվեր: Օրինակները կան, սակայն այդ դեպքերում անգամ հանգուցալուծումը տրվել է ընտրություների ժամանակ:

Համայնքի ղեկավարի աշխատանքը գնահատելու երկու տարբերակ գոյություն ունի՝ եթե ձախողում է եւ այդ մասին խոսում ու վերաբերմուք է արտահայտում ավագանին՝ հող նախապատրաստելով հրաժարականի համար: Սակայն այս դեպքում նման փաստեր չկան· Գորիս համայնքի ղեկավարն ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ ավագանու նիստ է գումարել, ավագանին որոշումները կայացրել է, հիմնականում, 11 հոգու մասնակցությամբ եւ ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել համայնքի ղեկավարի ներկայացրած նախագծերին:

Վ· Ադունցի աշխատանքը գնահատելու չափանիշ կարող էր լինել նաեւ մարզպետարանի իրականացրած վարչական հսկողությունը, եթե հանձնաժողովն օրենքի խախտման ծանրակշիռ փաստեր արձանագրեր: Այս տարվա մարտ ամսին Սյունիքի մարզպետարանը վարչական հսկողություն է իրականացրել Գորիսում, որի արդյունքում կազմված արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանձնաժողովն օրենքի խախտման արտառոց փաստեր չի հայտնաբերել:

Համայնքի ղեկավարի աշխատանքը գնահատելու այլ մեխանիզմ գոյություն չունի մեր երկրում` ներկայացվածներից բացի: Եթե նույնիսկ համայնքի ղեկավարը գերազանցում է անօրինականության բոլոր սահմանները, բացահայտ անգործություն է ցուցաբերում եւ այլն, նրանից ազատվելու ճանապարհը կամ դատարանն է, կամ՝ հաջորդ ընտրությունը:

Ի դեպ, համայնքի ղեկավարի պաշտոնանկության չափորոշիչներ սահմանելը նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքը մշակող աշխատանքային խմբի մտահոգությունն է եղել: Երկար քննարկում էինք՝ փորձելով լուծումներ գտնել անցանկալի դեպքերի համար: Ինչքան մանրակրկիտ քննարկեցինք, միեւնույնն է, լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար մեկից ավելի հիմնավորում չկարողացանք գտնել՝ եթե դատարանի վճռով հանցավոր է ճանաչվել եւ դատապարտվել է: Ի վերջո, պարզեցինք, որ ՀՀ Սահմանադրությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ինստիտուտ չի նախատեսել, եւ ընտրված համայնքի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել մինչեւ հաջորդ  ընտրությունները՝ անկախ մարզպետների համակրանքից կամ հակակրանքից:

Սա նաեւ եվրոպացի փորձագետների պնդումն էր: Նրանք նշում էին, որ ընտրված համայնքապետի դեպքում պաշտոնանկությունը պետք է սահմանվի դատական կարգով, ինչը կպաշտպանի նրանց ավագանու հապճեպ կամ կամայական որոշումներից։ Փորձագետները նաեւ նշում էին, որ ժողովրդավար տեղական ինքնակառավարումը եւ նրա հաստատությունները շահում են առավել ամուր երաշխիքների առկայությունից մի համակարգում, որը դեռ ամրապնդվում է ժողովրդավարական անցումից հետո։

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Լավ լուր: Ողջ Սյունիքը պիտի մաքրվի լիսկայի մարդկանցից: Հաջորդը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը պիտի լինի (ու Սյունիքի մարզպետարանի պաշտոնյա Ռուդոլֆ Սարգսյանը):Այս 2-ը երկար տարիներ Կապանում լիսկայի աջ ձեռքն էին: Նույնը՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:..............Սյունիքի ներկա մարզպետ Վահե Հակոբյանն էլ սուրբ չէ,բայց մարդը գոնե փորձում է Սյունիքը մաքրել լիսկայականներից: Վերջիններս վայվույները դրել են. իբր ներկա մարզպետը Սյունիքը «կործանում» է: ՀԳ. Սյունիքի և ո՛չ մի ավագանի պրոֆեսիոնալ,անկախ ու արդյունավետ չէ.այս մարդիկ միայն ամե՛ն ինչի լուռուհամր կողմ են քվեարկում՝ սովետական շրջկոմների ոճով: Օրինակ՝ Կապանի ավագանու թեթև ձեռքով համայնքի համարյա ողջ գույքն անցավ մասնավոր ձեռնարկություններին ու ծառայությունների որակն ավելի վատացա՛վ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter