Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի

«Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած անձի ցուցմունքներում որևէ կերպ չի հիշատակվում Սամվել Բաբայանի անունը



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասնակցությամբ քննվող «Իգլայի» գործով այսօր ցուցմունք տվեց այն անձը, ով, ըստ գործի նյութերի, իգլայի խողովակն ինքնակամ հանձնել է Ազգային անվտանգության ծառայությանը, ինչպես նաև Արմավիրի մարզի ՕՐՕ դաշինքի շտաբի պետ Սուսաննա Հարությունյանը:

Վերջինս էջմիածինցի է, դատարանին հայտնեց, որ «Իգլայի» գործով անցնող բոլոր անձանց ճանաչում է. Արմեն Պողոսյանը և Հրաչյա Մայիլյանը, ով հանձնել է իգլայի խողովակը, նույնպես էջմիածինցի են, Սանասար Գաբրիելյանի հետ ծանոթացել է Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջանում, իսկ ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա վկայի խոսքով՝ «նրան աշխարհի տասը միլիոն հայերն էլ ճանաչում են»:

Վկան համոզմունք հայտնեց, ապա պնդեց, որ Սամվել Բաբայանը չի ճանաչել Հրաչյա Մայիլյանին և Արմեն Պողոսյանին, ով Էջմիածնում հայտնի է «Ժորիկ» մականունով:

«Նա՝ Արցախի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտը չէր կարող գործ ունենալ Հրաչյա Մայիլյանի և Արմեն Պողոսյանի «կալիբրի» մարդկանց հետ»,- նշեց Հարությունյանն ու մանրամասներ պատմեց գործով անցնող Սանասար Գաբրիելյանի և Սամվել Բաբայանի ձերբակալությունից: Ըստ վկայի՝ ձերբակալության նախորդ օրը Սանասար Գաբրիելյանն այցելել է ՕՐՕ-ի շտաբ ու ասել, որ Երևան-Սևան մայրուղում իրեն ԱԱԾ-ն խուզարկել է: Վկան դա կապել է ՕՐՕ դաշինքի անդամների և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մտերիմների միջև Ջրառատում տեղի ունեցած միջադեպի հետ:

Վկայի խոսքով՝ հաջորդ օրը Սանասար Գաբրիելյանին ձերբակալել են, և ինքը, դա իմանալով, զանգել է Սամվել Բաբայանին ու ասել այդ մասին:

«Լավ են արել»,- ըստ վկայի` եղել է Բաբայանի պատասխանը, ու խոսակցությունն այսպիսով ավարտվել է:

Հետո, ըստ Սուսաննա Հարությունյանի ցուցմունքի, Սանասար Գաբրիելյանի ընկերներից մեկը՝ Աշոտ անունով, եկել է շտաբ, որպեսզի զրուցի Սամվել Բաբայանի հետ: Հարությունյանը դատարանին հայտնեց, որ ինքը չի իմացել, թե ինչ են զրուցել Գաբրիելյանի ընկերն ու Սամվել Բաբայանը, քանի որ վերջինս նրան խնդրել է դուրս գալ սենյակից:

Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ շտաբից գնացել է, և երբ վերադարձել է, նրան շտաբում աշխատողներն ասել են, որ Սամվել Բաբայանին ևս ձերբակալել են:

Վկան դատարանին ասաց նաև, որ Սամվել Բաբայանին գաղտնալսել են, նրա աշխատասենյակում անգամ տեսախցիկ է եղել տեղադրված, ապա նշեց, թե իրեն զարմացնում է այդ հանգամանքը:

Այս վկան դատավարության կողմերի մեկ հարցի վերաբերյալ մի քանի պատասխան էր հնչեցնում, մանրամասն պատմում հանգամանքեր, որոնք գործի հետ առնչություն չունեին, և երբ դատավորը փորձում էր ընդհատել նրան, սրտնեղում էր, պնդում, որ այն, ինչ ինքն ասում է, կարևոր է, պետք է: Հետո կոնկրետ իրավիճակում կոնկրետ ֆիլմ հիշեց և սկսեց պատմել: Դատավոր Արշակ Վարդանյանը փորձեց ընդհատել նրան:

«Երբ դուք խոսում էիք, ես լսում էի, դուք էլ ինձ լսե՛ք»,- ի պատասխան` ասաց Սուսաննա Հարությունյանն ու շարունակեց պատմել ֆիլմը:

«Հարց կարելի՞ է»,-  վկային փորձելով ընդհատել՝ կես կատակ կես լուրջ ասաց դատավոր Արշակ Վարդանյանը:

«Իհարկե, համեցեք, բա եկել եմ, որ հարց տաք, խնդրեմ»,- պատասխանեց Սուսաննա Հարությունյանը:

Շարունակ խոսող այս վկան դժգոհեց, որ ցուցմունք տալու օրը շուրջ 7 ժամ ԱԱԾ-ում է եղել: Դատավորը փորձեց ճշտել՝ 7 ժամ շարունակ հարցաքննվե՞լ է վկան, սակայն պարզվեց, որ նա ավելի քան երկու ժամ ԱԱԾ-ում սպասելիս է եղել, մինչև իրենից ցուցմունք վերցնեն:

Այսօր հարցաքննված մյուս անձը՝ Հրաչյա Մայիլյանը, «Իգլայի գործի» նախաքննության սկզբնական շրջանում կասկածյալի, ապա մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, սակայն նախաքննության ընթացքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Վերջինս օգտվեց իր իրավունքից և հրաժարվեց ցուցմունք տալ: Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը առարկեց դրա դեմ՝ նշելով, որ Մայիլյանը չի կարող օգտվել մեղադրյալին տրված իրավունքից ու ցուցմունք չտալ: Դատավոր Արշակ Վարդանյանը, սակայն, դիրքորոշում հայտնեց, որ Մայիլյանին վկայի իրավունքների և պարտականությունների շրջանակներում քննելը կլինի նրա իրավունքների խախտում և որոշում կայացրեց հրապարակել Մայիլյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Մայիլյանը, ինչպես պարզվեց, Էջմիածին քաղաքում գտնվող «Իգլայի»  խողովակն իրավապահներին հանձնել է այն բանից հետո, երբ իրեն ԱԱԾ-ն մեկ այլ գործով ձերբակալել է:

Ըստ Մայիլյանի նախաքննական ցուցմունքի՝ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանը, ով Մայիլյանի ընկերն է, իրեն խնդրել է հետաքրքրվել Վրաստանից «Իգլա» բերելու մասին: «Իգլան» պետք է եղել Սանասար Գաբրիելյանին: Մայիլյանի խոսքով՝ այն տարվելու էր Արցախի ՊԲ և ինչ-որ պաշտոն ստանալու դիմաց հանձնվեր բանակին: Թե ինչ պաշտոնի մասին է խոսքը, Մայիլյանը չգիտի: Վերջինս նախաքննական ցուցմունքներից մեկում նշել է նաև, որ իր կարծիքով՝ զենքի պատվիրատուն հենց Գաբրիելյանը չէր, քանի որ նա իր գործողություններն ինչ-որ մեկի հետ համաձայնեցնելու խնդիր ուներ, բայց թե ում, Մայիլյանի խոսքով՝ ինքը չգիտի:

Մայիլյանը Վրաստանում ձեռնարկատիրական գործունեություն է ծավալելիս եղել, հրթիռի համար դիմել է Օթար անունով վրաստանցի ծանոթին, որն ասել է, որ իրենց մոտ նման զենք չկա: Ապա, ըստ Մայիլյանի նախաքննական ցուցմունքների՝ ինքն ու Արմեն  Պողոսյանը գործնական նպատակով գնացել են Վրաստան, որտեղ Պողոսյանն  իրեն ծանոթացրել է Ռոբերտ Աղվանյանի հետ (վերջինս Վրաստանի իրավապահների կողմից ձերբակալված անձն է, ում Հայաստանին չեն արտահանձնել) :

Այստեղ Ռոբերտ Աղվանյանն ասել է, որ իրենց փնտրած զենքը կա, բայց որոշ մասեր բացակայում են:

Հետո Ռոբերտ Աղվանյանը բերել է զենքը, Հրաչյա Մայիլյանն այն վերցրել է, նախ տարել իրենց տուն, ապա տեղափոխել իր հորեղբոր ավտոտնակ: Սակայն զենքը պատվիրած անձինք՝ տվյալ դեպքում Արմեն Պողոսյանն ու Սանսար Գաբրիելյանն այդպես էլ չեն վերցրել այն՝ նշելով, որ դրա վրա մասեր են բացակայում:

2017թ.-ի ապրիլի 21-ին Մայիլյանի բնակարանում մեկ այլ հանցագործության քննության շրջանակներում խուզարկություն է արվել, ապա նրան հրավիրել են ԱԱԾ: Դրանից հետո Մայիլյանը որոշել է պատմել «Իգլայի» խողովակի մասին ու ցույց տվել դրա տեղը:

Ցուցմունքի հրապարակումից հետո Մայիլյանը, բացառությամբ մի քանի հարցի, հրաժարվեց պատասխանել մյուս հարցերին:

Բաբայանը հայտարարեց` հաշվի առնելով, որ Մայիլյանի նկատմամբ մեկ այլ հանցագործության համար քրեական հետապնդում է իրականացվելիս եղել, նրան ստիպել են, որ տա այնպիսի ցուցմունքներ, որոնք նախաքննական մարմնին են ձեռնտու:

«Տարել են պադվալ, ասել` դե գրի՛»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Մայիլյանի հարցաքննությունն ավարտվեց:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ