HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը աշխարհի գավաթի խաղարկությունում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացքի մեջ է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ այսօր կայացան 1/16 եզրափակիչ փուլի թայ-բրեյքի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ուժերն էր չափում  Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովի հետ:

Սեպտեմբերի 9-ին կայացած առաջին դասական պարտիայում Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց Մատլակովին, և 1/8 եզրափակիչ դուրս գալու համար երկրորդ դասական պարտիայում բավարար կլիներ նաև ոչ-ոքին, սակայն հայ շախմատիստը սև խաղաքարերով պարտություն կրեց, և ընդհանուր հաշիվը դարձավ 1:1: Դիմակայության հաղթողը պետք է որոշվեր թայ-բրեյքի պարտիաներում:

Արագ շախմատի կանոններով անցած առաջին երկու պարտիաներում կրկին հավասարություն գրանցվեց: Կայծակնային շախմատում նույնպես հաղթող չեղավ՝ Արոնյանի՝ սպիտակներով տարած հաղթանակին հետևեց Մատլակովի հաղթանակը: Վերջին՝ որոշիչ պարտիաները անցան 5+3 համակարգով, որոնցում 34-ամյա հայ շախմատիստը կարողացավ երկու հաղթանակ տանել և դուրս գալ հաջորդ փուլ:

1/8 եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դանիլ Դուբովը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում էին ևս երկու շախմատիստներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը, սակայն նրանք մրցաշարի մեկնարկային՝ 1/64 եզրափակիչ փուլից դուրս էին մնացել պայքարից:

Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի է ունենում «նոքաութ» համակարգով, այսինքն՝ դիմակայության պարտվողը լքում է մրցաշարը: Դասական շախմատի պարտիաների հավասար արդյունքի դեպքում անցկացվում են արագ և կայծակնային պարտիաներ: Միայն եզրափակչում է անցկացվելու դասական շախմատի չորս պարտիա:

Մրցաշարի եզրափակիչ դուրս եկած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին, որի հաղթողը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ կվիճարկի շախմատային թագը: Ուշագրավ է, որ աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչից Կարլսենը դուրս էր մնացել պայքարից՝ ճանապարհը զիջելով չինացի Բու Քսյանջիին: 

Լուսանկարը՝ FIDE-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter