HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում ընտրություններին ընդառաջ մի շարք համայնքներում նվազել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը

Գայանե Սարգսյան

Այս տարվա առաջին 8 ամիսների ամփոփ տվյալներով` Լոռու մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 91.8%. պլանավորված  1 մլրդ 158 մլն 364 հազար դրամի դիմաց հավաքագրվել է ընդամենը 1 մլրդ 63 մլն 146 հզր դրամ: Այսինքն՝ պլանը թերի է կատարվել է շուրջ 94 մլն դրամով:

Առավելապես տուժել են գույքահարկի, հողի հարկի ու գույքի վարձակալության հավաքագրման ցուցանիշները: Գույքահարկի գծով պլանավավորված 432 մլն դրամի դիմաց հավաքագրվել է 403 մլն դրամ, կատարողականը կազմել է 93 .4 %: Հողի հարկի գծով  պլանավորված 213 մլն դրամի դիմաց հավաքագրումը կազմել է 172 մլն  546 հազար դրամ՝ 80.8 %: Պլանի համեմատ պակաս է հավաքագրվել շուրջ 41 մլն դրամի չափով: Գույքի վարձակալության գծով էլ  կատարողականը կազմել է 90.7%, հավաքագրվել է 133 մլն 530 հազար դրամ պլանավորված 147 մլն 266 հազար դրամի դիմաց:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կապված որոշակի պրոցեսների հետ՝ հիմնականում բյուջեի թերի կատարումներ արձանագրվել են  Տաշիրի, Թումանյանի ու Ստեփանավանի տարածաշրջանի համայնքներում, որը, երևի, պայմանավորված է առաջիկա գործընթացներով»,- Լոռու մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:

Հենց այս տարածաշրջաններում է նախատեսված համայնքների խոշորացման հերթական ծրագիրը: Նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների արդյունքում նախատեսվում է Տաշիրի, Ստեփանավանի ու Թումանյանի տարածաշրջանների 61 համայնքների միավորումը 5 փնջում:

«Եռամսյակի վերջին ամիսն է ու լավ էլ ամիս է, բերքահավաքի ամիս է, պետք է այնպես անենք, որ այս եռամսյակը կարողանանք  նորմալ թվերով փակենք: Հետո հոկտեմբեր ամիսը նախընտրական է գնալու, ավելի վատ է լինելու»,- աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, ինչին ի պատասխան` աշխատակազմի ներկա անդամներից մեկը նկատեց՝ նախընտրականը հիմա էլ է երևում:

Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի կտրուկ անկումն ակնհայտ է հատկապես Տաշիրի փնջում ընդգրկման ենթակա մի շարք համայնքներում: Այս տարածաշրջանից Պետրովկա համայնքը 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ապահովել է սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը մարզում՝ 35.3 %. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համայնքն ապահովել էր 54.6 % կատարողական:

Այս փնջում ընդգրկման ենթակա ևս  6 համայնք սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների  կտրուկ անկում է ունեցել. Սարչապետն ապահովել է 43.9 (2016-ին՝ 59.3), Նորաշենը՝ 47.4  (2016-ին՝ 69.9), Ձյունաշողը՝ 55.4 (2016-ին՝ 79.8), Պրիվոլնոյեն՝ 42.7 (2016-ին՝ 57.4),  Կաթնառատը՝ 70.9 (2016-ին՝ 81.8), Ձորամուտը՝ 71.5 (2016-ին՝ 72.5), Լեռնահովիտը՝ 70.9 (2016-ին՝ 81.8) % կատարողական:

Ստեփանավանի փնջում ընդգրկվելիք 17 համայնքներից նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազում է արձանագրվել հետևյալ համայնքներում. Գյուլագարակ՝ 61.1% (2016-ին՝ 74.2), Լեջան՝ 59.1% (2016-ին՝ 71.3), Կաթնաղբյուր՝ 64.7% (2016-ին՝ 68), Կուրթան՝ 76.9 % (2016-ին՝ 92.8), Ուրասար՝ 83.8 % (2016-ին՝ 113), Սվերդլով՝ 75% (2016-ին՝ 98):

Սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշի գրանցումը  համայնքների ղեկավարները տարբեր կերպ են հիմնավորում: Նախորդ տարիներին բարձր կատարողականով աչքի ընկած Կուրթանի համայնքապետ Մհեր Գևորգյանը այն նախ կապում է անբարենապաստ գյուղատնտեսական տարվա հետ:

«Ցորենը քիչ է եղել, ցուրտը տարել է ցորենի մի մասը, կարտոֆիլն էլ էս պահին չեն կարում հանեն, չոր է, ջարդվում է: Ինչ փող ունեն, վառելիքի վրա են ծախսում, մինչև բերքը հանեն»:

Ապա անդրադառնալով սպասվող ընտրությունների հնարավոր ազդեցությանը բյուջեների հավաքագրման վրա` համայնքապետը նկատում է.

«Ուրիշ գյուղերում կազդի, հաստատ կազդի, որ ասենք համայնքապետը կարա թուլանա էդ մոմենտին, կասի՝ բա ինձ պետք ա, էգուց էլոր ժողովրդի աչքից ընկնեմ... Ժողովուրդն էլ կմտածի փոփոխություն ա էղնելու, բալքի հեչ են անում հարկերը... Որոշ տոկոսային մեր գյուղում էլ կարա ազդի...»:

Օձունի փնջում ընդգրկման ենթակա համայնքներից նախորդ տարվա համեմատ կատարողականի անկում  են ունեցել Այգեհատ՝ 60% (2016-ին՝ 89), Արդվի 71.9% (2016-ին՝ 100.5), Հովնանաձոր՝ 77. % (2016-ին՝ 85.1), Մղարթ՝ 71.4 % (2016-ին՝ 77.7 ) համայնքները:

Արդվիի համայնքապետ Սամվել Կիրակոսյանի կարծիքով առաջիկա ընտրություններն իրենց ազդեցությունն ունեն ժողովրդի տրամադրության վրա: Հավաքագրման ցածր ցուցանիշի պատճառների թվում մատնանշելով ժողովրդի վճարունակության խնդիրը՝ համայնքապետը հավելում է. «Բնականաբար, ժողովուրդը իմանում է խոշորացման մասին, ժողովրդի տրամադրության վրա ահագին նշանակություն ունենում է, մի քիչ անտարբերություն է առաջանում, բայց  պետք է այնպես անենք, որ դա չազդի մեր հավաքագրման վրա»:

Այս տարի հավաքագրման ցածր ցուցանիշ է ապահովել նաև 2016թ.-ին խոշորացված Թումանյան համայնքը: 2016թ.-ի սեպտեմբերի 1-ին գրանցված 66 %-ի դիմաց այս տարի կատարողականը կազմել է 59.7%, ինչի հետևանքով այն  ընդգրկվել է առավել ցածր ցուցանիշ ապահոված համայնքների ցանկում:

Հ. Պապոյանը Թումանյանի հավաքագրման ցուցանիշների նվազումը կապում է ոչ թե խոշորացման, այլև Մ-6 միջպետական ճանապարհի շինարարության հետ:

«Թումանյանինը պայմանավորված է  հիմնականում տնտեսական ակտիվության նվազմամբ, քանի որ ճանապարհամերձ համայնքները այս տարի խնդիր ունեն կաթի մթերման, այսինքն՝ գյուղ եկամուտներ մտնելու, որով էլ պայմանավորված է  իրենց հարկային պարտավորությունների կատարումը:

Մարզկենտրոն Վանաձորն այս տարի ապահովել է բյուջեի 93.3% կատարողական, որը նախատեսված պլանից պակաս է 30 մլն դրամով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter