Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի

Նամակ Երկրէն. Բոլշեւիկը Արթուն է, Սփիւռքահայը՝ Քնացած



Բոլշեւիկը նստած է մեր մէջ: Բոլշեւիկը արթուն է: Կարեւոր չէ, թէ ի՞նչ անուն ունի ան: Կարեւոր չէ, թէ ո՞ր կուսակցութեան մէջ թաքնուած է ան: Կարեւոր չէ, թէ Նժդեհի կամ Անդրանիկի անունով հանդէս կու գայ... Երկրորդական են այս հարցադրումները, քանի որ հայու բոլշեւիկ տեսակը հոգեկան հիւանդութիւն է, Սթոքհոլմեան սինտրոմի  կրողը, սիրահարուած՝ զինք հալածողին, ճնշողին, բանտարկողին, իր դահիճին... Հայ բոլշեւիկ տեսակը, Նժդեհի նկարագրածով՝ տականքը, հանդէս կրնայ գալ ոեւէ անունով, որեւէ պատմուճանով...

Քնացողը՝ սփիւռքի մամուլն է: Քնաբեր դեղահատը՝ Հայաստանի իշխանութիւններուն հրամցուցած ազգային սուտ միասնութիւնը, հայրենիքի վտանագութիւնը չխաթարելու հնամաշ «խրատ»ը, ներքին հարցերուն չխառնուելու սկզբունքին պարտադրութիւնը, ասոր-անոր շնորհուած մետալները, ոչ մէկ նորութիւն բերող եւ ինքզինք կրկնօրինակող համահայկական խորհրդաժողովները...  

Բոլշեւիկը արթուն է, այնքան ատեն որ կը ճնշուի հայ աշխվատաւոր դասակարգը՝ նորօրեայ օլիգարխներու կողմէ, յանուն քուէի, յանուն հարստութեան կուտակման, յանուն իշխանական կեղեքող համակարգի յաւիտենական գոյութեան: Բոլշեւիկը արթուն է, ՍԱՍ-ի Արտակը վկայ:

Բոլշեւիկը արթուն է, քանի դեռ հայ մշակոյթի նախարարին որոշումով կը փակուի Կասեաններու եւ Միկոյաններու վայրագութիւններն ու ազգադաւ գործունէութիւնը բացայայտող ցուցահանդէսը, քանի դեռ »առուամոլ» ու օտարէն ֆինանսաւորուղ կը համարուի ցուցհանդէսի կազմակերպիչը: Նոյն բոլշեւիկը չէ՞ր, որ առուամոլի մեղադրանք դրած էր հանճարեղ Փարաճանովի վրայ... Նոյն բոլշեւիկը չէ՞ր, որ օտարի ծառայող համարած էր Բակունցն ու Չարենցը ու գնդակահարած էր զանոնք՝ բողշեւիզմի սարքսծ տանջանքի զնտաններուն մէջ...

Բոլշեւիկը արթուն է, քանի դեռ դպրոցի տնօրէնն ու հիւանդանոցի գլխաւոր բժիշկը, գործարանի ղեկավարն ու բարձրաստիճան պետպաշտօնեան իրենց ծառայութւինները կը մատուցեն ոչ թէ հայ ժողովուրդին, այլեւ՝ կասկածելի միջոցներով եւ օտարերկրեայ դեսպաններու օրհնութեամբ իշխանական բուրգի գագաթը հասած խմբակի շահերուն, ոտանկոխ ընելով հայ մարդու իրաւունքը, իղձը, ձգտումը, պատիւը:

Բոլշեւիկը արթուն է եւ գործունեայ: Վկան՝ հարիւր հազարաւորներու հայրենալքութիւնն է, Հայաստանի հայութենէ պարպումը, հայաթափումը՝ խորթ ու ապիկար իշխանութիւններու գոյացման առ ի հետեւանք:

Բոլշեւիկը ոչ միայն արթուն է, այլ ընդամէնը մեթամորֆոզէ անցած, մութանթի վերածուած է ան եւ ամէն օր կ'ամրացնէ իր դիրքը՝ իշխանական համակարգի ամենաբարձր ոլորտներուն մէջ: Իր կամքը կը պարտադրէ հայ ժողովուրդին վրայ՝ Հայաստանէն ի Սփիւռս աշխարհի:

Բոլշեւիկը արթուն է: Ան բոյն դրած է ստրկամիտ, օտարամոլ, յոյսը հիւսիսին կամ արեւմուտքին կապած, իր տեսակը չհանդուրժող, քծնող, անհայրենիք հայու հոգիին մէջ: Ան տականքի հոգիին մէջ ասպատակող Տրովադայի ձին է, որ բերդը ներսէն կը գրաւէ...

Արթուն է բոլշեւիկը: Քնացած է Սփիւռքը՝ իր մամուլով, իր կառոյցներով, իր կազմակերպութիւններով: Պարտադիր քուն՝ յանուն ազգային համերաշխութեա՜ն, յանուն անխռով հանգիստի՜, յանուն մետալներու...

Ու վա՜յ այն օրուան, երբ այս քունը երկարի ու դառնայ... մահաքուն:

Գրեցէ՛ք ինծի:

Րաֆֆի Տուտագլեան

rafdoud@aol.com


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (4)
1. Vahan Asrabian16:13 - 12 սեպտեմբերի, 2017
Երկրում մոլեգնում է նեոբոլշևիկեան Գա՛ղջը: Գարեգին Նժդեհը երևի հենց Յովհաննէս Թումանյանի Տուն-Թանգարանի "Խաւարում" ցուցահանդէսը արգելող նեո-բոլշևիկներին է նկատի ունեցել, որ ասել է. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»:
2. Վահան Ասրապեան16:16 - 12 սեպտեմբերի, 2017
Ապրի՛ ՌաՖՖին. շատ լաւ ախտաճանաչում էր:
3. Այսօր էլ դեռևս ուշ չէ19:31 - 13 սեպտեմբերի, 2017
Ապրի՛ ՌաՖՖին, շատ լաւ ախտաճանաչում է: Բոլշեւիկը նստած է մեր մէջ: Բոլշեւիկը արթուն է: Ամենամեծ չարիքներից մեկն այն էր, որ նոր Հայաստանում հիմնովին ու ամբողջական լուստրացիա տեղի չունեցավ: Դրա համար թաքնված գողերն ու դավաճաններն ամենաբարձրն են բղավում. գողացա՜ն, թալանեցի՜ն: Հայաստանում պարտադիր պետք է հիմնովին ու ամբողջական լուստրացիա կատարվի, և նախկինում ու այսօր վնասատու անձիք պետք է նվազագույնը ներկայիս Հայաստանի պատասխանատու աթոռներին մոտ չգան: Այսօր էլ դեռևս ուշ չէ:
4. Նեո-բոլշևիկների վերածնունդ18:31 - 18 սեպտեմբերի, 2017
Նեո-բոլշևիկների վերածնունդը հետ Խորհրդային Հայաստանում: Դեռևս մադիկ կան, որոնք երևակայական աշխահրում են ապրում և հավատում են, որ իրենց սիրելի ու բարի լենին պապիկը( իրականում ճիվաղ ու հայադավ) ապրում է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ