HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի քանի առաջարկութիւն-հիմնաւորումներ ի նպաստ դասական ուղղագրութեան կանոնակարգման

Լուսինէ Աւետիսեան, (գրականագէտ, գրաբարագէտ, թարգման, բանասիրական գիտութիւնների թեկնածու)

Ամէն ազգ, ինչպէս ամէն ոք, եթէ չի կորցրել ինքնապաշտպանութեան առողջ բնազդը, ազատութիւն է տենչում եւ խորշում է կապանքներից։ Սահմանափակումները տրտմեցնում են, ճնշում ինքնութիւնը... Հէնց դրա համար ազգն ինքնութեան պահպանութեան եղանակներ է փնտրում իր ծագման պահից, եւ արտաքին ու ներքին բոլոր ճնշումներին նա կարողանում է դիմակայել միայն ազգային արժէքներով։ Հայոց ազգային գիրը հէնց դրա համար ծնուեց-վերածնուեց, եւ սեփական լեզուամտածողութիւնը հնարաւոր եղաւ պահպանել հէնց ազգային գրով հաստատուած ուղղագրական համակարգով... Իւրաքանչիւր նշան լսելի հնչիւնական միաւորի տեսանելի կաղապարն է, եւ ձայնագրութեան համակարգով անցած իւրաքանչիւր բառ տեսանելի խորհրդանշան-կաղապարն է որեւէ գաղափարի. հէնց այդ համակարգով էլ անխախտ ու կառուցիկ է բոլոր ժամանակների միջով սուրացող ազգային լեզուամտածողութիւնը։

Միայն ա՛յս նպատակով գործող սահմանափակումներն ու կաշկանդող շրջանակներն են արդարացուած. նրանք հնարաւորութիւն են տալիս ազատ եւ անկախ լինել...

Եւ երկբարբառի գոյութեան իրաւունքը՝ ի հեճուկս օրինաչափութիւն դարձած աւանդոյթի (առաջարկութիւնս հայերէնի բոլոր լեզուավիճակների համար է՝ ե՛ւ վերականգնուող գրաբարի, ե՛ւ զոյգ աշխարհաբարների)

Հայերէնում երկու երկբարբառներ՝ «իւ» եւ «եւ», այսօր նոյն կերպ են արտասանուում՝ «եու»։ Սակայն դժուար թէ միեւնոյն հնչիւնական միաւորի համար Մաշտոցը երկու նշանային տարբերակ ստեղծէր։ Հաւանաբար, դրանք հնչական ինչ-որ նուրբ տարբերութիւն ունէին, որը աւելի ուշ շրջանում աստիճանաբար վերացել է, եւ երկբարբառներից մէկը, միւսի փոխարէն գործածուելով, ապա առաւել յաճախ կիրառուելով՝ աւանդոյթի ուժով դուրս է մղել երկրորդը։ Կարելի է հանդիպել զուգահեռ՝ «եղջիւր» եւ «եղջեւր»«ալիւր» եւ «ալեւր»«աղբիւր» եւ «աղբեւր»«գիւղ» եւ «գեւղ»գրութեան ձեւերին։ Այսօր ակնյայտ է «եու» հնչմամբ բառերի ուղղագրութեան միօրինակացման փաստը. տիրապետող է դարձել «իւ» երկբարբառը։ Սակայն ոչ միայն լեզուում գոյութիւն ունեցող գրառման ձեւի տարաշխարհիկ հմայքը պահպանելու (եթէ նոյնիսկ միայն սա լինէր նպատակը, դարձեալ արդարացուած կը լինէր ձգտումը), այլեւ կարեւոր մի իրողութիւն չանտեսելու համար անհրաժեշտ է բառային որոշակի շերտի համար վերականգնել եւ պահպանել «իւ»-ի փոխարէն «եւ»-ի գրութիւնը։

Թէ ինչպէս որոշել՝ ո՛ր բառերը գրել «իւ»-ով, որոնք՝ «եւ»-ով, կարող են օգնել ստուգաբանութիւնը եւ հնչիւնաբանական օրինաչափութիւնները։ Բացի նրանից, որ ըստ Աճառեանի՝ «աղբիւր» բառի հնագոյն տարբերակն է «աղբեւր», յետնաբար՝ «աղբեր», հոլովման ժամանակ այդ բառի սեռականը նոյնպէս լինում է «աղբեր»։ Նոյնն է «ալեւր», «եղջեւր», «գեւղ» բառերի դէպքում։ «Եւ» երկբարբառի վերածումը «ե»-ի՝ ալեր, եղջեր, գեղջ, յուշում է, որ Մաշտոցի ուղղագրական համակարգում հէնց այդ բառերն են, որ գրուել են «եւ»-ով, մինչդեռ «իւ»-ով գրուող բառերի սեռականն այդ երկբարբառը վերածում է եա-ի՝ արիւն>արեան, սիւն>սեան եւ այլն։ Այսպիսով, անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել փոքրաթիւ բառերի համար կիրառելի երկբարբառի գոյութեան իրաւունքը (դա պէտք էր անել անգամ մէկ բառի համար), այլեւ բառերին վերադարձնել նրանց ճշմարիտ պատկերը, միաժամանակ վերահաստատել, որ որեւէ երկգրութիւն լեզուում անցանկալի, անտրամաբանական ու անիմաստ երեւոյթ է, ի վերջոյ, վերագտնել ժամանակների հոլովոյթում մաշտոցեան ուղղագրական համակարգի կորսուած եւս մէկ հիմնաւորում... 

* Կրաւորական ածանցը, արմատական ու-ն եւ ի-ն

Կրաւորական ածանցը գրաւոր խօսքում, հայերէնի ուղղագրական կանոնների համաձայն, արտայայտուում է «ու»-ով ոչ միայն անորոշ դերբայում՝ պարտուել, այլեւ բոլոր միւս անդէմ եւ խոնարհուած ձեւերում, ինչպէս՝ պարտուող (ենթակայական), պարտուած (հարակատար), պարտուելիս (համակատար), պարտուել (վաղակատար), պարտուի (ժխտական), պարտուելու(ապակատար)։ Նշուած դէպքերում ու-ի գրութիւնը պահպանող դասական ուղղագրութեան արեւելահայ հետեւորդներն անգամ շրջանցում են սկզբունքը եւ այդ բայերի անկատար դերբայում ու նրանից կազմուած ժամանակաձեւերում կրկնակ «ուու» գրութեան թուացեալ անպատշաճութիւնից խուսափելու համար «ու»-ն փոխարինում են «ւ»-ով՝ պարտւում են։ Այս խնդրին չի բախուում արեւմտահայերէնի կրողը, որի գրական լեզուում այդ ժամանակաձեւերը կազմուում են այլ կերպ (կը պարտուին), քան արեւելահայերէնում (պարտուում են), ներգոյական հոլովը կազմուում է այլ կերպ (լեզուին մէջ)քան արեւելահայերէնում (լեզուում)։ Սակայն նաեւ արեւմտահայերէնի կրողն է շրջանցում «ու»-ի գրութիւնը հետեւեալ բառերում՝ պատասխանատուութիւն, լրատուութիւն, թողտուութիւն։

Ըստ ուղղագրական օրէնքի՝ բաղաձայնայաջորդ եւ ձայնաւորանախորդ «վ» հնչիւնը գրառուում է «ու»-ով (նուէր, կատուի, արտասուել)։ Այս կանոնին չեն ենթարկուում դասական հայերէնի Ո եւ Ո-Ա հոլովումներին պատկանող այն բառերի հոլովուած ձեւերը, որոնք վերջանում են Ո-ից առաջ «ւ»-ի եւ Ա-ից առաջ «ե»-ի հնչիւնափոխուող «ի»-ով՝ հոգի-հոգւոյ, թագուհի-թագուհւոյ-թագուհեաց։

ԺԹ դարավերջին Ղազարոս Աղայեանի ջանքերով մամուլում («Մշակ», «Հորիզոն») լայնօրէն տարածուեց «ւ»-ագրութիւնը («հիւնագրութիւն»), որը «վ»-ագրութեամբ («վեւագրութիւն») եւ ուղղագրական այլ խոտորումներով ուղեկցուելիք զանգուածային «բարեփոխումների» ծիծեռնակն ու նախադէպն էր եւ համարձակ ճանապարհ հարթողը դէպի դրանց նոր յաղթարշաւ։ Երբ ԺԱ դարից յետոյ այբուբենում յայտնուած «օ» տառը եկաւ փոխարինելու փակ վանկի «աւ» երկբարբառին, դրանով սկզբնապէս չխարխլուեց ուղղագրական գործող կուռ համակարգը, սակայն յետագայում բառասկզբում լսուող «օ»-ն գրառելով «օ»-ով՝ լեզուում փաստօրէն ներմուծուեցին կեղծ «աւ»-ով բազմաթիւ բառեր՝ օրգանիզմ, օքսիդ, օվալ (այս մասին՝ «Անունների օ սկզբնահնչիւնը» բաժնում), եւ յետագայ այդ զարտուղութիւնները սրբագրելուց յետոյ միայն «օ»-ի մուտքը ուղղագրական համակարգ թերեւս վերապահօրէն ընդունելի լինի։ Մինչդեռ «ու»-ն «ւ»-ով փոխարինելու քայլը սկզբից եւեթ ոչ միայն թուլացրեց համակարգը, այլեւ կազմալուծեց «վ» հնչիւնի ձայնագրութեան այնքան ճշգրտօրէն գտնուած տրամաբանութիւնը։

* Բառավերջում գրուող «յ»-ի կանոնից բացառութիւնները եւ դրանց հիմնաւորումն ու վերածումը կանոնի

Դասական ուղղագրութեան կանոններից մէկը, ըստ որի՝ բառավերջում «ա»-ից եւ «ո»-ից յետոյ գրուում է «յ», ունի բացառութիւններ։ Ներկայացնելով մաշտոցեան ուղղագրական համակարգում հանդիպող այդ բացառութիւնները՝ փորձեմ տալ առայժմ իմ պատկերացմամբ միակ հիմնաւորումը, ըստ որի՝ խմբաւորուում եւ հիմնաւոր բացատրութիւն են ստանում բացառութիւնները՝ փոխելով իրենց կարգավիճակը եւ գուցէ վերահաստատելով ուղղագրական մոռացուած մի օրէնք։ Դեռեւս չբացատրուած ուղղագրական երեւոյթներն են որակուում «բացառութիւն», եւ հէնց նրանք են ի յայտ բերում եւ  ապագայում էլ դեռ բացայայտելու են լեզուական հետաքրքիր օրինաչափութիւններ։

Եւ այսպէս, բոլոր այս բացառութիւնները չորս խմբի են բաժանուում՝ հիմք ընդունելով հրամայականութեանցուցականութեանհաստատականութեան եւ կոչականութեանաներեւոյթ շեշտի առկայութիւնը, որով եւ տրուում է գրեթէ սպառիչ հիմնաւորում «անկանոնութեանը»՝ վերածելով այն կանոնի։

          Ա խումբ

Այս խմբում են բոլոր այն բառերը, աւելի ճիշտ՝ բայերը (նաեւ նրանք, որոնք այսօր չեն գիտակցուում որպէս բայեր), որոնք ունեն հրամայականութեան ներքին լսելի շեշտ, որը գրաւոր խօսքում կարող է յաճախ մնալ աներեւոյթ։

ա. Արդի Ա խոնարհման պարզ բայերի բուն հրամայականի եզակին։ Այն առանց «յ»-ի է գրուում՝ գրաւոր խօսքում անշեշտ հանդէս գալու դէպքում եւս՝ խաղա, ասա, կարդա եւ այլն (չշփոթել ըղձական ներկայի հետ, որ գրուում է «յ»-ով՝ խաղայ, ասի, կարդայ)։ 

բ. նախորդ կէտի տրամաբանութեամբ՝ նաեւ «համարեա» բառն է գրուում առանց յ-ի՝ որպէս գրաբարեան «համարել» բայի բուն հրամայականի եզակին։

գ. «ովսաննա» բառը. այն եբրայերէնից է փոխառուած եւ նշանակում է «փրկեա՛, ազատեա՛ զիս», այստեղ նոյնպէս ակնյայտ է հրամայական եղանակաւորումը։

             Բ խումբ

Այս խմբում բոլոր այն բառերն են, որոնք կրում են անտեսանելի, բայց ներքին ունկին հասանելի ցուցական-հաստատական շեշտ։ 

ա. Ցուցական սա, դա, նա դերանուններն  ու նրանց հոլովուած ձեւերը՝ սորա, դորա, նորա, սմա, դմա, նմա։

բ. «Ահա», «ապա», «հապա», աշխարհաբարեան «հիմա» բառերը. սրանք, ամենայն հաւանականութեամբ, նոյնպէս ցուցականութեան իմաստային դաշտից են, մանաւանդ, եթէ յիշենք «ահա»-ից կազմուած ահաւասիկ, ահաւադիկ, ահաւանիկ ձեւերը, որոնք նշանակում են՝ «ահա սա», «ահա դա», «ահա նա»։

  • Որպէս եղանակաւորող՝ «ապա», «հապա» բառերը յաճախ կրում են հրամայական-յորդորական երանգ՝ նայիր, ուշադրութիւն դարձրու, ցոյց տուր, ասա, կատարիր եւ նման այլ իմաստներով.

- «Հա՛պա, ժի՛րք լերուք» (Մակ. Ա, Ե:32)։

Հա՛պա նախ զայդ ա՛րբ» (Ես., Թ։1)։

- «Հապայ առաքինի՛ք, եհաս ժամ պսակման մերոյ» (Եղիշէ)։ (Հանդիպում է նաեւ յ-ով ձեւը)։

- «Ապա՛, տեսնեմ քո կազմած ծրագիրը» (ցո՛յց տուր)։

- «Հապա՛, բոլորդ՝ դասասենեակ» (անցէ՛ք)։

- «- Դու այդպէս չպիտի վարուէիր։ - Հապա՞» (ասա՛, ինչպէ՞ս)։

- «Ապա՛, ձեզ տեսնեմ» (կատարէք)։

- «Հապա՛, տեսնո՞ւմ ես այն կապոյտ նշանը» (ուշադի՛ր եղիր կամ ուշադրութիւն դարձրո՛ւ)։

  • «Ապա» բառը, որպէս ժամանակի մակբայ, հոմանիշ է «այնժամ» մակբային, ուստի եւ նոյնպէս ունի «հէնց այն ժամանակ», «այդ պահին» իմաստները՝

- «Եւ ապա ուրեմն Յոբ եբաց զբերան իւր եւ անէծ զօրն իւր»-(Յոբի գիրքը, Գլ. Ա) - Եւ այնժամ Յոբը բացեց իր բերանը եւ անիծեց իր ծնունդը։

- «Իբրեւ ոչ արեւ եւ ոչ աստեղք երեւէին, ապա բառնայր ամենայն յոյս» - (Ներսէս Լամբրոնացի «Մեկնութիւն սաղմոսաց Դաւթի») - Երբ արեւն ու աստղերը չէին երեւում, այդժամ վերանում էր ամէն յոյս։

  • «Ապա» շաղկապը ունի նաեւ «այդ դէպքում» իմաստը.

- Եթէ կարիցէ ոք թուել զաւազ երկրի, ապա եւ քո զաւակ ընդ թիւ մտցէ» (Գիրք ծննդոց, ԺԳ։ԺԶ) - Եթէ մէկը համրել կարողանայ երկրի աւազը, ապա (այդ դէպքում) քո սերունդը եւս կը համրի։

- «Ապա թէ ոչ փրկեսցես զնա, զգին նորա տացես» (Ելից, ԼԴ։Ի) -  Ապա (այն դէպքում), եթէ չփրկես նրան, նրա գինը պիտի տաս։

- Աշխարհաբար՝ «Եթէ մոռանամ, ապա յիշեցրո՛ւ»։

- «Եթէ Լուսնի սկաւառակը չյայտնուի Երկրի եւ Արեգակի միջեւ, ապա խաւարում չի լինի»։

  • «Հիմա» աշխարհաբարեան բառը, որ ժամանակի մակբայ է, մատնանշում է խօսելու կամ պատմելու պահին ամենամօտ ժամանակահատուածը, որի ընթացքում կատարուում կամ կատարուելու է գործողութիւնը, այսինքն՝ դարձեալ դրսեւորուած է ինքնին ցուցականութիւն՝ հէնց այս պահին, այժմ, արդ. «Հիմա կը մօտենամ», «Հիմա խօսի՛ր», կամ պարզապէս «Հիմա՛» եւ այլն։ Այնուամենայնիւ հանդիպում է նաեւ «հիմայ» ձեւով։

       Գ խումբ

Այս խմբում են «այո» եղանակաւորողը եւ «նա» շաղկապը, որոնք հաստատում եւ զօրացնում են խօսքը՝ ներքին հաստատական շեշտով։

       Դ խումբ

Այս խումբը ներառում է «ա»-ով եւ «ո»-ով վերջաւորուող հայերէն եւ օտար անձնանուններն ու տեղանունները։ «Ա», ինչպէս նաեւ «ո» վերջնահնչիւն ունեցող անձնանունները մաշտոցեան ուղղագրական համակարգում չեն ստանում վերջնադիր «յ»՝ Ելենա, Իրինա, Մարինա, Աննա, Յուդա, Սիլուա, նաեւ անունների կրճատ ձեւերը՝ Մարո, Կարո, եւ տեղանունները՝ Մոսկուա, Բարաշեւո, Զուիցերիա, Վոլգա եւ այլն։ «Յ»-ով գրուում են միայն անձնանունների վերածուած հայերէն հասարակ անունները՝ Հրաչեայ, Ընծայ։ ...

Ա-ով եւ ո-ով վերջացող եւ ուղղագրական կանոնից որպէս բացառութիւն ներկայացող անձնանունների եւ տեղանունների առնչութեամբ ակնյայտ է դառնում լեզուական հետաքրքիր այն օրինաչափութիւնը, որով յայտածուում է մաշտոցեան համակարգի անխոցելի տրամաբանութիւնը։ Անուանումը բոլոր միւս անուններից տարբերուում է իր ենթադրեալ կոչականութեամբ։ Ցանկացած անձնանուն եւ տեղանուն ինքնին կոչական է եւ, որ նոյնն է, պատասխան է այն հարցին, թէ ինչ են կոչում, ինչպէս են կանչում, անուանում մարդուն, վայրը,  ... տառը։ Ուստի, անձնանուններն ու տեղանունները, բառային շեշտից բացի, որը իւրաքանչիւր լեզուի հնչաբանական առանձնայատկութիւններից մէկն է, ունեն նաեւ այլ՝ կոչական շեշտ, որը հայերէնում ընկնում է վերջին վանկի ձայնաւորի վրայ, այսինքն՝ բառավերջի՝ բնականօրէն շեշտուող «ա» եւ «ո» հնչիւնները կարիք չունեն «յ»-ի՝ Տորոնտո, Չիկագո, Հիւգո, Աբո, Ժանո, Սաքո, Ոսլո եւ այլն։ Եւ որեւէ անուն արտաբերելով՝ ամէն անգամ վերստին արթնացնում ենք անունը՝ կոչելով, կանչելով մարդուն, վայրը, ... տառը։

Այբուբենի տառերի անունները նոյնպէս, անուանումներ լինելով, ինքնին կոչականներ են, ուստի եւ նոյնպէս ներքին անուանական առանձնայատուկ շեշտի առկայութեան հիմնաւորմամբ՝ գրուում են առանց «յ»-ի՝ Դա, Զա, Թո, Ծա, Հո, Ձա, Շա, Չա, Ռա, Ցո։

Արա՛, աղա՛ (գ.), ծո՛ եւ այլ ձայնարկութիւններ, ըստ էութեան, դիմելաձեւեր են, որ փոխարինում են անձնանուններին։

 * Անունների «օ» սկզբնահնչիւնը

Մաշտոցը, որ բացի գրերից՝ ստեղծել է նաեւ հայերէնի ուղղագրական համակարգը, այսօր «օ»հնչիւնով սկսուող հայերէն բառերը գրառել է «ա+ւ» տառակապակցութեամբ, ամենայն հաւանականութեամբ՝ իր օրերի հնչմանը համապատասխան՝ աւրէնք, աւտար, աւգնել, որ ԺԱ դարից ի վեր փակ վանկում փոխարինուեց նորամոյծ «օ» նշանով՝ աւր>օր (բայց՝ սեռ.-աւուր), աւձ>օձաւդ>օդ։ Միեւնոյն ժամանակ, «օ» հնչիւնով սկսուող փոխառեալ յատուկ եւ հասարակ անունները բնականօրէն գրառուել են «ո» նշանով՝ ովազիս, ովսաննա, ովկիանոս, Ողիմպիա, Ողիմպոս, Որոգինէս, որն այդ ժամանակ բոլոր դիրքերում (բացի «ու» հնչիւնը արտայայտող երկտառ կապակցութիւնից) հնչում էր որպէս պարզ «օ», ինչպէս ոսկի, որդի, որոնել եւ այլ բառերում։ Հաւատարիմ լինելով Մաշտոցեան ուղղագրութեանը եւ օտար բառերի ու անունների տառադարձման օրինաչափութիւններում եւս լինելով սկզբունքային՝ պէտք է «ո»-ով տառադարձել բոլոր այն օտար անունները, որոնք սկսուում են «օ» հնչիւնով՝ Ոկուջաւա, Ոլեխնովիչ, Որենբուրգ, Ոռլով, Ոմարի, Ոսիպեան, Ոռլեան, Ոհայո, Ոսկար, Ոսլո։ Դրանց թուում են «օվ» հնչումով սկսուող հասարակ եւ յատուկ անունները, որոնցում ակնյայտ եւ ակնբախ անհեթեթութիւն է հայերէնի ուղղագրութեանը բոլորովին անյարիր «օ+վ» կապակցութիւնը, որ է՝ «ա+ւ+վ», եւ անառարկելիօրէն պէտք է գրուենովազիս, ովկիանոս, Ովիդիոս, Ովսաննա, ՈվսիենկոՈվա (գիւղ Արեւմտեան Հայաստանի Ծոփք նահանգի Խարբերդ գաւառում) եւ այլն։ 

Ոնիկ անունը կրճատ ու մտերմիկ ձեւն է «Յովհաննէս»-ի, որ կրել է Յոհան>Ոհան>Ոն+իկձեւափոխութիւնները, եւ անկախ հնչումից էլ պարզ է, որ ամբողջական անուան գրութիւնը թելադրելու է «ո»-ով գրառում։ Նոյնն է Ոսիպեան ազգանուան պարագայում, որը եբրայական Յովսէփ անուան ռուսերէն Իոզիֆ տառադարձման ժողովրդախօսակցական Ոսիպ տարբերակից է կազմուած։

«Օ»-ով գրութիւնը կարող է արդարացուած լինել միայն այն դէպքում, եթէ անունը սկզբնապէս գրուել է «ա+ւ» կապակցութեամբ, ինչպէս՝ Աւգոստոս, Աւրորա, Աւրելիուս եւ այլն։

* Անունների վերջին «օ»-ն։ Անձնանունների՝ «ո»-ով վերջացող կրճատ ձեւերի՝ այսօր աւանդոյթ դարձած «օ»-ագրութիւնը անհեթեթութիւն է, քանի որ որեւէ կերպ չի մեկնաբանուում մեսրոպեան ուղղագրութեան տրամաբանութեամբ, որը «օ»-ն արդարացնում է միայն նրա յետահայեաց պատճառաբանութեամբ եւ հիմնաւորումով, այսինքն՝ բաց վանկերում «ա+ւ» կապակցութիւնը արտասանուում է «ավ»՝ ծարաւ, հարաւ, հաւ, գրաւ, եւ չի կարող փոխարինուել ԺԱ դարում ներմուծուած «օ» տառով, եւ միայն փակ վանկի «աւ» երկբարբառն է «օ» տառով փոխարինելի՝ տաւն-տօն, պաշտաւն-պաշտօն, առաւաւտ-առաւօտ՝ բացառութեամբ նաւթ, աղաւնի բառերի։ Փաստօրէն, կանոնը չի գործում այս դէպքում՝ Մարօ≠Մարաւ, Կարօ≠Կարաւ, Սաքօ≠Սաքաւ, քանի որ մեր ունկերը «օ», ոչ թէ «ավ» են լսում այդ անուններում։ Այս հարցը կը լուծուի ինքնաբերաբար, երբ հատուեն ուղղագրութեանը պատուաստուած բոլոր «նորամուծութիւնները», եւ ուղղագրութեան պատմութեան անիւը վերսկսի իր անբռնազբօս երթը. այդժամ, անկասկած, ոչ ոք այդ անունները երկրորդ ձեւով չի գրառի, եւ «աւ»-ի փոխարէն «օ»-ն նախընտրողները նոյնպէս համամիտ կը լինեն։ Եւ անգամ մաշտոցեան ուղղագրութեան համար ընդունելի կը լինի «օ» տառից չհրաժարուելն ու նրա կիրառութիւնը, բայց՝ ուղղագրական համակարգի տրամաբանութեամբ հիմնաւորուած դէպքերում միմիայն։

* Տառադարձման հիմունքներից։ Բնականօրէն, օտար անունները տառադարձելիս անհրաժեշտ է հաւատարիմ մնալ հայերէնի հնչիւնական առանձնայատկութիւններին եւ ուղղագրական կանոններին, եթէ անգամ դրանք լիարժէքօրէն չեն ձայնապատճէնելու օտար անուան հարազատ հնչումը։ Հայերէնի ուղղագրական համակարգում բացառուում է բառավերջի «ի»-ից եւ «է»-ից յետոյ «յ»-ի գրութիւնը։ Անունների դէպքում «յ»-ագրութիւնը գրեթէ բացառուում է «ո» եւ «ա» նշաններից յետոյ եւս։ Ուրեմն, որքան էլ հնչական մակարդակում ռուսական Դմիտրի, Գէորգի, Եւգենի, Վասիլի, Արկադի, Իւրի անուններում լսենք «յ» հնչիւնը, միեւնոյն է, հայերէնում այն չենք արձանագրելու։ Եւ «ի»-ի պարագայում սա արդէն օրէնքի ուժ ունի։ Այդ անունները հոլովուելիս կամ որոշեալ յօդ ստանալիս նոյնպէս «յ» չեն ստանում՝ Դմիտրիի, Գէորգիի, Վասիլիի եւ այլն։ Անհարժեշտաբար հարկ է, որ այդպէս լինի նաեւ Անդրէ, Ալեքսէ, Ֆադէ, Ֆարադէ, Սերգէ, Հալէ եւ այլ անունների դէպքում, բնականաբար՝ նաեւ դրանց որոշեալ առման եւ հոլովուած տարբերակներում՝ Անդրէն, Ալեքսէն, Ֆադէն, Սերգէն, Ալեքսէի, Անդրէի, Ֆադէի, Ֆարադէի, Սերգէի։ Եւ քանի որ տեսականօրէն «է»=«ե+յ», ուստի, որպէս ժամանակաւոր «փոխզիջում»՝ ցանկացողները կարող են հնչեցնել աներեւոյթ եւ հազիւ լսելի «յ»-ն։

* Յատուկ անունների ուղղագրութեան միօրինակացման քայլերից։ Այսօր անհրաժեշտութիւն կայ յատուկ անունների ուղղագրութեան միօրինակացման։ Խորհրդային շրջանում տառադարձումը կատարւում էր ռուսերէնի միջնորդաւորութեամբ։ Այսօր երկու հայ միեւնոյն տեղանունը գրում են երկու տարբեր տառադարձումներով, ինչպէս՝ Զուիցերիա եւ Շուեյցարիա։ Ուստի պէտք է առաւելապէս ընդունելի մէկ սկզբունք որդեգրել, ըստ որի՝ յատուկ անունները հայերէնում ճիշտ է տառադարձել ըստ անուանատու ազգի լեզուական հնչիւնական համակարգի։ Այս մօտեցման դէպքում, որքան էլ վերջին շրջանում, քաղաքական պատճառներով, միտում կայ խուլ բաղաձայններից հրաժարուելու՝ յօգուտ շնչեղ խուլերի, Կալիֆոռնիա անունը հարկ չկայ «ք»-ով տառադարձելու, քանի որ անուանումն առաջացել է լատիներէն calida fornax, հին իսպաներէն՝ Calit Fornay (տաք վառարան) բառակապակցութիւնից, որով իսպանացի գաղութարարները բնութագրել են տարածաշրջանի կլիման։ Իսկ իսպաներէնում, ինչպէս եւ լատիներէնում, «c»-ն ոչ մի դիրքում չի հնչում «ք», այլ՝ խուլ «կ»։

* Հայերէնի հնչիւնաբանական առանձնայատկութիւններից մէկը եւ Հայոց գրերի ընձեռած բացառիկ հնարաւորութիւնը։ Հայերէնի հնչիւնաբանական օրինաչափութեամբ՝ «ն»-ից, նաեւ «լ»-ից առաջ «ր»-ն կոշտանում է, ինչպէս՝ դուռն-դրկից, ամառն-ամարան, դառնալ-դարձ, եղեռն-եղերական, ամբառնալ-ամբարձիչ եւ այլն։ Անշուշտ, նշուած օրինաչափութիւնը չի նշանակում, թէ«ն»-ից առաջ եղած բոլոր «ռ»-երն են հեռանալով վերածուում «ր»-ի, քանի որ արմատական «ռ»-ն մնում է ցանկացած դիրքում՝ գառն>գառին, նուռն>նռան, բեռն>բեռին։ Եւ այսպէս, այս երեւոյթը անհրաժեշտաբար կիրառելի է նաեւ օտար բառերը տառադարձելիս՝ հիմնաւոր եւ տիրաբար օգտուելով նաեւ այն առաւելութիւնից, որ ընձեռում է հայերէնի այբուբենը հնարաւորութիւն տալով փափուկ եւ կոշտ արտասանուող այդ հնչիւնները գրել երկու տարբեր նշաններով՝ ի տարբերութիւն միւս այբուբենների։ Ուրեմն՝ Կալիֆոռնիա, Նիդեռլանդներ, Իռլանդիա, Բեռն, Բեռլին, Թեռլեմեզեան, Կառլ, Շառլ, Մառլէն, Չոռնովիլ եւ այլն։

* Շփոթեցնող երկգրութիւնը։ Նկատի ունենալով, որ դասական հայերէնի շրջանում եւս «յետոյ» բառը ոչ միայն ժամանակային, այլեւ տարածական նշանակութեամբ է կիրառուել, եւ խուսափելու համար անցանկալի, շփոթեցուցիչ երկգրութիւնից՝ նպատակայարմար է արդի գրական արեւելահայերէնում հրաժարուել «հետքից եկող», «յաջորդ» իմաստներով արդարացուող «հետագայ» բառից եւ անցնել բոլոր դէպքերի համար կիրառելի «յետագայ» գրութեանը։

25.08.2017

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter