ՈՒրբաթ, 22 սեպտեմբերի

Չեխ փոխնախարար․ «Հայաստանը կարող ենք դիտարկել որպես դարպաս՝ դեպի Իրան և Ռուսաստան»



Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը։

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, չեխական կողմից՝ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։

Հայկական կողմից Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության, մշակույթի, բնապահպանության, պաշտպանության նախարարությունների, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Չեխական կողմից նիստի աշխատանքներին մասնակցել են Չեխիայի արդյունաբերության և առևտրի, արտաքին գործերի, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, բանկային համակարգի, Չեխիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի, առևտրաարդյունաբերական պալատի, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում Չեխիայի դեսպանության աշխատակիցներ։   

Միջոցառմանը մասնակցել են Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետոթյան արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Միկիսկան։

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ստանդարտացման, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

Նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենատարբեր ուղղություններով համագործակցության վերաբերյալ:

Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, չեխական կողմի համանախագահ Վլադիմիր Բարտլն իր հերթին նշել է. «Կա լավ համագործակցություն Հայաստանի հետ: Հայաստանի և Չեխիայի միջև շատ նմանություններ կան: Բացի դրանից Հայաստանը կարող ենք դիտարկել մեզ համար ոչ միայն որպես բաց երկիր, այլ նաև որպես դարպաս դեպի Իրան և Ռուսաստան»:

Համանախագահները կարևորել են նաև երկու երկրների գործարարների միջև կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը և նշել, որ առաջիկայում` հոկտեմբերին, Երևանում կանցկացվի հայ-չեխական հերթական գործարար համաժողովը, ինչը լավ հնարավորությունն է գործարար կապերը նոր մակարդակի հասցնելու համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ