HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրիաս Ղուկասյանի հեռախոսազրույցների սղագրությունները ամբողջությամբ կհրապարակվեն

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ՊՊԾ գունդը գրաված խմբին միանալու փորձ անելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատաքննությունը: Դահլիճ մտնելուն պես Անդրիաս Ղուկասյանը հարազատների այն հարցին, թե ինչպես է իրեն զգում, հայտարարեց՝ մարտական: Այնուհետև դատավոր Վարդան Գրիգորյանը հրապարկեց նախորդ նիստին ներկայացրած մեղադրողի բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը, ըստ որոշման եզրափակիչ մասի՝ դատարանը մերժեց միջնորդությունը:

Այսօրվա նիստի ընթացքում ամբաստանյալի և նրա պաշտպաններ Կարեն Մեժլումյանի և Ինեսսա Պետրոսյանի կողմից ներկայացվող միջնորդությունները հաջորդում էին իրար:

Անդրիաս Ղուկասյանը միջնորդությամբ հանդես եկավ և հայտնեց, որ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ օպերատիվ հետազոտական գործողություններ իրականացնելու համար: Ըստ միջնորդության՝ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ Անդրիաս Ղուկասյանը դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախորդող և հաջորդող ժամանակահատվածներում նախատեսում է  քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերածել զանգվածային անկարգությունների:

Նրան այդ հարցում օժանդակելու է նաև Պավել Մանուկյանը: «Ոստիկանությունը ակնկալել է ստանալ տեղեկատվություն, որը թույլ կտար կանխել իբր թե նախապատրաստվող հանցագործությունը, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն ընդդիմադիր քաղաքական գործչի վերաբերյալ»,- հայտնեց Ա. Ղուկասյանը, հետո շարունակեց. «Ոստիկանության տեղեկության հիմքում եղել են սուտ և անհեթեթ փաստեր, ես երբեք զանգվածային անկարգություններ չեմ հրահրել, Պավել Մանուկյանի, Վիկտոր Դավթյանի, Գևորգ Ղազարյանի հետ անձնական շփում չեմ ունեցել»:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ոստիկանությունը հարուցել է կեղծ քրեական գործ՝ դիմել է դատարան և ստացել հեռախոսային խոսակցությունների վերահսկման թույլտվություն:

«Միջնորդում եմ օպերատիվ միջոցառման անցկացման արդյունքում ստացված հեռախոսային խոսակցության ձայնագրություններն անթույլատրելի համարել, իսկ վարույթն իրականացնող մարմնի պաշտոնական  փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն լինելու համար հանցագործության մասին հաղորդում ներկայացնել», - հայտարարեց Ա. Ղուկասյանը:

Դատարանը հայտնեց, որ միջնորդությունը պետք է հետազոտել ապացույցներն ուսումնասիրելուց հետո:

Պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս հանդես եկավ միջնորդությամբ և նշեց, որ քննիչին լրացուցիչ միջնորդություն է ներկայացրել  գաղտնալսումների կրիչում  հեռախոսազանգերի բացակայության վերաբերյալ:

«Անդրիաս Ղուկասյանին զանգահարել է  Երևանի ոստիկանապետի տեղակալ Վ. Օսիպյանը և Երևանի այդ ժամանակվա ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Քննիչին միջնորդել ենք տրամադրել գաղտնալսումները, սակայն մերժվել է: Անդրիաս Ղուկասյանը ասում է, որ ինքն այդ անձանց հետ խոսել է, իսկ  քրեական հետապնդումից  երկու օր առաջ Երևանի ոստիկանապետը և տեղակալը իրեն զանգահարել  և սպառնացել են, որ եթե շարունակի, «իր համար լավ չի լինի»: Բայց այդ խոսակցությունները չկան: Մենք միջնորդում ենք հեռախոսային խոսակցությունների սղագրություններն ամբողջությամբ պահանջել»:

Փաստաբանը նշեց, որ  ապացույցներն արդարացնող են և խնդրեց դատարանին խոսակցությունների սղագրություններն ամբողջությամբ ուսումնասիրել: «Ես երկու ձեռնարկությունների գործադիր տնօրեն եմ, չեմ ունեցել անբովանդակալից խոսակցությունները, բոլորն այդ օրերին կարևոր տեղեկություններ պարունակող խոսակցություններ են: Ես համոզված եմ, որ բոլոր խոսակցությունները բխում են իմ շահերից», - հավելեց Անդրիաս Ղուկասյանը:

Դատարանը միջնորդությունը բավարարելու մասով որոշում կայացրեց՝ ապացույցների ուսումնասիրության փուլում դրանք քննելու համար:

Պաշտպանական կողմից մի նոր միջնորդություն ևս ներկայացրեց՝ նոր ապացույցներ գործին կցելու, ուսումնասիրելու, ինչպես նաև վկա կանչելու վերաբերյալ: «Անհրաժեշտ է հետազոտել «Սասնա ծռեր» խմբի և իշխանության միջև տեղի ունեցած բանակցությունների ձայնագրությունները, որը թույլ կտա պարզել «Սասնա ծռեր» խմբի նպատակները և պահանջները: Չէին կարող լինել բավարար հիմքեր «Սասնա ծռեր» խմբավորման հետ համակատարմամբ հանցագործությունների կատարումն ինձ վերագրելու համար», - հայտնեց ամբաստանյալը, ինչպես նաև միջնորդեց փորձագետներ հրավիրել և գործի ընթացքը ուսումնասիրել, նաև միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել Աշոտ Կարապետյանին:

Դատարանը մերժեց Ա. Կարապետյանին դատարան հրավիրելու և  «Սասնա ծռեր» խմբավորման ու իշխանության միջև կայացած բանակցության վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու միջնորդությունը:

Պաշտպանական կողմը միջնորդեց նաև պարզել այն անձանց ինքնությունը, ովքեր կոչեր են հնչեցրել դեպի ՊՊԾ գունդ գնալու, սակայն այս անգամ ևս միջնորդությունը մերժվեց:

Դատավորը հայտնեց, որ ինքը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ և իր ֆունկցիան արդարադատություն իրականացնելն է: Որին ի պատասխան` Կարեն Մեժլումյանը հայտնեց.«Եթե վարույթն իրականցնող մարմինը մերժում է, մենք դատարանին ենք դիմում, դատարանը ևս մերժում է: Ստացվում է, որ մենք պաշտպանության իրավունքից զրկվում ենք»:

Անդրիաս Ղուկասյանի հաջորդ միջնորդությունը ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում նաև լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ էր: Ամբաստանյալը միջնորդում  էր դատարանում հետազոտել պետական և հասարակական մարմինների զեկույցները՝ կապված այդ օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ: Միջնորդությանը միացավ նաև փաստաբան Մեժլումյանը և հայտնեց. «Այն ինչ տեղի է ունեցել Սարի թաղում, պետք չէ ջերմոցային պայմաններում առանձնացնել: Մենք միջնորդեցինք գործերը միացնել, սակայն մերժեցին: Այն ինչ եղել է, հնարավոր է ոստիկանական սադրանք էր,  պետք է մի ամբողջության մեջ լինի, բայց երբ այդ նյութերը պահանջվի, կերևա, թե Սարի թաղում ինչ է տեղի ունեցել»:

Պաշտպանական կողմի հաջորդ միջնորդությունը լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու, ինչպես նաև վկաներ հրավիրելու մասին է: Այն կներկայացվի հաջորդ նիստի ընթացքում: Նիստը կկայանա սեպտեմբերի 19-ին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter