HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու ավագանու նիստերը բոյկոտող ԲՀԿ եւ ԳԱԼԱ կուսակցությունները միացան ՀՎԿ-ին

Գյումրու ավագանու 3-րդ նստաշրջանի գումարման առաջին նիստն անցավ «17+16» ձեւաչափով՝ նիստին մասնակցում էին ավագանու ԲՀԿ-ից ընտրված՝ 8 եւ ԳԱԼԱ-ից ընտրված՝ 4 անդամները: 2016թ-ի հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու նիստերը բոյկոտող «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» եւ ԳԱԼԱ կուսակցություններից առաջինը դիրքերը զիջել էր «Հայկական վերածնունդ»-ը՝ մասնակցելով հունիսի 5-ին կայացած Գյումրու ավագանու երկրորդ նստաշրջանի  7-րդ նիստին:

Անցած ՏԻՄ ընտրություններից հետո սա ավագանու առաջին նիստն է, որ գումարվեց լիարժեք կազմով: Նիստին մասնակցելու հրավիրված էր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն, ով ողջունեց ու քաղաքանպաստ գործունեություն մաղթեց ներկաներին: Ի դեպ, ավագանու ԲՀԿ-ական անդամները նիստերի դահլիճ մտան 6-7 րոպե ուշացումով եւ հրաժարվեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ձեռքից վերցնել մանդատները: ԲՀԿ-ական Արմեն Բադեյանն իրենց որոշումը պատճառաբանեց նրանով, որ օրենքով պարտադրված կետ չկա, թե մանդատները պարտադիր պետք է քաղաքապետը հանձնի:

Նիստի օրակարգում ընդգրկված էր 21 հարց: «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության եւ Անկախության օրվան նվիրված միջոցառումների համար, ինչպես եւ նախորդ տարի, նախատեսվել էր 8 մլն դրամ: Ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմեն Բադեյանը դժգոհեց գումարի չափից՝ համարելով, որ ներկայացված ծախսերը ուռճացված են: ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչներին նույնպես հետաքրքրում էր, թե ինչու է այդքան գումար հատկացվել ինչ-որ մեքենաների եւ սարքավորումների վարձակալության համար (3մլն 615 հազար դրամ):

Անգամ առաջարկ եղավ չծախսել այդ գումարը տոնակատարության վրա, այլ տրամադրել տնակում բնակվող որեւէ ընտանիքի` բնակարան գնելու նպատակով: Ավագանու ընդդիմադիր հատվածից առաջարկ հնչեց մանրամասն ներկայացնել բոլոր ծախսերը, նոր դրանից հետո հարցը դնել քննարկման: Սամվել Բալասանյանը խոստացավ մինչեւ վերջին լուման հաշվետու լինել ավագանու անդամների եւ հանրության առաջ: Օրակարգի այս հարցը քննարկումից հետո ընդունվեց 4 դեմ, 2 ձեռնպահ եւ 27 կողմ ձայների առավելությամբ:

Եվս մեկ քննարկում ծավալվեց Գյումրու «Պիոներ պալատ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությունը հաստատելու առաջարկի ժամանակ: Հոկտեմբերի 1-ին, «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ, պաշտոնապես շահագործման է հանձնվելու «Պիոներ պալատի» նոր շենքը (երկրաշարժից հետո մինչեւ օրս գործել է տնակային պայմաններում-հեղ.): Տնօրենի թափուր տեղի համար պետք է մրցույթ հայտարարվեր, սակայն քաղաքապետը գերադասել էր առայժմ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Թեկնածուն՝ Ջուլիետա Մովսիսյանը, Գյումրու թիվ 9 դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանի եղբոր դուստրն է: Աշխատում է նույն դպրոցում, որպես անգլերենի ուսուցչուհի, թեպետ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի իսպաներենի բաժինը: Խոսակցություններ են շրջանառվում, որ թեկնածուի առաջադրման հարցում որոշակի դերակատարում ունի փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանն, ում կնոջը խոստացվել է թիվ 9 դպրոցում ուսմասվարի պաշտոնը:

Ավագանիներից մի քանիսը քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե հատկապես ո՞ր արժանիքի համար է ընտրվել Ջուլիետա Մովսիսյանը: Արտուշ Մկրտչյանը հավանաբար նման հարցադրման չէր սպասում եւ միակ փաստարկը որ կարողացավ բերել՝ թեկնածուի մի քանի օտար լեզվի տիրապետելու հմտություններն էին եւ իր իսկ խոսքով՝ «կրեատիվ» մտածողությունը:

Քննարկումներ ծավալվեցին նաեւ Գյումրու «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուի նշանակման շուրջ: Օգոստոսի 30-ին «Հավերժ հիշատակ» ՓԲԸ նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանը ձերբակալվել էր խարդախությամբ գումար հափշտակելու  մեղադրանքով: Ըստ քաղաքապետ Սամվել Բալասանյանի` այս պահին միակ արժանի թեկնածուն իր խորհրդական Արտյոմ Դավթյանն է, ում անվերապահ վստահում է, ով կկարողանա շտկել առաջացած բոլոր թերությունները:

Ավագանիները միաձայն հավանություն տվեցին 2017թ-ին աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին եւ նրանց մարզիչներին դրամական պարգեւներ(ընդհանուր 7 մլն 750 հազար դրամ) շնորհելու առաջարկին: Բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Մարգարյանին «Հերոսապատում» գրքի տպագրության համար հատկացվեց 200 հազար դրամ: Համայնքային բյուջեից 1 մլն 600 հազար դրամ էլ որոշվեց որպես սոցիալական օգնություն, անձը 10 հազար դրամ հաշվարկով, տրամադրել 160 դիմումատուի:

Ավագանու հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 6-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter