Կիրակի, 19 նոյեմբերի

Վարչապետի հանձնարարականով ԿԳՆ-ն ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ է մշակել



Կրթության եւ գիտության նախարարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի հանրակրթական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ։

Հայեցակարգի նպատակը ռուսաց լեզվի ուսումնասիրության եւ դասավանդման բարձր որակի ապահովումն է, ինչպես նաեւ ռուսաց լեզվի հանրայնացումը։

Հայեցակարգի հիմնավորումների մեջ տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք, մեղմ ասած, համոզիչ չեն դարձնում, որ հենց ռուսաց լեզուն է այն բացառիկը, որը պետք է Հայաստանում ունենա դասավանդման առանձին հայեցակարգ։

Նախարարությունը նշել է, որ բոլոր օտար լեզուները շատ կարեւոր են` միաժամանակ առանձնացնելով ռուսերենը։ «Հայաստանի կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլն) եւ արեւելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն եւ այլն) լեզուներ:

Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս եւ մասնագիտական հմտություններ ձեւավորելիս»,- նշված է նախագծում:

ԿԳՆ մասնագետները վարչապետի հանձնարարականից հետո հանկարծ պարզել են, որ «արտադրության, գիտության, կրթության եւ մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաեւ համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր եւ անհրաժեշտություն»:

Կարճ ասած՝ եթե ուզում ես ինտեգրվել աշխարհին` մշակութային, արտադրական, գիտական ու կրթական առումներով, ապա ստեղծիր ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգ։

Նշենք, որ ռուսաց լեզուն տարածվում է բացառապես նախկին ԽՍՀՄ երկրների տարածքներում եւ այդ լեզվով խոսողների թվով աշխարհում ութերորդ տեղն է զբաղեցնում։ Ընդ որում, նախկին ԽՍՀՄ-ի որոշ երկրներում այլեւս անհնար է դառնում ռուսերենով շփվելը, այդ թվում՝ Վրաստանում ու Մերձբալթյան երկրներում, որտեղ Ռուսաստանն այլեւս իշխող կամ գործընկեր երկիր չէ։

Իսկ Հայաստանում մտնում ես առողջապահական հիմնարկներ, աշխատակիցները ռուսերեն են խոսում, երաժշտանոցներում նույն պատկերն է, թատրոններում՝ գրեթե նույնը։ Ի՞նչ խնդիր ունի ռուսաց լեզուն Հայաստանում, որ կառավարությունն առանձին հայեցակարգ է մշակում։

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ սա աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջ է։

«Մենք պարտավոր ենք, որ մեր երիտասարդները մի քանի օտար լեզուների տիրապետեն»,- նշեց պաշտոնյան։

- Բայց ռուսերենն առանձնացվել է մյուս լեզուներից։ Ինչու՞։ Թվում է՝ Հայաստանում ռուսերենի իմացության մեծ խնդիր չունենք։

- Ունենք, ունենք։ Ունենք ե'ւ գիտական առումով, ե'ւ ազատ խոսքի տիրապետման։ Մենք համարում ենք, որ ռուսերենի իմացությունը քաղաքացիների համար մրցակցային առավելություն է։ Բարձրագույն կրթություն ստանալիս ուսանողները բավականին խնդիր են ունենում ռուսաց լեզվի հետ կապված։ Հետեւաբար խնդիր առաջացավ, որպեսզի առանձին հայեցակարգով ռուսաց լեզվի դասավանդումը կազմակերպվի։

Ռուսերենն առանձնացրել ենք՝ նաեւ հաշվի առնելով մեր մեծ գաղթօջախը այդ երկրում։

- Բայց հիմա ամենամեծ պահանջարկն ունի անգլերենը։ Թեկուզ Հայաստանում։ Ռուսախոս շուկան էլ այնքան մեծ չէ աշխարհում, որքան անգլերենը, չինարենը, թեկուզ արաբերենը։

ԿԳՆ-ի այս նախաձեռնությունը քաղաքակա՞ն է` հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։

- Մեզ համար բոլոր օտար լեզուներն էլ կարեւոր են։ Ճիշտ եք նշում. ԵԱՏՄ անդամ լինելու առումով՝ սա հեռանկարային է։ Իսկ ինչ մնում է այն պնդմանը, թե անգլերենը ավելի մեծ պահանջարկ ունի, չգիտեմ՝ այդ վերլուծությունը որտեղից եք վերցրել։

Մեր ներքին շուկայում ռուսերենին տիրապետող մասնագետների շատ մեծ պահանջարկ կա։

- Պարոն Արշակյան, այս նախաձեռնությունը որքանո՞վ է քաղաքական։

- Սա ԿԳՆ բարեփոխումների շրջանակներում իրականացվող գործընթաց է եւ բխում է կառավարության ծրագրից։

Այո, ռուսաց լեզվին մենք ինչ-որ առումով գերակայություն տալիս ենք։ Եթե ուշադիր լինեք, երկրորդ դասարանից մենք ուսումնասիրում ենք այդ լեզուն։ Միաժամանակ մենք չենք ասում՝ անգլերենի պահանջարկը չկա։

- Հայեցակարգում նշված է, որ Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցման մակարդակը բավարար չէ։ Ստացվում է, որ այսքան տարի ԿԳՆ-ում դժգո՞հ էին ռուսերենի դասավանդման որակից։

- Այո, իհարկե։ Այսօր մեր երիտասարդները դպրոցն ավարտելուց հետո խոսակցական խնդիրներ են ունենում, բուհական մակարդակում գրավոր աշխատանքները բավարար որակի չեն։ Իսկ դա մրցունակության խնդիր է ստեղծում։  

- Հայոց լեզվի դասավանդման մակարդակից գո՞հ եք։

- Չենք ասում, թե այդտեղ խնդիր չունենք։ Նախարարությունը բարեփոխումների փուլում է գտնվում։ Մենք հայոց լեզուն ուժեղացնելու համար դպրոցական ծրագրերում բավականին փոփոխություններ ենք կատարել։

- Մայրենի լեզվի վերաբերյալ նման հայեցակարգ կա՞։

- Իհարկե, պետք է ունենանք։ Որքան ես տեղյակ եմ՝ ունենք։

- Պարոն Արշակյան, ազգային գրադարանի ընթերցասրահներում եմ տեսել, որ ուսանողները սովորում են 60-70-ականներին ռուսերենով հրատարակված դասագրքերով։ Հատկապես ապագա բժիշկների մասին է խոսքը։ Հայերենով անգամ դասագրքեր չկան, իսկ նախարարությունը ջանք է թափում ռուսերենն ամրապնդելու համար։

- Դա էլ է խնդիր։ Դա էլ վերափոխման կարիք ունի։ Ես չեմ ասում՝ էդպես չէ։ Նախագիծը քննարկման է դրված, յուրաքանչյուրդ առաջարկներ արեք։

Նոր հայեցակարգով ԿԳՆ-ն մտադիր է հասնել նրան, որպեսզի ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն եւ այլ առարկաները հայերենին զուգահեռ դասավանդվեն նաեւ ռուսերեն լեզվով։

Հաջորդ քայլով կքննարկվի ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների եւ դասարանների, ինչպես նաեւ ռուսերենով ուսուցմամբ դասարանների թվի ավելացման նպատակահարմարության հարցը։ Այդ նպատակով կիրականացվի մշտադիտարկում։

Մի կարեւոր փաստ եւս։ Կառավարությունն ինքը փաստում է, որ թե´ դպրոցներում, թե´ միջին մասնագիտական, թե´ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ուսուցման խնդիր կա, ձեռնարկների որակն այն չէ։

Կառավարության «ՀՀ լեզվական քաղաքականության 2018-2023 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծում, որը նույնպես տեղադրված է էլեկտրոնային շտեմարանում, խոստովանություն կա այն մասին, որ դպրոցական եւ բուհական նորաստեղծ հայալեզու դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների լեզվական որակը հեռու է բավարար լինելուց, բուհական մի շարք մասնագիտությունների համար խիստ սակավ են կամ բացակայում են հիմնարար դասագրքերի եւ ձեռնարկների հայերեն թարգմանված տարբերակները եւ այլն։

Այս ձեւակերպումը պատճենված է դեռեւս 2002 թվականին ընդունված մեկ այլ որոշումից։ Ստացվում է, որ գոնե 15 տարի հայոց լեզվի առումով իրավիճակը նույնն է, եւ դեռ հայերենի խնդիրներին լուծում չտված` կառավարությունը շտապում է ռուսաց լեզվին վերաբերող հայեցակարգ ընդունել։

Ի դեպ, զրուցեցինք որոշ լեզվաբանների եւ կրթության մասնագետների հետ` մեկնաբանություն ստանալու նպատակով։ Հայեցակարգին որեւէ մեկը դեռեւս ծանոթ չէ, տեղյակ չեն նորամուծության մասին։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. Արմեն17:55 - 15 սեպտեմբերի, 2017
Երեխաները չեն կարող մեծ քանակությամբ լեզուներ սովորել։ Մի գուցե բացառություններ կլինեն, բայց մեծամասնությունը ունակ չի։ Ուղղակի կխլենք նրանցից մանկությունը եթե ստիպենք մի քանի լեզու բացի մնացած առարկաները սովորեն։ Այդ պատճառով հարկավոր է օպտիմիզացնել ուսուցվող լեզուները։ Բնականաբար, առաջինը հայերենն է։ Երկրոդ լեզուն վորը անշուշտ հարկավոր է սովորել խորացված դա անգլերենն է, քանի որ ժամանակակից գիտական, գիտահանրամատչելի և տեխնիկական գրականությունը արկա է միայն և միայն այդ լեզվով։ Իսկ ռուսերենով չկա ոչ գիտական, ոչ տեխնիական ժամանակակից գրականություն։ Միայն գիտպոպ և Տոլստոյը։ Հիմա իմա՞ստը երեխուն տանջել ռուսերենով։ Ես չեմ տեսնում իմաստ։ Այդ ժամանակը ավելի լավ է ծախսել անգլերենի վրա։ Օրինակ ես ռուսերենին տիրապետում եմ հայերենից լավ։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ օգուտ դրանից։ Ավելի լավ չեր լինի՞ մայրենի հայերենը և անգլերենը այդպես իմանաի։ Հոդված գրելիս լեզվային խնդիրներ չեի ունենա։ Իսկ ռուսերեն ոչ գիտական հոդված ա գրվում, դե բացի տուֆթա հոդվածներից, ոչ ել շբվում ես աշխարհոմ։ Սա զուդ քաղաքական քայլ է մեր ապագա սերունդները ռուսական կայսրական գաղափարախոսությունով զոմբիացնելու նպատակով։ Էս Կարեն Կարապեյանը լրիվ ռսի գործակալ ա։
2. Վաչե08:27 - 18 սեպտեմբերի, 2017
Համոզված եմ, յուրաքանչյուր հայ մարդ, ծնող գերազանց գիտե ,թե համաշխարհային քաղաքակրթությանը ինտեգրվելու համար որ լեզվի իմացությունն է կարևոր իր երեխայի համար։ ԿԳՆ ինչպիսի քայլերի էլ դիմի միևնույն է ռուսերենի ռեանիմացիան Հայաստանում այլևս անհնար է, քանի֊որ տեսանելի ապագայում ռուսերեն լեզուն այլևս պիտանի չի լինի նույնիսկ Ռուսաստան կոչվող այժմյան տարածքի մեծ մասում։ ՌԴ շատ ազգային միավորների տարածքներում գերադասում են իրենց մալրենի լեզվի և որևե օտար լեզվի՝ հիմնականում անգլերենի խորացված ուսուցումը։ ՀՀ վարչապետը սպառելով Մոսկվային սիրաշահելու իր բոլոր միջոցները , վերջին հոյսը կապել է հայ երեխաների ուսուցումը խեղաթյուրելու հետ։ Ինչպես ասում են խեղդվողը ձեռը փրփուրներին էլ է գցում։ Նա չի պատկերացնում թե ինչ է նշանակում կրթությունը հայ մարդու համար, և որ իր նման մոսկվայի դրածոները անզոր են շեղելու ճիշտ ճանապարհից։ Արժե արդյոք մի քանի ամսվա պաշտոնավարման համար ստանձնել նման ստորացուցիչ գործառույթ։ Ինչ վերաբերվում է ռուսաց լեզվին, Հայաստանում այն առայժս մնում է որպես խոպանչիների լեզու և ուրիշ ոչինչ; Հայ երեխաներին օդի ու ջրի պես անհրաժեշտ սովորել և տիրապետել միջազգային լայն կիրառություն ունեցող այնպիսի լեզուներ , ինչպիսիք են անգլերենը իսպաներենը , չինարենը ֆրանսերենը, գերմաներենը ։ Նույն Ռուսաստանոմ գրեթե բոլոր քիչ թե շատ ապահովված ընտանիքների երեխաները սովորում են Եվրոպայի կամ ԱՄՆ ԲՈՒՀ֊ երում։ Մոսկվայի Պետ Համալսարանը, որը չի մտնում նույնիսկ աշխարհի լավագույն համալսարանների հարյուրյակի մեջ, իր մասնաճյուղն է բացում Երևանում, որտեղ բացի կաշառակերության հիմունքներից ոչինչ չեն սովորեցնում։
3. Վարազ Սյունի 04:16 - 19 սեպտեմբերի, 2017
Հայաստանի բնակիչների մեծագույն մասը հայեր են. Հայաստանում ռուսերենը ի՞նչու «առանձին խորացված հայեցակարգով» պիտի դասավանդվի դպրոցներում:Կրեմլը փորձում է հայի մեջ խեղդել հայերենո՛վ մտածելու (ուստի նաև անկախ մնալու) հնարավորությունը, որպեսզի հնարավորինս շուտ կլանի հայի պետականությունը: Հայաստանում միայն ՀԱՅԵՐԵՆԸ «առանձին խորացված հայեցակարգով» պիտի դասավանդվի դպրոցներում: ՎԵՐՋԱԿԵՏ:
4. протоиерей Арсений Григорянц16:32 - 21 սեպտեմբերի, 2017
Выбор второго языка в образовательной системе малого народа связан с выбором цивилизационной орбиты. Реально есть три варианта: английский, русский, китайский. Армения сделала свой выбор в пользу русского цивилизационного пространства, значит -- выбор русского очевиден. К тому же внутриэкономический фактор, упомянутый в статье. Очень много рабочих мест в Армении создают российские компании.
5. Վաչե06:35 - 23 սեպտեմբերի, 2017
Ինչ քաղաքակրթական տարածքի մասին է խոսքը, երբ իրենք՝ ռուսները տեղյակ չեն նման երևույթի մասին։ Ռուսաստանը հանդիսանալով Ոսկե Հորդայի անբաժանելի մասը և միակ իրավահաջորդը չի կարող ունենալ որևե քաղաքակրթական տարաժք ։ Առավել ևս Հայաստանը չի կարող ընտրել նման գոյություն չունեցող տարածք։ Ցանկացած գրաճանաչ հայ գերազանց գիտի, որ Հայաստանը և հայ ժողովուրդը անվերապահորեն հանդիսանում են Եվրոպական քաղաքակրթության կրողներ, իսկ ռուսական էքսպանսիայի տարածքում ենք հայտնվել ճակատագրի դառը խաղերի և գեներից զուրկ որոշ «հայերի» ջանքերով։ Ռուսաց լեզվի մասին նոր հայեցակարգի մշակումը կրեմլին սապոնվելու հերթական գործարք է, որը ոչ մի արդյունք չի ունենա։ ԽՍՀՄ վախճանի հետ մեկտեղ վախճանվեց նաև ռուսերենի գործածության պարտադրանքը։ Այժմ նույնիսկ ռուսաստանի ազգային֊ տարածքներում՝ Թաթարստան ,Բաշկիրիա Չեչնիա և այլն ռուսերենին նայում են որպես ժամանակավոր, երկրորդակա լեզու, որովհետև բոլորը գիտեն, որ Ռուսաստանը անշեղ քայլերով գնում է Սովետի ճանապարհով։ Իսկ Հայաստանում որևե դրական քայլ սպասել դաշնակցական նախարարից առնվազն միամտություն կլիներ։ ;
6. Ռաֆայել17:56 - 24 սեպտեմբերի, 2017
Այսօր ցավոք սրտի նոր սերունդը ունի խնդիր ռուսերեն լեզվով հաղորդակցվելու և դա գալիս է նրանից, որ համապատախան ուսւոմնական հաստատություններում չեն ապահովում պատշաճ մակարդակ ռուսերեն լեզվի ուսուցման: Չկան արդեն համապատասխան մակարդակի ռուսերեն լեզվի մասնագետներ, դասագրքերը տպագրվում են Հայաստանում և նրանցում չի ապահովվում համապատասպխան մակարդակ: Եթե գնանք թեկուզ 15 տարի հետ` ռուսական թեքումով համարվող դպրոցներում երեխաները ուսանում էին Ռուսաստանից բերված գրքերով`այն գրքերով, որոնցով սովորում էին ռուսները և դա մեծ առավելություն է տալիս մեզ այսօր` այդ գրքերով սովորած աշակերտներիս միջազգային հարթակներում ռուսերեն հաղորդակցվելիս և երկիր ներկայացնելիս: Իսկ ինչ կլինի հետո և երբ կառավարական աթոռներին կնսնտեն մարդիք, ովքեր չգիտեն ռուսերեն և չեն կառողանալու հաղորդակցվել` արդեն ցավալի է պատկերացնել, որովհետև այսօր արդեն կա այդ խնդիրը: Եվ իհարկե չի կարելի մոռանալ, որ 70 տարի ապրել ենք միասին: Միևնույն ժամանակ իհարկե չի կարելի մոռանալ, որ մեր պետական և մայրենի լեզուն հայերենն է և մենք ՀԱՅ ենք:
7. протоиерей Арсений Григорянц23:50 - 25 սեպտեմբերի, 2017
Дискутировать по поводу тезисов "Русь -- цивилизационный приемник Золотой Орды, Армения -- часть Европы", думаю, не имеет смысла по понятным причинам :-) Прискорбно, что подобный нонсенс выдается за мнение всех образованных армян. За почти тридать лет пребывания в системе высшего образования Армении мне не пришлось встречать людей, мыслящих в таких категориях. С другой стороны, конечно, неоспоримо, что армянский язык, являясь государственным и основным, находится вне конкуренции и речь идет лишь о том, нужно ли поддерживать еще один или несколько языков в образовательной системе Армении. Не понятно почему при обсуждении этого вопроса в качестве контраргумента приводится необходимость поддержки армянского языка, которая и так очевидна. Но данная инициатива минобра решает другую, тоже очень насущную задачу. Если бы мы обладали собственной научно-технической базой и собственными научными школами хотя бы по основным направлениям, можно было бы говорить об отсутствии необходимости поддерживать дополнительный язык (языки) в системе образования. Печальная правда состоит в том, что мы этими исходными данными не обладаем. Следовательно, выбор (и, как следствие, поддержка) дополнительного языка является не прихотью минобра а необходимостью. Таким образом, остается только вопрос о том, какой именно язык выбрать. И тут есть достаточно веские аргументы в пользу русского, которые я привел в предыдущем коментарии.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ