HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկացի մասնագետներն այցելել են Խոսրովի արգելոց

Սեպտեմբերի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամներ` Դանա Բաթլերը, Էնդրյու Բաուերը և ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուի և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ սեպտեմբերի 9-ին մեկնել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Խմբի աշխատանքներին մասնակցել են նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբեան» բնապահպանական կենտրոնի մասնագետները:

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այցը մեկնարկել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքից, որտեղ տեղակայված թանգարանում հյուրերն տարածական քարտեզի միջոցով ծանոթացել են այրված տեղանքին, կենսաբազմազանության նմուշներին: Մի քանի օր մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է կատարել արգելոցի այրված մի շարք տեղամասերում, իրականացրել փաստագրումներ և գնահատումներ: Ամերիկացի մասնագետները դիտարկել են «Խոսրովի անտառ» արգելոցում առկա ջրային համակարգերը, հակահրդեհային ենթակառուցվածքների առկա համակարգերը /ճանապարհները, գետերը, աղբյուրները/: Գնահատել անտառային և խոտածածկ հատվածներին հասցված վնասը, հողի մակերեսի այրվածքների խորությունը: Դիտարկումների արդյունքում ձևավորվելիք մասնագիտական եզրակացությունները կներկայացվեն ավելի ուշ, սակայն խմբի անդամներն ուրախությամբ և զարմանքով արձանագրել են, որ հրդեհից արդեն կարճ ժամանակ անց տարածքներում նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է այն մասին, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն: Տերևակալումներ են նկատվել նաև հրդեհից վնասված լայնատերև ծառերի մի մասի մոտ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն շեշտել է, որ հրդեհի առաջին իսկ օրվանից իրազեկված են եղել աղետի ընթացքի վերաբերյալ, առաջարկել են իրենց օգնությունը և կարճ ժամանակահատվածում մասնագիտական խումբը կազմավորվել և հրավիրվել է Հայաստան, որպեսզի  աջակցի վերականգնողական աշխատանքներին: Ըստ բանախոսի, մասնագիտական  գնահատականները  կտրամադրվեն նաև հասարակական կազմակերպություններին:

Անտառային գենետիկայի մասնագետ Էնդրյու Բաուերը նշել է, որ արգելոցում պետք է նպաստել բնական վերականգնման գործընթացին, ինչն արդեն այսօր նկատելի է:

Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի բաժնի պետ Արամ Աղասյանը նկատել է, որ ուսումնասիրություններ և մոնիթորինգ իրականացնելու նպատակով նախատեսվում է այրված տարածքներում գիտական նպատակներով առանձնացնել փորձահրապարակներ, որտեղ իրականացվելիք ուսումնասիրությունների արդյուքները թույլ կտան հետագայում մոդելավորել և կանխատեսել բնական էկոհամակարգերի վերականգնման ընթացքը:

Հիդրոլոգ Դանա Բաթլերը նշել է, որ գնահատելու են ռիսկերը` հետագայում հրդեհները կանխարգելելու  նպատակով:

Սեպտեմբերի 13-ին խումբը մեկնել է Արտավանի անտառներ` տեղում վիճակին ծանոթանալու նպատակով: Ըստ Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող  Մարիամ Թևզաձեի` ԱՄՆ մասնագետների խումբը կգնահատի վնասները և կտրամադրի կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական օժանդակության առաջարկներ: ՀՀ և ԱՄՆ կառավարություններին տրամադրվելիք եզրակացությունը հիմք կարող է հանդիսանալ նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter