HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ուղիղ մեկ տարի` վարչապետի պաշտոնում. տնտեսական զարգացումները Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016թ. սեպտեմբերի 13-ին, Կարեն Կարապետյանը ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Որոշ ժամանակ անց ձևավորվեց նոր կառավարությունը՝ Կարապետյանի գլխավորությամբ։

Նոր վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է։ Սա հստակ ազդակ էր հանրությանը՝ չսպասել արագ փոփոխությունների։ Այդ մասին նաև ուղիղ տեքստով հայտարարվեց։ «Արագ փոփոխություններ, որ ասում եմ՝ չի լինի, դա չի նշանակում, որ քայլեր չենք ձեռնարկելու։ Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու և սոցիալական լարվածությունը թուլացնելու համար, և  բիզնեսի զարգացման առումով։ Բայց պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա: Եթե տնտեսության մեջ փոփոխություն ենք ուզում, պետք են համակարգային փոփոխություններ: Ռեալ, մեր տնտեսության վիճակը, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր»,- վարչապետի պաշտոնում նշանակման հենց հաջորդ օրը Ազգային ժողովում հայտարարեց Կարեն Կարապետյանը։

Մյուս կողմից էլ նոր վարչապետի այս հայտարարությունն ընկալվեց որպես բացասական գնահատական նախորդ կառավարության գործունեությանը, որը ղեկավարում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ակնհայտ էր, որ բնակչության շրջանում, հատկապես բիզնես հատվածում, սկզբում բավականին ոգևորություն էր տիրում՝ մեծ սպասումներ կային  նոր կառավարության հետ կապված։ Դա մեծամասամբ հենց վարչապետ Կարեն Կարապետյանի անձով էր պայմանավորված։ Նա եկել էր բիզնես հատվածից։ Մինչև վարչապետի պաշտոնին անցնելը, նա եղել է «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահ, «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը, «Գազպրոմ էներգոհոլդինգ»-ի գլխավոր տնօրենի տեղակալը։ Մինչ այդ էլ, հիշեցնենք, ոչ երկար ժամանակահատվածում եղել է Երևանի քաղաքապետ։ Շատերի սպասումները հենց կապված էին բիզնես հատվածում նրա ունեցած փորձի հետ՝ համարելով, որ եթե վարչապետը «ներսից» ծանոթ է այդ հատվածին, ապա  կարող է երկրի տնտեսության կառավարումը ճիշտ կազմակերպել։  

Ըստ էության, այսօր հնարավոր չէ գնահատել՝ վստահության ու սպասումների նման մակարդակը որքանով է պահպանվել, սակայն կրկին ակնհայտ է, որ այն թուլացել է։

Տնտեսությամբ հետաքրքրվող լրատվամիջոցներն ու տարբեր ոլորտների մասնագետները ամփոփում են վարչապետի գործունեության մեկ տարին։ Եվ գրեթե բոլոր դեպքերում տրվում են սուբյեկտիվ գնահատականներ, ինչը տրամաբանական է։ Իսկ մենք փորձենք պարզապես հասկանալ, թե ինչ զարգացումներ են գրանցվել այս մեկ տարում տնտեսության տարբեր ճյուղերում։ Սա ևս սուբյեկտիվ մոտեցում է, քանի որ Կառավարությունն այսօր ներկայացնում է ցուցանիշներ, ըստ որոնց՝ տնտեսությունն աճում է, իսկ մենք կամ մյուսները տողատակերում տեսնում ենք բազմաթիվ նրբություններ և անտեսված ցուցանիշներ։

Ներդրումներ

Սա այն թեման է, որով հաճախ գնահատվում է՝ վարչապետը կատարում է իր խոստումները, թե՞ ոչ։ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այս տարի՝ 2017 թվականին, մեր երկրում կատարվելու է 800-850 մլն դոլարի ներդրում (որոշ տեղերում նշվում էր 830-840 մլն դոլար, 830-850 մլն դոլար)։ Եվ միայն  վերջերս պարզաբանվեց, որ խոսքը ոչ թե միայն օտարերկրյա ներդրումների մասին է, այլև՝ տեղական։ Ավելին՝ օտարերկրյա ներդրումների մի հատված այստեղ չի էլ ներառվում։ Այսինքն՝ սա իրականում մեծ ցուցանիշ չէ ներդրումների համար, եթե այն ներառում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումներ։

Մինչդեռ վարչապետի խոսքից եզրակացվել էր, որ խոսքը միայն օտարերկրյա ներդրումների մասին է։ Ինչևէ, մոտ մեկ շաբաթ առաջ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարեց, որ առաջին կիսամյակում հայտարարված ներդրումների շուրջ 40%-ն  իրականացվել է։ Թե որ ոլորտներ են հոսել այդ ներդումները` չի պարզաբանվել։ Նաև հայտնի չէ` մինչև տարեվերջ հայտարարված ողջ ծավալով ներդրումներ կլինեն, թե՞ ոչ։

Իսկ ինչ վերաբերում է միայն օտարերկրյա ներդրումներին, ապա ըստ նախարարության՝ առաջին կիսամյակում աճ է գրանցվել։ Միևնույն ժամանակ, ըստ վիճծառայության, ներդրումների հոսքն ինքնին ավելի փոքր է եղել, քան նույն ներդրումների գծով արտահոսքը։ Նախարարությունից հորդորում են սա կապիտալի արտահոսք չանվանել։ Այս խճճված թեմայի մասին՝ այստեղ։

Արտահանում

Հաջորդ ցուցանիշը, որ կառավարության անդամները անընդհատ շեշտադրում են՝ արտահանման ծավալներն են ու աճը։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի վերջին տվյալների՝ այս տարվա հունվար-հուլիսին արտահանումը Հայաստանից կազմել է մոտ 1,185 մլրդ դոլար։ Արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 21,6% է։

Բացի ԱՎԾ-ն, արտահանման ցուցանիշներն ավելի մանրամասն ներկայացնում է նաև ՀՀ մաքսային ծառայությունը։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալները ցույց են տալիս, որ արտահանման աճի կեսը պայմանավորված է պղնձի արտահանման ծավալների աճով։ Իսկ պղնձի արտահանման աճին նպաստել է միջազգային շուկայում դրա թանկացումը։

Մյուս ապրանքատեսակը, որի մասով աճ ունենք, կոնյակն է։ Մեծամասամբ արտահանվել է նախորդ տարիներին կուտակված կոնյակը։

Այս ապրանքների ցանկն ավելի մեծ է։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ արտահանման աճը չի կարելի վերագրել միայն կառավարության գործունեությանը։ Դրա վրա մեծ ազդեցություն ունեն նաև արտաքին գործոնները։

Պետական պարտք

Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք շարունակում է աճել նաև պետական պարտքը։ Վերջին տվյալներով` Հայաստանի պետական պարտքը այս տարվա հուլիսի վերջի դրությամբ կազմել է  շուրջ 6,2  մլրդ ԱՄՆ դոլար։ Այս տարեսկզբի համեմատ` պարտքն ավելացել է 4,4%-ով։ Իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ` այն աճել է 15%-ով։ Պարտքը շարունակում է ինտենսիվորեն ավելանալ, իսկ երկրի կառավարությունը կոչ է անում դրանից «ողբերգություն» չսարքել։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Տնտեսական աճ

2016 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է ընդամենը 0,2%:

Իսկ այս տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը սովորաբար քիչ է տարբերվում ՀՆԱ-ի՝ տնտեսական աճի ցուցանիշից, կազմել է 6,2%:  Եվ, ինչպես սպասվում է, տարեկան տվյալներով տնտեսական աճը կարող է 6%-ի սահմաններում լինել։

Ինքնին վատ ցուցանիշ չէ Հայաստանի տնտեսության համար, սակայն բարձր էլ չէ՝ հաշվի առնելով մեր երկրի ՀՆԱ-ի ոչ մեծ ծավալները։ Իսկ ավելի կարևոր է՝ արդյոք այն որակակա՞ն աճ է և արդյոք այն տնտեսության զարգացման արդյունքն է։ Տնտեսական աճի որակական լինելը կասկածի տակ է առնվում հատկապես այն ժամանակ, երբ այդ աճը «տրոհում» ենք՝ ըստ ոլորտների։

Վիճծառայությունը վերջերս հրապարակել է ՀՆԱ-ի՝ տնտեսական աճի այս տարվա երկրորդ եռամյսակի ցուցանիշները։ Պարզվում է, որ տնտեսական աճին հիմնականում նպաստել են առևտուրն ու ծառայությունները։ Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն, 2016թ.-ի նույն եռամսյակի համեմատ, աճել է 5,5%-ով։ Դրան 5,9 տոկոսային կետով նպաստել են հենց առևտուրն ու ծառայությունները, 0,6 տոկոսային կետով՝ արդյունաբերությունը։ Իսկ գյուղատնտեսությունն ու շինարարությունը բացասական ազդեցություն են ունեցել՝ զսպելով աճը։ Այսինքն՝ տնտեսական աճը դեռևս չի նշանակում, որ տնտեսությունը զարգանում է բոլոր ոլորտներում։

Ոլորտների ու ցուցանիշների այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Այստեղ այն ուղղություններն են, որոնք առավել հաճախ շեշտադրում են հենց կառավարության անդամներն իրենց ելույթներում։

Վարչապետի և առհասարակ կառավարության գործունեության արդյունքների համար մեկ տարին, գուցե և, բավարար չէ։ Օրինակ՝ շարքային քաղաքացին որևէ փոփոխություն կզգա, երբ աշխատատեղեր ավելանան, աշխատավարձերն աճեն, քաղաքացիների վարկային բեռը թեթևանա և այլն, իսկ նման արդյունքների համար մեկ տարուց ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Սակայն մեկ տարին բավարար է հասկանալու, թե կառավարությունն ու վարչապետը ինչ ուղղություններ են կարևորում։ Օրինակ՝ մենաշնորհների դեմ պայքարի հարցում չեն երևում հստակ ծրագրեր ու քայլեր։ Մինչդեռ մենաշնորհները մեր երկրի տնտեսության գլխավոր խոչընդոտներից են։

Կառավարությունը ևս ամփոփել է գործոնեության մեկ տարին և հաշվետվություն ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ։ Այնտեղ ևս շեշտադրվել են այն ուղղությունները (և ոչ միայն), որոնք ներկայացրել ենք հոդվածում։

Կառավարության հաշվետվությանը կանդրադառնանք առանձին։

լուսանկարում` Կարեն Կարապետյանը` պաշտոնը ստանձնելուց հետո առաջին նիստին, 15 սեպտեմբերի 2016 / gov.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter