ՈՒրբաթ, 17 նոյեմբերի

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մայիսի 1-ի դրությամբ պահվում էր մոտ 1500 ազատազրկված՝ նախատեսված 820-ի փոխարեն



Թեպետ կալանքը որպես խափանման միջոց հազվադեպ ու բացառիկ դեպքերում կիրառելու անհրաժեշտության մասին մշտապես խոսվում է, սակայն այս տարվա միայն 6 ամիսների վիճակագրությունը դարձյալ վկայում է, որ կալանավորումը ամենահաճախ կիրառվող խափանման միջոցն է: Ուշագրավն այն է, որ բերված կալանավորման միջնորդությունները 99 տոկոսով բավարարվում են դատարանների կողմից:

Այսպես՝ 2017 թ-ի 6 ամիսների ընթացքում նախաքննական մարմինները դատարան են ներկայացրել 1215 կալանավորման միջնորդություն, որից ընդամենը 60-նն է մերժվել, մնացած 1155 միջնորդությունը բավարարվել է: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի դատական համակարգի կայքից:  

Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները ևս մեծ թիվ են կազմում. 6 ամսվա ընթացքում՝ 733 նման միջնորդություն է ստացվել, որից մերժվել է միայն 15-ը:

Փոխարենը՝ հակառակ պատկերն է արձանագրվել գրավի կիրառման պարագայում: Գրավի 352 միջնորդություններից 295-ը մերժվել են դատարանների կողմից:

Նաև կալանավորման որոշումների հետևանքով է հայաստանյան ՔԿՀ-ներում առկա գերբեռնվածություն, որի մասին հիշատակումներ կարելի է կարդալ ՄԻՊ-ի, տեղական ու միջազգային տարբեր կառույցների գրեթե բոլոր տարիների զեկույցներում:  

Նշենք, որ այս տարի զգալի ավելացել է ազատազրկվածների թիվը բանտերում ու գաղութներում՝ այս տարվա միայն 5 ամիսների թվերով հասնելով շուրջ 5000-ի: Ամենածանրաբեռնված քրեակատարողական հիմնարկը, ինչպես միշտ, «Նուբարաշեն»-ն է, որտեղ այս տարվա մայիսի 1-ի դրությամբ, ըստ ՔԿՎ տվյալների, պահվում է 1496 անձ (այնինչ ՔԿՀ-ն նախատեսված է 820 անձի պահման համար), որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է նախնական կալանքի տակ, այսինքն՝ դեռ չունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Համեմատության համար նշենք, որ ըստ ՄԻՊ-ի գրասենյակի տվյալների, 978 կալանավոր ու դատապարտյալ եղել է 2015-ին: Եվ սա ՄԻՊ գրասենյակը համարել է գերբնակեցում: Այնինչ այս տարվա 5 ամիսների տվյալներով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում է շուրջ 1500 քաղաքացի:

Այսօր 5000-ի հասնող ազատազրկվածների մի մասը կարող էր կալանավայրում չլինել, եթե քննչական մարմինների՝ անձանց կալանավորելու միջնորդություններն 99 տոկոսով չբավարարվեին դատարանների կողմից:

Մինչև անցյալ տարի կալանավորների ու դատապարտյալների թիվը չէր հատել 4000 անձի սահմանը: Սակայն ազատազրկվածների թիվը կտրուկ ավելացել է այս տարվա 5 ամիսներին՝ մոտենալով 5000-ին: 2014-ին հայաստանյան կալանավայրերում եղել է 3923 անձ, 2015-ին՝ 3880, իսկ 2016թ-ին՝ 3898 քաղաքացի:

Կալանավորվածների ու դատապարտյալների թվի ավելացումը պայմանավորված է նաև պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հազվադեպ կիրառմամբ, կալանքը որպես խափանման միջոց հաճախակի ընտրելու իրավակիրառ պրակտիկայով և վերջին տարիներին համաներում չկիրառելու հանգամանքով:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Иван11:28 - 14 սեպտեմբերի, 2017
Не всех же надо под арест. Лучше применять залог, в этом случае и затрат на содержание не надо и залог можно использовать как беспроцентную ссуду государству. Хорошая помощь бюджету.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ