HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը «Նաիրիտ» գործարանում քիմիական վտանգավոր իրավիճակը գնահատելու նպատակով

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ընդունել է միջազգային փորձագիտական խմբին, որը Հայաստան է ժամանել գնահատելու քիմիական վտանգի հետ կապված իրավիճակը «Նաիրիտ» գործարանում, որի տարածքում ս.թ. օգոստոսի 28-ին հրդեհ էր բռնկվել։ Այցը կազմակերպվել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (ՄԳՀԳ/ OCHA) օժանդակությամբ՝ վերջինիս և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱՇՄԾ) համատեղ ստորաբաժանման միջոցով: Միջազգային երեք փորձագետներից կազմված խումբը Հայաստանում է ՀՀ կառավարության, մասնավորապես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խնդրանքով՝ արտակարգ իրավիճակների հետ կապված խնդիրները գնահատելու հարցում աջակցության ցուցաբերելու համար:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտնում է, որ փորձագետները Հայաստան են ժամանել կիրակի օրը՝ սեպտեմբերի 10-ին, և արդեն իսկ հանդիպել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի ու նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ: Նրանք  հանդիպել են նաև «Նաիրիտ» գործարանի ղեկավարության հետ և այցելել գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետևանքով այրված պահեստարաններին ու գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերի կառավարման հետ կապված իրավիճակին:

Փորձագիտական խումբը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել  է առաքելության նպատակները և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև փոխանցել տեղում իրավիճակի վերաբերյալ տպավորությունները: Պարոն Բուզետտոն շնորհակալություն է հայտնել խմբի արագ ժամանման համար և վերահաստատել առաքելության ողջ ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան թիմի աջակցությունը խմբին:

Փորձագիտական խումբը հավաքագրվել է Ժնևում տեղակայված՝ ՄԱՇՄԾ / ՄԳՀԳ համատեղ ստորաբաժանման (JEU) միջոցով, որը հետևում է միջազգային արձագանքման մեխանիզմների ակտիվացմանն ու զբաղվում բնապահպանական և/կամ արդյունաբերական արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան անձնակազմերի տեղակայմամբ։ Մարդասիրական դոնոր համայնքն անմիջապես արձագանքել է տեխնիկական աջակցության խնդրանքին։ Մասնավորապես, գործի է դրվել Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, որը գործուղել է մեկական քիմիական փորձագետ Շվեդիայից և Ֆրանսիայից։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) ապահովել է ևս մեկ՝ շվեյցարացի փորձագետի մասնակցությունն այս գնահատմանը։

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում առաքելությունը կգնահատի «Նաիրիտ» գործարանում թունավոր քիմիական նյութերի հետ կապված վտանգը և կանխարգելման ու ազդեցության մեղմացման վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի Հայաստանի կառավարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter