Շաբաթ, 25 նոյեմբերի

Ոստիկաններն ու տեսուչները գնացել են Արդվի՝ հանքի համար փորված փոսը լցնելու հետքերով



Գայանե Սարգսյան

Արդվիում դեմ են գյուղի հարակից տարածքում ոսկի-բազմամետաղային հանքի գործարկմանը: Իրենց դեմ լինելը արդվեցիները վերջին ամիսներին արտահայտում են ամենատարբեր եղանակներով:

Որպես բողոքի ակցիայի շարունակություն երեկ արդվեցի ակտիվիստները բնապահպանների հետ միասին բարձրացել են գյուղին կից Շեկաղբյուրի  լեռնագագաթի լանջերն ու հողով լցրել այդ տարածքում հանքը գործարկել ցանկացող «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների փորած մոտ 9 մետր երկարությամբ ու մինչև 3 մետր խորությամբ  փոսը:

Այս մասին լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց երեկ երեկոյան: Գրեթե միաժամանակ տարածվեց նաև ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի ելույթը, որում ներառվել էր արդվեցիների բաց նամակը՝ հանքի գործարկումը չթույլատրելու վերաբերյալ:

«Ընկերությունը ապօրինաբար քանդել ու մի քանի մեքենա հումք է տեղափոխել այդ տարածքից, որի հետևանքները գյուղացիները ստիպված են եղել վերացնել սեփական նախաձեռնությամբ՝ էքսկավատորներով քանդածը ձեռքով հարթեցնելու միջոցով: Դա կատարվել է հենց այսօր»,- ասել էր պատգամավորը:

Այսօր առավոտյան արդեն ՀՀ բնապահպանության նախարարության  բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի տեսուչները վերադասների կողմից Արդվի մեկնելու ու տեղում առկա իրավիճակին ծանոթանալու հանձնարական են ստացել:

Նրանք նախ Արդվիի գյուղապետարանում հանդիպեցին համայնքապետ Սամվել Կիրակոսյանի ու աշխատակազմի անդամների, ապա նաև նրանց այցի մասին տեղեկացած ու գյուղապետարան շտապած արդվեցիների հետ:

Հարցադրումներին՝ ո՞վքեր են լցրել փոսը, տեխնիկա աշխատե՞լ է, թե ՝ ոչ, արդվեցիները հակադարձեցին՝ իսկ ինչո՞ւ չեք հետաքրքրվում, թե ովքեր են փորել փոսը:

Ծավալվեց ակտիվ քննարկում-բանավեճ տեսչության ներկայացուցիչների ու արդվեցիների միջև: Գյուղապետարանի ներսում քննարկումից զատ գյուղացիներն իրենց դժգոհության ձայնն էին բարձրացրել նաև բակում:

«Մենք վարչապետին նամակ էինք գրել,  նամակը ստացել ա, թող էսօրվա պես հանձնարարեր, գային էդ փոսը նայեին: Սա մեր գեղն ա, մեր պապերից հասած ժառանգություն ա, մենք պահում ենք մեր գեղը: Մեր գեղն ա, մենք ասում ենք մի քանդեք մեր գեղը»,- վրդովվում է գյուղացիներից մեկը:

«Ընդերքը անխնա թալանում են, սերունդների մասին մտածող չկա բացարձակ: Հրեն մեր հարևան Մղարթում ավիրել են, մի կով չի կարա արածի: Սա խայտառակ վիճակ ա, սա ճիշտ բան չի: Մերը հիմնականում անասնապահությունն ա, եթե մեր հանդերը ավիրեցին, մենք ի՞նչ ենք անելու»,- ասում է արդվեցի Վաչագան Աթաբեկյանը:

Որոշ ժամանակ անց բնապահպանության նախարարության  բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի աշխատակից Արմեն Ղարագյոզյանը հեռախոսով ինչ-որ մեկի հետ խորհրդակցելուց հետո տեղեկացրեց, որ անհրաժեշտություն կա բարձրանալ Շեկաղբյուր հանդամաս ու տեղում ուսումնասիրել փոսալցված հատվածը:

Լրագրողների ու գյուղի ակտիվիստներից երկուսի ուղեկցությամբ գյուղ եկած տեսուչները բարձրացան լեռն ի վեր: Տեղում չափումներ իրականացնելուց հետո տեսուչներն արձանագրեցին, որ փորված փոսի երկարությունը 9 մետր է, խորությունը՝ մինչև 3 մետր, լայնությունը՝ 50 սմ:

«Փոսի մասին առաջին բարձրաձայնումը եղել է հունիսի 28-ին, սակայն ոչ ոք չի արձագանքել»,- ասում է արդվեցի Սուրեն Կիրակոսյանը, զարմանալով, որ պաշտոնական արձագանք ստանում են միայն այսօր՝ փոսը լցնելուց հետո:

Գյուղապետարան վերադառնալով տեսուչներն ուսումնասիրությանը մասնակցած արդվեցիների հետ համատեղ արձանագրութուն կազմեցին՝ հիմք ընդունելով տեսածն ու արդվեցիների պատմածները:

Տեղում աշխատող լրագրողներին համայնքապետ Սամվել Կիրակոսյանը  առաջարկեց.

«Աղմուկը աշխատեք քչացնել, մենք ավելի կարևոր աշխատանքներ ունենք: Ոչ մի բան էլ չի կատարվում: Երկու-երեք մետր ա, ձեռքով փորված ա, հիմա արձանագրությունը կկազմվի, ամեն ինչն էլ դադարեցված ա: Օրենքի սահմաններում պատասխանել ենք մարդկանց, որ ժողովուրդը, ավագանին բոլորը դեմ են, ոչ մի բան էլ չի արվելու, էդ աշխատանքները չի կատարվելու: Մեր տարբեր զրույցների ժամանակ նշվել է, որ տուրիզմի, պատմամշկութային արժեք ունեցող... էդ ամենը բերում է էն բանին, որ էդ հանքը չի կարող շահագործվի... Պետք չի սենց աղմուկներ բարձրացնել»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ