ՈՒրբաթ, 22 սեպտեմբերի

99 մլն դրամ. 5 ընկերություններ գյուղացիներին դեռ չեն վճարել նախորդ տարիներին մթերված խաղողի դիմաց



Մի քանի օրից գյուղերում կսկսվի խաղողի ակտիվ բերքահավաքը: Մթերող գործարանների մի մասը պատրաստ չէ խաղող մթերել, քանի որ լուրջ ֆինանսական դժվարություններ ունի: Դեռ չեն կարողացել իրացնել նախորդ տարիներին մթերված խաղողից ստացված արտադրանքը, ուստի այս տարի չեն պատրաստվում ռիսկի դիմել: Կառավարությունը որոշել է ծրագրերով խրախուսել մթերողներին, ինչը նպատակ ունի նաև կանխել գյուղացիների՝ վերջին տարիներին հաճախակի դարձած բողոքի ակցիաները:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի կողմից «Հետք»-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ այս տարի հանրապետությունում կանխատեսվող խաղողի համախառն բերքի ծավալը կազմելու է շուրջ 180 հազար տոննա, որից տեխնիկական սորտերի խաղողի ծավալը՝ 117 հազար տոննա: Ըստ նախարարի՝ վերջին տարիների վիճակագրական տվյալները փաստում են, որ խաղողի համախառն բերքի շուրջ 70%-ը մթերվում է վերամշակման նպատակով, որն այս տարվա կանխատեսվող ցուցանիշով կկազմի շուրջ 128 հազար տոննա:

Գյուղատնտեսության նախարարությունն իրականացրել է մոնիտորինգ և սեպտեմբերի 4-ի դրությամբ խաղող վերամշակող ընկերությունների կողմից նախատեսվում է մթերել շուրջ 141 հազար տոննա խաղող: Բացի այդ, մի շարք ընկերություններ խաղողի մթերումներ կիրականացնեն վարկային միջոցներից օգտվելու պարագայում:

Հարցին, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում խաղողի մթերման գործընթացը սահուն կազմակերպելու ուղղությամբ, նախարարը պատասխանել է, որ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից մշակվել է կառավարության արձանագրային որոշման նախագիծ, որը վերաբերում է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիր: Այն կառավարության կողմից հավանության է արժանացել օգոստոսի 3-ին:

Ծրագրով նախատեսվում է վերամշակման նպատակով խաղողի և պտուղ-բանջարեղենի մթերումներ իրականացնող շուրջ 20 շահառուի մոտ 2,4 մլրդ դրամի չափով մինչև 12% տոկոսադրույքով և 1 տարով տրամադրվող վարկերը սուբսիդավորել մինչև 9 տոկոսային կետով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3%:

Նախարար Իգնատի Առաքելյանի փոխանցմամբ՝ ծրագիրը շարունակական է լինելու և 2018թ. նույն պայմաններով շուրջ 50 շահառուի կտրամադրվի մոտ 18 մլրդ դրամի չափով վարկ: Ի դեպ, ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես խաղողի և պտուղ-բանջարեղենի արժեքի վճարմանը:

Բանն այն է, որ մի քանի գործարաններ 2015-2016թթ. մթերած խաղողի դիմաց գյուղացիներին դեռ չեն վճարել: Պարբերաբար խաղողագործները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, սակայն հարցն այդպես էլ ամբողջական լուծում չի ստացել: Կառավարությունը սուբսիդավորմամբ որոշել է իրավիճակը շտկել:

Կառավարության կողմից խաղողագործությունն ու գինեգործությունը ճանաչվել են գերակա ոլորտներ և դրանց զարգացմանն աջակցելու նպատակով 2016թ. ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Նախարարի տեղեկացմամբ՝ վերջինս իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ արտահանման պոտենցիալ երկրների գինու և կոնյակի շուկաների ուսումնասիրություններ, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ծախսերի համաֆինանսավորում և այլն:

Ինչ վերաբերում է պտուղ-բանջարեղենին, ապա սեպտեմբերի 4-ի դրությամբ հանրապետությունում պտուղ-բանջարեղենի մթերումներ է իրականացրել 9 մարզում տեղակայված 35 ընկերություն, որոնցից 26-ը՝ պտուղ-բանջարեղենի, 7-ը՝ պտղի ու հատապտղի, 2-ը՝ բանջարեղենի: «Իջևանի գինու գործարան» ԲԲԸ-ն, «Եվրոթերմ» ՓԲԸ-ն մասնաճյուղեր ունեն նաև այլ մարզերում և ստացվում է, որ մարզերում մթերողները 37-ն են:

Պտուղ, բանջարեղեն, հատապտուղ մթերող թվով 9 կազմակերպություններ էլ գործում են Երևան քաղաքում:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ