HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարչապետի խոստացած ներդրումներից ութ ամսում իրականացվել է 45%-ը. կառավարություն

Ինչպես գրել ենք, երեկ լրացավ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության 1 տարին։ Այս մեկ տարում կատարված աշխատանքները հաշվետվությամբ ամփոփել է նաև կառավարությունը։

Կրկին ներդրումները

Հաշվետվության մեջ ամենահետաքրքիր հատվածներից մեկը վերաբերում է ներդրումներին։ Այս թեման արդեն տևական ժամանակ է ակտիվ քննարկվում է։ Հիշեցնենք՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ 2017թ. Հայաստանում կատարվելու է մինչև 850 մլն դոլարի ներդրում, հետագայում այն հստակեցվել է՝ 830-840 մլն դոլարի։ Թեև սկզբում հասկացվել էր, որ խոսքն օտարերկրյա ներդրումների մասին է, սակայն միայն վերջերս ավելի հստակ պարզաբանվեց, որ դա վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ՝ օտարերկրյա ներդրումներին։ «Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում` վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև` մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ»,- պարզաբանեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։

Ըստ կառավարության ներկայացրած հաշվետվության՝ այս տարվա առաջին ութ ամիսներին՝ հունվար-օգոստոսին, վարչապետի խոստացած ներդրումներից իրականացվել է 375 մլն դոլարը կամ ընդհանուրի 45%-ը։ Ըստ կատարողանակի՝ այդ ներդրումների ամենամեծ բաժինը կատարվել է էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում։ Հանքարդյունաբերությունը ներառվում է այս ոլորտում։ Ու քանի որ վերջին տարիներին Հայաստանում կատարվող ներդրումների մեծ բաժին է հոսում այդ ոլորտ, կարելի է եզրակացնել, որ  էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում կատարված ներդրումները ևս մեծամասամբ հանքարդյունաբերությանն են բաժին ընկել։ Մնացած ոլորտներում կատարված ներդրումների ծավալները ներկայացրել ենք ինֆոգրաֆիկայով։

ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերն՝ ըստ ոլորտների. 2017թ. 8 ամիսների կատարողականը (մլն ԱՄՆ դոլար)
Infogram

Սակայն այստեղ կարևոր հարցեր կան։ Նշված 375 մլն դոլարից որքանն են տեղական, որքանը՝ օտարերկրյա ներդրումները։ Կամ դրանց ո՞ր մասն են իրականացվել վարկային միջոցներով։ Եվ արդյոք այդ վարկային միջոցների մի մասը չե՞ն վերածվել պետական պարտքի։ Սրանք հարցեր են, որոնց պարզաբանումներից հետո նոր միայն պարզ կդառնա ներդրումների իրական պատկերը։

Նույնը վերաբերում է նաև օտարերկրյա ներդրումներին։ Ըստ հաշվետվության՝ 2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6% և 26.3%):

Հաշվետվության մեջ կառավարությունն առանձնացրել է նաև արտահանումն ու տնտեսական ակտիվության ցուցանիշն՝ ըստ ոլորտների։ Այս հատվածներին մեր նախորդ հոդվածում անդրադարձել ենք՝ նշելով նաև դրանց «նրբությունների» մասին։

Օրենսդրական նախաձեռնությունները

Նախորդ տարվա սեպտեմբերի 15-ից մինչև այս տարվա  սեպտեմբերի 7-ը, այսինքն՝ շուրջ մեկ տարվա ընթացքում կառավարության կողմից հավանության է արժանացել և Ազգային Ժողով ներկայացվել 160 օրենքի նախագիծ։ Դրանից 41%-ը վերաբերել է պետաիրավական ոլորտին, 39%-ը՝ տնտեսական ոլորտին, 10%-ը՝ սոցիալականին, 10%-ն էլ՝ տարածքային, բնապահպանական, քաղաքաշինական և էներգետիկ ոլորտներին։

Նույն ժամանակահատվածում կառավարության կողմից ընդունվել է 1351 որոշում։ Այս որոշումների 58%-ը տնտեսական և ֆինանսական ոլորտին են առնչվում, 19%-ը՝ պետաիրավական, 13%-ը՝ սոցիալական, 10%-ը՝ մնացած ոլորտներին։

Գործարար միջավայր

Ինչպեսև նախորդ կառավարությունները, Կարեն Կարապետյանի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի դիրքը միջազգային «Doing Business» զեկույցում։ Հաշվետվության գործարար միջավայր հատվածում առաջին կետը հենց այս զեկույցի մասին է. «WB «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։ Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 12 կետով»:

Ըստ կառավարության՝  այս մեկ տարում ներդրվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական կարգավորումներ, իրականացվել են քննարկումներ գործարարների հետ, աջակցություն է ցուցաբերվել փոքր և միջին ձեռնարկատիրությանը։

Հաշվետվության մեջ առանձին անդրադարձ է կատարված նաև գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը, համայնքային զարգացման ծրագրերին և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter