HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա ծռերի» անդամները կկարողանան տեսակցել և հեռախոսային խոսակցություններ ունենալ հարազատների հետ

Ամալյա Մարգարյան

-Գրիչ, դրամապանակ, անձնագրի կազմ....ամեն ինչը մետաղական է, մարդ չկա, ով բանալի չունենա: Իմ պայուսակում ինչ կա՝ մետաղական է:

«Սասնա- ծռերի» գործով նիստին՝ զննության ենթարկվելու ժամանակ, այս մասին հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը: Դատական կարգադրիչները մետաղորսիչ սարքերի ազդանշաններ հնչեցնելուց հետո փաստաբաններին խնդրում էին պայուսակներից հանել մետաղական իրերը: Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը, Լուսինե Սահակյանը հրաժարվեցին պայուսակներից հանել մետաղական տարրեր պարունակող իրերը, իսկ կարգադրիչներն այս անգամ ևս հրաժարվեցին նրանց դահլիճ ներս թողնել:

Փաստաբան Լուսիեն Սահակյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի 2011-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, դատարան մուտք գործող անձանց զննության նոր կարգին ու սահմանված արգելված իրերի ցանկին. «Արգելված իրերի ցանկը իրավական որևէ ուժ չունի, ուստի որևէ մեկը դրանով ղեկավարվելու իրավունք չունի»: Լուսինե Սահակյանը խոսեց նաև երեկ կայացած 184 փաստաբանի գործադուլից և նշեց, որ պայքարը շարունակելու են: «Չեմ կարող ասել՝ գործադուլի կդիմենք, թե այլ միջոցների, սակայն մինչև վերջ պայքարելու ենք, որ այս ապօրինությունները դադարեն»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Այսօրվա նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստաբան Մուշեղ Շուշանյանի և Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացրեց՝ կարգապահական վարույթ իրականացնելու համար դիմելու Փաստաբանական պալատ: Մինչև դատավորը սանկցիա կիրառելու որոշում էր կայացնում, փաստաբանները մեկմեկու «շնորհավորում էին» մի նոր սանկցիայի առիթով:

Նիստի ընթացքում փաստաբանները միջնորդություններ ներկայացրին նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների նկատմամբ սահմանված արգելքը վերացնելու համար: Չնայած, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկում էր միջնորդությունների դեմ, այնուամենայնիվ դատավորը մասամբ բավարարեց ներկայացված միջնորդությունը և Տիգրան Սարգսյանի, Արթուր Մելքոնյանի, Արամ Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի,  Գառնիկ Հովակիմյանի, Թորոս Թորոսյանի, Հովհաննես Հարությունյանի և Սերգեյ Կյուրեղյանի մերձավոր ազգականների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու որոշում կայացրեց:

Այսօրվա նիստին ևս ամբաստանյալները ներկա չէին, չկային նաև մի քանի փաստաբան, դատավորը որոշեց նիստը հետաձգել, որպեսզի նրանք նույնպես միջնորդություն ներկայացնելու հնարավորություն ունենան:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter