HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Այցելուի և զբոսաշրջիկի տարբերությունը

Այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստան այցելած օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 1 մլն 351 հազար։  2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այցելուների թիվն աճել է 24.3%-ով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության հաշվետվության մեջ, որով ամփոփվել է վարչապետ Կարեն Կարապետյանի  և  կառավարության գործունեության մեկ տարին։


Ըստ կառավարության

Ներկայացվածը, սակայն, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը չէ։ Գրեթե բոլոր երկրներում այցելուների թիվը շատ ավելի մեծ է լինում, քան զբոսաշրջիկներինը։ Բանն այն է, որ զբոսաշրջիկ է համարվում երկիր այցելած այն օտարերկրյա քաղաքացին, որը տվյալ երկրում մնում է ոչ պակաս, քան 24 ժամ։ Հակառակ պարագայում նա համարվում է այցելու։

Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից  (ՀՀ ԱՎԾ), ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)` միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:  

Որպեսզի պարզ լինի այցելուների և զբոսաշրջիկների թվերի տարբերությունը Հայաստանի համար, նշենք, որ  այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 622 հազար։ 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է  24.2 %-ով: Այսինքն՝ ունեցել ենք ավելի քան 1.3 մլն այցելու, բայց՝ 622 հազար զբոսաշրջիկ։


Ըստ կառավարության

Հաճախ PR և մարքեթինգային նպատակներով տարբեր երկրների տարբեր գերատեսչություններ զբոսաշրջիկների թվի փոխարեն ներկայացնում են այցելուների թիվը՝ աշխարհին դրանով ցույց տալու, որ իրենք գրավիչ երկիր են։ Օրինակ՝ հարևան Վրաստանը։ Այս տարվա մարտին Վրաստանում երկիրն այցելած 6 միլիոներորդ «զբսոաշրջիկին», ինչպես նշվեց պաշտոնական հաղորդագրություններում և լրատվամիջոցներով, դիմավորեց անձամբ երկրի վարչապետը։ Սա բավականին դրական արձագանք գտավ։ Սակայն հետագայում պարզվեց, որ 6 միլիոներորդը ոչ թե զբոսաշրջիկն է, այլ՝ այցելուն։

Համաշխարհային բանկի կայքում ներկայացված ցուցանիշների համաձայն ևս 2016թ.-ին Վրաստան այցելուների թիվը 6 միլիոնի շրջանակներում է։ Իսկ Վրաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն զբոսաշրջիկների թիվը նախորդ տարի 3 միլիոնի չի հասել։

Ի դեպ, Համաշխարհային բանկի նույն բազայում Հայաստանի մասով զբոսաշրջիկների թիվն է ներկայացված, ոչ թե՝ այցելուների, իսկ օրինակ Վրաստանի մասով՝ այցելուներին է, ինչը սխալ է, քանի որ նույն բազայում այդ ցուցանիշները համադրելի չեն։

Մեկնաբանություններ (3)

Ալեքսանդր
Հարգելի Սեդա Հերգանյան պատրաստված նյութը շատ մատչելի է հասարակ ընթերցողի համար, այն թե ուսուցողական է եւ թե ճանաչողական, սակայն նյութի սկզբում մի վրիպակ կա, որը շատ կարեւոր է: Գուցե այն զբոսաշրջության մեթոդաբանության կամ ոչ ճիշտ տեղեկացվածության արդյունք է, այնուհանդերձ 1 մլն 351 հազար մարդիկ օտարերկրյա քաղաքացիներ-այցելուներ չեն, այլ դրանք 6 ամսվա ընթացքում Հայաստանի սահմանային անցման կետերով ժամանողներն են, որոնց մեջ կան նաեւ ՀՀ քաղաքացիներ՝ թվով շուրջ 734 հազար մարդ: Իհարկե ՀՀ քաղաքացիների մեջ կան անձինք, որոնք մեկ տարուց ավել գտնվել են ՀՀ սահմաններից դուրս եւ փոխել են իրենց հիմնական բնակության վայրը՝ ռեզիդենտությունը, որոնք, տվյալ դեպքում համարվում են ներգնա զբոսաշրջիկներ: Այսինքն մենք 2017թ. 6 ամսում ունեցել ենք շուրջ 625 հազար այցելու եւ 622 հազար զբոսաշրջիկ
Սեդա
Հարգելի Ալեքսանդր, հարցը մեթոդաբանության տարբերությունն է։ Եթե այցելուների թիվից բացառենք ՀՀ քաղաքացիներին, ապա՝ կստացվի, որ ձեր նշած ցուցանիշն է ճիշտ։ Իսկ այն ցուցանիշը, որը կա հոդվածում և որը վերցված է Կառավարության հաշվետվությունից, ինչպես կարելի է ենթադրել, ներռաում է նաև ՀՀ քաղաքացիներին։
Ալեքսանդր
Այո միանգամայն ճիշտ եք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter