HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայկական բալետն իր «Մխիթարյանն» ունի

Երեւանի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-րդ թատերաշրջանի սպասված ներկայացումներից մեկը «Լա Բոհեմ»-ն է:

Մեկ գործողությամբ բալետը աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա է բեմադրվել: Սցենարի հեղինակը եւ բեմադրող խորեոգրաֆը Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է։

«Լա Բոհեմում» Ազնավուրի կյանքն է՝ նրա սերերը, զգացմունքները, ոգեշնչումներն ու հիասթափությունները: Դա հասկանալի է անգամ առանց բեմադրողի մտահղացումներին ծանոթ լինելու: Գլխավոր կերպարին՝ Ժան-Շառլին, ուրիշ մեկի հետ չես շփոթի: Ով ծանոթ է Ազնավուրի կենսագրությանը, երիտասարդ տարիների ֆիլմերին ու տեսահոլովակներին, «Լա Բոհեմում» միանգամից հայազգի շանսոնյեին է տեսնում:

Ազնավուրի կերպարը բալետային բեմում կերտում է 26-ամյա Գարեգին Բաբելյանը:

Սխալ կլինի ասել, թե բալետի հաջողության գրավականը միայն մենակատարն է։ Ներկայացման մեջ ներգրավված են բազմաթիվ տաղանդավոր արտիստներ։ Պարզապես Բաբելյան-Շառլը բեմում ճիշտ եւ ճիշտ Ազնավուրն է՝ սիրահարված ու բոհեմական, արտիստիկ ու չափազանց երաժշտական։

Գարեգին Բաբելյանը «Հետք»-ի հետ զրույցում բեմադրության հաջողությունը կապեց Ազնավուրի անվան, նրա կերպարի հետ։ «Նմանատիպ բեմադրություն արվել է նաեւ Ֆրենկ Սինատրայի երգերի հիման վրա, բայց նման հաջողություն չի ունեցել»,-ասաց արտիստը։

Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մտադրություն ունի Երեւանում բեմադրել նաեւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներն» ու «Լա Բոհեմի» հետ միասին ներկայացնել Փարիզում։ Ինչպիսին կլինի «Շերբուրգյան հովանոցները»՝ ապագայի խնդիր է։ Բայց հանձին Գարեգին Բաբելյանի, «Լա Բոհեմը» Ֆրանսիայում շատ կհավանեն։

Ռուդոլֆ Խառատյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ 2018 թվականին Հայաստանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի խոշոր համաժողով, մեր երկիր են այցելելու բազմաթիվ երկրների ղեկավարներ, եւ համաժողովի գլխավոր միջոցառումը պետք է լինեն «Բոհեմ»-ը եւ «Շերբուրգյան հովանոցները»։ Այդ նպատակով շուտով Հայաստան է այցելելու նաեւ Միշել Լեգրանը, բեմադրության երաժշտական համարները քննարկելու եւ համաձայնեցնելու համար։

Ռուդոլֆ Խառատյանը գովասանքի խոսքեր ասաց Գարեգին Բաբելյանի մասին։ «Մի հանդիսատես նշեց, որ Գարիկը մեր բալետի Մխիթարյանն է։ Երբ Ազնավուրը պրեմիերային նստած էր դահլիճում, հանձին Գարիկի՝ ինքն իրեն էր տեսել»,-պատմեց բալետմայստերը։

Խառատյանը հավատացած է, որ «Լա Բոհեմը» որտեղ էլ ներկայացվի, հաջողություն կունենա, քանի որ գալով Հայաստան, ինքը նպատակ է ունեցել ժամանակակից համաշխարհային բալետին համարժեք գործեր բեմադրելու: «Լա Բոհեմը» դրանցից մեկն է:

Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter