Հինգշաբթի, 23 նոյեմբերի

Կառավարությունը նախատեսում է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը



Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին, գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է կառավարության համապատասխան հանձնարարականի ընթացքի մասին, որը տրվել էր այս տարվա մայիսին:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացվելիք՝ պարտապանների ցանկերի հիման վրա տվյալները կամփոփվեն և համապատասխան որոշում կներկայացվի կառավարություն՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար: Նախարարը հավելել է, որ 2017 թվականին տրամադրված պարարտանյութերի ու սերմերի դիմաց վճարումները կատարվել են 100 տոկոսով, որևէ պարտք չի գոյացել: 

Կարեն Կարապետյանը նշել է, որ որոշում են կայացրել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում 2012-2016 թթ.-ին գյուղացիների կուտակած պարտքերը զիջել և սկսել մաքուր էջից. «Մանավանդ, որ 2017 թ.-ի պրակտիկան ցույց է տվել՝ կարելի է կազմակերպել գործընթացն առանց պարտք կուտակելու»: 

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է մարզպետներին 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 1-շաբաթյա ժամկետում ամփոփման համար։ Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվել է 1-ին կետով սահմանված պարտքերի վերջնական ամփոփված ցանկն ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով։ «Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահություն ենք դրսևորելու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ՝ ասելով, որ այս զիջումն ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- ընդգծել է վարչապետը: Անդրադառնալով այն դեպքերին, երբ հասցեատերերը գյուղապետերն են՝ վարչապետը նշել է, որ այդ ժամանակ որպես պարտապան պետք է գյուղապետերին դիտարկել: 

Անդրադառնալով մարզպետների աշխատանքների գնահատման հայտանիշերին՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է դրանցում ներառել նաև միջմարզային, միջհամայնքային ճանապարհաշինարարության ցուցանիշը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ