HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Շամախյանի բնակիչը դատի կտա Դիլիջանի քաղաքապետին

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն արդեն երկրորդ անգամ հանձնարարել է ՀԷՑ Դիլիջանի մասնաճյուղի տնօրենին՝ անջատել Շամախյան 2ա շենքի վերելակը:

Նա վրեժխնդիր է լինում բնակիչներից: Նախ՝ նրանք վերականգնել են սեփականատիրոջ իրենց իրավունքները եւ «Յուքոմ» ընկերության՝ շենքի տանիքում տեղադրված ալեցիրի համար վճարվող գումարներին են տեր կանգնել, այնինչ մոտ 8 տարի բնակիչների փոխարեն որպես պայմանագրի կողմ հանդես է եկել համայնքի ղեկավարը: Երկրորդ՝ շամախյանցիները ողջ պատմությունը հանրայնացրել են՝ ներկայացրել են «Հետք» -ին:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը պայմանագիր էր կնքել «Օրանժ Արմենիա» ընկերության հետ, որի հիման վրա՝ Շամախյան 2ա շենքի տանիքին տեղադրվել է ալեցիր, իսկ դրա դիմաց սահմանված 120 հազար դրամ ամսական գումարը մինչեւ 2017 թվականի գարուն փոխանցվել է ոչ թե բնակիչներին, այլ՝ համայնքին:

Մոտ ութ տարի Շամախյան 2ա շենքի տանիքի վարձակալության դիմաց վճարվել է համայնքապետարանին, եւ միայն այս տարի բնակիչները դժվարությամբ կարողացել են հասնել նրան, որ «Յուքոմ» ընկերության եւ համայնքի ղեկավարի միջեւ կնքված պայմանագրի երկրորդ կողմն իրենք հանդիսանան։

Սանթրոսյանը բնակիչների կողմից իրենց իրավունքների վերականգնումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Դիլիջանի մասնաճյուղի տնօրենին գրություն է իջեցրել՝ կարգադրելով հոսանքազրկել 2ա շենքի վերելակը։

Բնակիչները սա համարելով անարդար որոշում, իրենց ուժերով վերականգնել են վերելակի էլեկտրամատակարարումը:

Այս ամբողջ պատմությունը «Հետք»-ում հայտնվելուց հետո Արմեն Սանթրոսյանը կրկին հանձնարարել է՝ անջատել Շամախյան 2ա շենքի վերելակը: Նրա դիրքորոշումը հետեւյալն է՝ եթե ձեզ եք վերցնում ալեցիրի համար վճարվող գումարը, ապա այդ գումարից վճարեք նաեւ ձեր վերելակի համար:

Էլցանցի տնօրենը Համլետ Բադալյանին հայտնել է, որ եթե իննահարկ շենքի բնակիչները ցանկանում են վերելակ ունենալ, ապա պետք է նոր եռաֆազ հոսանք միացվի, ինչն էլ նոր ծախսեր է պահանջում: 2ա շենքի բնակիչները, սակայն, նշում են, որ գործող եռաֆազը, որը Սանթրոսյանի հանձնարարականից հետո դադարել է ծառայել շենքին, միացվել էր ոչ թե համայնքային գումարներով, այլ՝ «Յուքոմի»ի վճարած գումարներով, ինչն ի սկզբանե եւ օրենքով պատկանում է 2ա շենքի բնակիչներին:

Շենքի բնակիչ Համլետ Բադալյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել համայնքի ղեկավարի դեմ, քանի որ քաղաքապետարանն իրավունք չունի բնակիչներին վերելակից զրկել:

Ավելին, բնակիչը գտել է կառավարության որոշումներից մեկը՝ ընդունված 1998 թվականին, որով սահմանված է՝ բնակելի շենքերի վերելակների էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է դրա սեփականատերը, այս դեպքում՝ համայնքապետարանը: Բնակիչները վճարում են միայն սպասարկման համար:

Նա կարծում է, որ Արմեն Սանթրոսյանը բնակիչների հանդեպ ցուցաբերում է տղայական մոտեցում: «Սա նշանակում է՝ թքած ունենալ քաղաքացիների շահերի վրա»,-ասաց Համլետ Բադալյանը:

Բնակիչը կասկածի տակ է դնում նաեւ համայնքի ղեկավարի՝ «Հետք»-ին ներկայացրած տեղեկանքն այն մասին, որ 2011 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017 թվականի հունիսի 1-ը «Յուքոմի»  վճարած գումարներից շենքի վերելակի էլեկտրաէներգիայի համար վճարվել է ավելի քան 3,1 միլիոն դրամ, ու եւս 3,8 միլիոն էլ ուղղվել է շենքի տանիքի նորոգմանը:

«Վերելակի էլեկտրաէներգիայի գումարը ամսական կազմել է առավելագույնը 20 հազար դրամ: Իրենց հաշվարկներով՝ 50 հազար դրամ է կազմում: Ինչ մնում է «վերանորոգված»  տանիքին, ապա ընթացքում մի 100-200 հազար դրամի գումար է ծախսվել, շենքի բնակիչներն էլ օգնել են մասնագետներին: Բա իրենց չեն մտածու՞մ, որ էդ տանիքը աչքի առաջ է: Եթե էդքան գումար են ծախսել, ապա ինչպե՞ս է, որ տանիքից կաթում է» ,-ասաց Համլետ Բադալյանը, նշելով, որ ստիպված է դիմել դատարան:

Դիլիջանի համայնքապետարանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Մեկնաբանություններ (1)

Լևոն Վարշամյան
Երբ 5000ից 10000 դրամի դիմաց տարիներ շարունակ տալիս էին Արմեն Սանթրոսյանին լեգիտիմ իշխանություն իրենց առհամարհելու և տարրական կենցաղային հարմարություններից զրկելու համար,արդյոք չէի՞ն մտածում գալիքի' վերելակների,ճանապարհների ու նմանօրինակ բազմաթիվ այլ բաների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter