HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պետական գնումները ոչ պատահական ընկերություններն են հաղթում

2016թ.-ին և 2017թ.-ի առաջին կիսամյակում պետական գնումներում ամենախոշոր գործարքները կնքած հինգ ընկերությունները հիմնականում փոխկապակցված են բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Հետք»-ը ֆինանսների նախարարությունից ստացել է 2016թ.-ին և 2017թ.-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի հաշվին պայմանագրեր կնքած հինգ խոշոր ընկերությունների տվյալներն ու նրանց հետ կնքված պայմանագրերը։

Ըստ այդ տվյալների՝ պաշտոնյաներն իրենց կապերն օգտագործում են բիզնես հարաբերություններում՝ կարողանալով հաղթել պետական գնումների խոշոր մրցույթները։

Պետական բյուջեի միջոցների հաշվին հինգ խոշոր պայմանագրերը հիմնականում կնքել է պաշտպանության նախարարությունը։

Մինչ առանձնացված կանդրադառնանք ծառայությունների մատուցման դիմաց պետբյուջեից ամենամեծ գումարները ստացած ընկերություններին, պետք է նշենք, որ և 2016թ.-ին և 2017թ.-ի առաջին կիսամյակում խոշոր պայմանագրեր կնքած ընկերությունների ցանկում հայտնվել են «Ֆլեշ» և «Էյէմփիջի գրուպ» ընկերությունները:

Այս ընկերությունների սեփականատերերը պատահական մարդիկ չեն: «Ֆլեշ» ընկերությունը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին։ Նա համարվում է նախագահ Սերժ Սարգսյանի ընկերը։

«Էյէմփիջի գրուպ»-ի սեփականատերը Հայաստանում Ֆիլիպինների հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանն է:

Կրկնվող խոշորներ՝ «Ֆլեշ», «Էյէմփիջի գրուպ»

«Ֆլեշ»

«Ֆլեշ» ընկերությունը տարիներ շարունակ խոշոր պայմանագրեր է կնքում պետական կառույցների հետ՝ դիզելային վառելիք մատակարարելու համար: «Ֆլեշ»-ը 2016թ.-ին և 2017թ.-ին պետական բյուջեից ամենաշատ գումար ստացած և խոշոր պայմանագիր կնքած ընկերությունն է: Երկու շրջանում էլ ընկերությունը ամենախոշոր պայմանագիրը  կնքել է պաշտպանության նախարարության հետ:

2016 թվականին կնքած պայմանագրով ընկերությունը պետական բյուջեից ստացել է 2 միլիարդ 342 միլիոն դրամ և պաշտպանության նախարարությանը մատակարարել ավտոբենզին եւ դիզվառելիք: Պայմանագրի արժեքի գրեթե կեսը «ուղղվել է» «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին ձեռք բերելուն:

2017թ.-ի առաջին կիսամյակում «Ֆլեշը» արդեն հասցրել է 1 միլիարդ 864 միլիոն դրամի պայմանագիր կնքել: Այդ պայմանագրով ընկերությունը կրկին պետք է ՊՆ-ին մատակարարի «Պրեմիում» և «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին, ամառային և ձմեռային դիզվառելիք:

«Էյէմփիջի գրուպ». դիվանագիտությունից՝ բիզնես

Ինչպես արդեն նշեցինք՝ «Էյէմփիջի գրուպ» ընկերությունը պատկանում է Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանին: Այս ընկերությունը 2016թ.-ին և 2017թ.-ի առաջին կիսամյակում պետական եկամուտների կոմիտեի հետ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վրա փակցվող ակցիզային դրոշմապիտակների տպագրության պայմանագիր է կնքել:

«Էյէմփիջի գրուպ»-ի 2016թ.-ի գործարքը երկրորդ խոշորն է՝ «Ֆլեշ»-ից հետո: Նախորդ տարի ՊԵԿ-ի հետ կնքած պայմանագրով ընկերությունը` ներմուծվող և տեղական ալկոհոլային խմիչքների (45 մլն հատ), ծխախոտի (259 մլն հատ) և պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների (500 մլն հատ) պոլիմերային թաղանթի հիմքով «2017» թվագրությամբ և օրենքով սահմանված ստանդարտներով դրոշմապիտակներ է տպագրել: Պետբյուջեի համար այս պայմանագիրը արժեցել է 1 միլիարդ 891 միլիոն դրամ։

2017թ.-ին պետական բյուջեից այս ընկերությանը հատկացվել է 1 միլիարդ 411 միլիոն դրամ: Ընկերությունը` պայմանագրով «Ալկոհոլային խմիչք» և «Ծխախոտ» տեսակի ներմուծվող և տեղական արտադրանքի վրա «2018» թվագրությամբ և ստանդարտներին համապատասխանող ակցիզային դրոշմանիշների տպագրություն է կատարել:

Մասնավորապես՝ 295 միլիոն հատ ծխախոտի ակցիզային դրոշմանիշ և 37 միլիոն ալկոհոլի ակցիզ է տպագրել:

ՊԵԿ-ը պայմանագրով նախատեսված գումարի հիմնական մասը հատկացրել է ծխախոտի ակցիզի տպագրությանը։

2016թ.-ի խոշորները

Նախորդ տարի ևս երեք ընկերություն է եղել, որ խոշոր պայմանագրեր է կնքել պետական կառույցների հետ և պետական բյուջեից մեծ գումարներ ստացել: Օրինակ՝ «Գեվգրի» ընկերությունը 979 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել պաշտպանության նախարարության հետ և մատակարարել ավիավառելանյութ՝ մինչգերձայնային ավիացիայի ռեակտիվ ինքնաթիռների համար: Ընկերության սեփականատերերից մեկն Արսեն Հարությունյանն է, ով եղել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանին պատկանող «Մաքսհուր» ընկերության ղեկավարը: Այս ընկերությունը ևս դիզելային վառելիքի վաճառքով  է զբաղվում:

«Գեվգրիգ»-ը սնանկության գործընթացի մեջ է. նրա՝ սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ դիմումն ընդունվել է վարույթ։

«Խաչհար» ընկերությունը 2016թ.-ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ 787 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել: Պայմանագրով ընկերությունը Երևան-Սևան-Ադրբեջան սահմանով հիմնանորոգման աշխատանքներ է իրականացրել՝ ասֆալտ-բետոնե ծածկ նորոգել, մետաղյա նոր արգելափակոցներ տեղադրել և շինարարական այլ աշխատանքներ իրականացրել: Ի դեպ, այս ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ 2016թ.-ին ևս ամենախոշոր գործարքը կնքած ընկերությունն է: «Խաչհար»-ի սեփականատերը Ռուբեն Բաղդասարյանն է, ով ազգակցական կապ ունի ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի հետ։

Իսկ ՊՆ-ի հետ մյուս պայմանագիրը կնքած «Ավանգարդ» ՍՊԸ-ն  բանակին 1 200 000 կգ հալեցրած պանիր է մատակարարել՝ պետական բյուջեից ստանալով 585 միլիոն դրամ: Այս ընկերությունը գրանցված է Արցախի Մարտունի քաղաքում։ Արցախի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը պատկանում է Գաստելո Մկրտչյանին, ով առավել հայտնի է Գաստիկ մականունով: Նա Պաշտպանության նախարարության աշխատակից է։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն ուսումնասիրել էր պետգնումների՝ 2015թ. նոյեմբերի 22-ից 2016թ. հունվարի 22-ը ժամանակահատվածում կնքված պայմանագրերը և պարզել, որ այդ ընթացքում պաշտպանության նախարարությունը «Ավանգարդ» ընկերության հետ 11 պայմանագիր է կնքել։

Մասնավորապես ընկերությունը՝ հաց, սննդամթերք, շինանյութեր, տնտեսական, սանհիգիենիկ և լվացքի միջոցներ, էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա և կենցաղային սարքավորումներ, սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցներ, հանդերձանք, ավտոպահեստամասեր է մատակարարել բանակին, լվացքի և մաքրման ծառայություններ մատուցել։

2017թ.-ի առաջին կիսամյակի խոշոր գործարքները կրկին պաշտոնյաների ընկերություններինն է

Ինչպես արդեն նշեցինք՝ 2017թ.-ի առաջին կիսամյակում հինգ խոշոր պայմանագիր կնքած ընկերություններից երկուսը՝ «Ֆլեշ»-ն ու «Էյէմփիջի գրուպ»-ն են:

Այս տարվա առաջին կիսամյակում «Ֆլեշ»-ից հետո երկրորդ խոշոր պայմանագիրը կնքվել է ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Արփա-Սևան» ԲԲԸ-ի հետ։ Ընկերությունը 1 միլիարդ 873 միլիոն դրամի արժողությամբ պայմանագիր է կնքել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ՝ Արփա-Սևան N 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

2017թ.-ի առաջին կիսամյակի մյուս խոշոր գործարքը «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերության հետ կառավարության աշխատակազմն է կնքել: Այս ընկերության հետ պայմանագիր է կնքվել ապրիլի 2-ին կայացած ընտրությունների գործընթացը կազմակերպելու համար: Ծառայությունների մատուցման համար այդ գործարքի արժեքը կազմել է 960 միլիոն դրամ:

Պայմանագրով ընկերությունը պարտավորվել էր իրականացնել ընտրական բոլոր տեղամասերի ընտրական գործընթացի ձայնային հաշվարկի տեսանկարահանում, տեսանյութի պահպանում, ըստ պահանջի պատճենների տրամադրում: Իսկ ինտերնետային ծածկույթով ապահովված տեղամասերում նաև առցանց հեռարձակման և կենտրոնական պահոցում տեսանյութի պատճենի պահպանման համակարգի ներդրում, գործարկում: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության սեփականատերը Երվանդ Սիմոնյանն է:

2017թ.-ի առաջին կիսամյակի հինգերորդ խոշոր գործարքը պաշպանության նախարարությունն է կնքել՝ «Արցախ կարի-կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ի հետ: Պայմանագիրը կնքվել է բանակին մատակարարվող կոշիկների համար:

847 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է մատակարարել ճտքավոր կոշիկներ: 

Մեկնաբանություններ (1)

Մանվել
Ավելի փոքր, բայց մեր ընկերության համար բավական զգալի մասշտաբներով գործարքներում կրկնվում է «ՖՈՏՈՆ» ՍՊԸ-ն, որը կարող է և 53.7 մլն դրամի գրասենյակային սարքեր մատակարարել ճգնաժամային կառավարման ակադեմիային (մաքուր առևտուր), և 2 0 մլն դրամ և ավելի արժեքով տեսահսկման համակարգ (ինժեներական իմացություն է պահանջվում) դատախազությանը: Ֆոտոն ՍՊԸ-ն ԼՂՀ ռեզիդենտ է, ՀՎՀՀ-ն՝ 90036001

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter