HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդվի համայնքը կրկին պահանջում է մերժել Շեկաղբյուրի հայտը

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները նամակով կրկին դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն' պահանջելով մերժել «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում որոնողական աշխատանքների իրականացման հայտը: Այս մասին հայտնում է «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը:

Արդվեցիների նամակում գրված է. «Արդվի համայնքը 11.08.2017 թվականին ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի'բնակիչներին ուղղված պատասխան նամակը: Նամակում մասնավորապես նշված է, որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020 թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտի փորձաքննությունը դադարեցված է, և այն ուղարկված է լրամշակման:

Մենք' Արդվի համայնքի բնակիչներս, կրկին պահանջում ենք, որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտը մերժվի ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի կողմից:

Արդվեցիները մեկ մարդու նման դեմ են ցանկացած հանքարդյունաբերական գործունեության Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում:

Արձագանքելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի նամակին, որում նշված է, որ 26.07.2017 ի կայանալիք լսումները հնարավոր չեղավ իրականացնել և լսել հանրության կարծիքը բողոքի ակցիայի պատճառով, տեղեկացնում ենք, որ գյուղացիները հավաքվել էին իրենց կարծիքը հայտնելու, որը նաև Ձեզ է ուղարկվել 94 ստորագրությամբ նամակի տեսքով: Իսկ ակցիան միտված էր «Միռամ» ընկերության ներկայացուցիչներին գյուղ չթողնելուն, քանի որ ընկերությունն այս հայտի առաջին լսումներն անցկացրեց գաղտագողի' առանց արդվեցիներին տեղեկացնելու, դրանով կեղծելով հանրային լսումների անցկացման ընթացակարգը: Երբ մենք ցանկացանք մեր կարծիքը հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներին, նրանք դուրս չեկան մեքենայից և չլսեցին բնակիչներին»:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 2-ին Արդվի համայնքի բնակիչները 94 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին' «Միռամ» ՍՊԸ-ի հայտը մերժելու պահանջով:

Մեկնաբանություններ (1)

Ռուբեն Մարգարյան
Մի՞թե կարելի է հանուն փողի այդքան համառորեն արհամարհել Արդվի համայնքի բնակիչների շահերը: Արդվեցիներն իրենց հայրերից ու պապերից սովորել են տեր կանգնել իրենց հողին, ջրին, գյուղին, բնությանը: Մի՞թե հասկանալի չէ, որ այդպիսի բնավորություն ունեցող մարդիկ են ունակ պատերազմի դեպքում թշնամուց պաշտպանել իրենց գյուղը, տարածաշրջանը, հայրենիքը: Պարոնայք հանքարդյունաբերողներ, այդքան համառ մի եղեք, հարգեք գյուղում ապրողների իրավունքը: Նրանց պետք է գնահատել, որ այսօրվա դժվարին պայմաններում չեն արտագաղթել գյուղից, այլ ապրում են ու պահպանում են պատմական մեծ արժեքներ ունեցող եկեղեցիներ, խաչքարեր, դամբարաններ, գեղեցիկ գունաշերտերով ժառեր, բուժիչ ջրեր (մի փոքրիկ գյուղում այդքան հրաշք): Թող հարատև մնա Արդվի գյուղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter