HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սուքիասյան. «Ես Հայաստան եմ եկել՝ արդարադատություն ակնկալելով»

Ամալյա Մարգարյան

«1937թ. երեք ցուցմունքի հիման վրա էին դատում, իսկ այսօր` մեկ ցուցմունքով», - օֆշորի գործով նիստի ընթացքում իր պաշտպանական ճառն այսպես սկսեց ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը: Նա իրեն որևէ մեղադրանքում մեղավոր չի  ճանաչում:

Սուքիասյանը հայտնեց, որ իր կատարած ծախսերն ավելի շատ են եղել, քան բանկի տրամադրած վարկը: «Ամերիաբանկը» ինձ 10 մլն 700 հազար դոլար վարկ է տրամադրել, իսկ իմ կողմից ծախսվել է 17 մլն 43 հազար 780 դոլար: Ի՞նչ խարդախության մասին է խոսքը: Հայրապետյանն ինքն է  ինձ մոտեցել, ինքն է առաջարկել, 10 ամիս շարունակ խնդրել, որ կա́մ վաճառեմ,  կա́մ գրավադրեմ իր գույքը: Վարկ ենք վերցրել, Հայրապետյանի պարտքերը փակել եմ, գույքը բերել եմ իրավական տեսքի, մարել եմ գազի, լույսի, հողահարկի պարտքերը»,- հայտնեց Աշոտ Սուքիասյանը:

Նա նշեց, որ վարկը ստացել են այն ժամանակ, երբ Աֆրիկայում անձրևներ են եղել, և չեն կարողացել աշխատել:

Տուժող Փայլակ Հայրապետյանը, ըստ Սուքիասյանի, հայտարարել է, որ վարկը վերցնելուց 5 ամիս հետո հասկացել է իր խաբված լինելը, ինչը իրականությանը չի համապատասխանում: Վարկը վերցնելուց 13 ամիս հետո, Սուքիասյանի խոսքով, հորատող մեքենա են գնել և ուղարկել Աֆրիկա:

Հարկերից խուսափելու մեղադրանքի վերաբերյալ էլ ամբաստանյալը նշեց, որ «կանխավճարներ են թողել»: Սուքիասյանի պնդմամբ՝ Հայրապետյանը տեղյակ էր կատարված բոլոր գործարքներից: «Առավոտյան գալիս էր, երեկոյան գնում էր, իսկ ամբողջ գիշեր՝ մինչև 3-ը, զանգում էր: Ավելի շատ էր օֆիսում լինում, քան ցանկացած աշխատակից,- ասաց Սուքիասյանը՝ նայելով դահլիճում նստած Փայլակ Հայրապետյանին, - քո երևացող ու չերևացող հովանավորները պատասխան են տալու, դու պատասխան ես տալու, Հայրապետյա́ն»:

Ամբաստանյալը հերքեց նաև փողերի լվացման մեջ իրեն մեղադրելու փաստը՝ հայտնելով, որ իր կամքով է եկել Հայաստան՝ արդարադատություն ստանալու հույսով. «Որտե՞ղ եմ փողեր լվացել, ո՞ր խախտման համար են ինձ մեղադրում, որ հարուստ բիզնես եմ արե՞լ»:

Ապա անդրադարձավ լրատվամիջոցներին. «Լրատվամիջոցներն ինչո՞ւ ամեն ինչ չեն գրում, չնայած Հայրապետյանն ամեն տեղ հայտարարում է, որ շատերի բերանները գաջով փակել է, շատերն իրենց լրատվամիջոցի մասնագիտությունը թողած` հետաքննությամբ են զբաղված: Ես էլ մարդիկ ուղարկեցի, որ գնան և լրատվամիջոցներին ասեն` ինչը ինչոց է»:

Սուքիասյանը նշեց նաև, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փայլակ Հայրապետյանի միակ նպատակը, ըստ Սուքիասյանի, «Ամերիաբանկ»-ից իր ունեցվածքը վերցնելն է և որպես իրավահաջորդ՝ Աֆրիկայում եղածին տիրանալը:

Աստվածաշնչից մեջբերում անելով և դատավորից արդար որոշում խնդրելով՝ Աշոտ Սուքիասյանն այսօրվա ճառն ավարտեց հետևյալ խոսքերով. «Թող Աստված առաջնորդի ինձ»:

Հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 2-ին, Աշոտ Սուքիասյանին կտրվի վերջին խոսքի իրավունք:

Այսօր դատական նիստերի դահլիճում ներկա էին նաև գերմանացիներ Գունթեր Կոլինոն և Անյա Կոլինոն, ովքեր «Հետքի» հետ զրույցում նշեցին, որ Աշոտ Սուքիասյանի գործունեության արդյունքում իրենք ևս տուժել են: Երբ ամբաստանյալն ավարտեց ճառը, Գունթեր Կոլինոն նրան հարցրեց, թե երբ է վերադարձնելու իր փողերը, իսկ Անյա Կոլինոն էլ  ասաց. «Աշո́տ , ոսկորը կոկորդիդ է մնալու»:

Անյա Կոլինոն պատմեց, որ 2009-ին, մինչև Փայլակ Հայրապետյանի հետ գործունեություն ծավալելը, իրենք Աշոտ Սուքիասյանին տրամադրել են 100.000 եվրո, որպեսզի իրենք ևս զբաղվեն ադամանդագործությամբ, սակայն Սուքիասյանը գումարից միայն որոշակի տոկոսներ է վերադարձրել: «Ինքը գիտեր, որ մենք այստեղ չենք, մի ամսով ենք գալիս ընդամենը, մեկ ասում էր, թե Թիֆլիս է գնում, մեկ ասում էր` Դուբայ էր գնալու: Նա ուղղակի նպատակ ուներ փողերը վերցնել և հեռանալ»,-ասաց Ա. Կոլինոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter