Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Լուի Պրիմա. նրան համարում էին Արմսթրոնգի իտալական կրկնօրինակը



1950-ականները երաժշտության պատմության մեջ ոսկե էջեր են: Բազմաթիվ անուններ, նոր ձևավորվող ուղղություններ, հնի վրա նոր ճանապարհներ նախանշող ոճեր, որոնք հզոր շարժումների և գաղափարների հիմք էին դառնալու, ասելիք, նպատակ, կյանքի բանաձև և փիլիսոփայություն: Դրանք, ինչ խոսք, ավելին էին, քան միլիոններ արժեցող տեսահոլովակները, համերգասրահներն՝ իրենց ողջ կոմերցիոն էֆեկտներով և հարստությամբ: 50-ականները նաև վառ տրամադրություն հաղորդող թվիստի, սվինգի, ռոքնռոլի տարիներ էին:

«Ես հիթային ձայնագրություններ ունեցել եմ, բայց երբեք չեմ հավանել դրանք… ի՞նչ արած»,- ասել է ջազի ոչ այնքան հաճախ հիշվող անուններից մեկը՝ Լուի Պրիման: Նրա անունը հայտնի էր արդեն 1930-ականներից:  Երգիչ, երգահան, շեփորահար ու ուրախ ելևէջներով դերասան-երգիչ: Նա առավել ճանաչելի դարձավ 40-ականներին՝ շնորհիվ մի քանի հիթային սինգլների: Հիշենք և թվարկենք դրանցից մի քանիսը՝ «Sing, Sing, Sing», «Angelina», «Buona Sera» և «Jump, Jive an՚ Wail»:

Իտալաամերիկյան պատկանելությամբ այս երաժշտին հաճախ են համարել Լուի Արմսթրոնգի իտալական կրկնօրինակը: Պատճառը նրա կատարման ոճն էր, որը խռպոտ ձայնի ու բարձր նոտաներ վերցնելու սովորությամբ էր պայմանավորված,  և դա, ինչ խոսք, արտահայտում էր արմսթրոնգյան լուրջ ազդեցությունը Պրիմայի երաժշտական կյանքում: Այն առավել պարզորոշ զգացվում է նրա կատարմամբ Արմսթրոնգի ստորագրությամբ հիթերի՝ «You Rascal You», զուսպ «Basin Street Blues»-ը «When It's Sleepy Time Down South»-ի հետ ոչ ստանդարտ երկխոսության վերածած երգերում: Բայց անգամ այս շփոթեցնող ու, միևնույն է, արմսթրոնգյան կատարումից տարբեր ստեղծագործություններում երևում է, որ Պրիման այլ հնչերանգ ունի.  դա վառ տրամադրությունն է, որով էլ առանձնանում էր իր սերնդի հսկաներից:

Կրելով ջազի կնքահոր ներգործությունը երաժշտության գայթակղիչ, բայց դժվարություններով լի աշխարհում`  Պրիման, այնուամենայնիվ,  ստեղծեց իր սեփական ոճը՝ միայն իրենը, ու դրանով իսկ՝ անկրկնելին:

Լուի Պրիմայի  «Ամենավայրին»

Լուի Պրիման հսկայական ազդեցություն է ունեցել ռոքնռոլի, արընդբիի ձևավորման մեջ: Նա միևնույն ժամանակ համարվում է  Լաս Վեգասը զվարճանքների կենտրոնի վերածելու գլխավոր «մեղավորներից» մեկը: Իսկ դրա ամենավառ ապացույցը կարելի է համարել նրա «The Wildest! » ալբոմ-տրամադրությունը:

 «The Wildest! ». սա  Պրիմայի լավագույն ալբոմներից մեկն է, որտեղ ընդգրկված էին նաև վերոնշյալ երգերը: Նա ինչպես միշտ ուրախ է, տրամադրություն հաղորդելու մեջ` համառ և անդիմադրելի: «The Wildest! »-ը  համարվում է վաղ ռոքնռոլի, ջամփ բլյուզի և ջազի նորարարական խառնուրդ՝ ներծծված Լուի Պրիմային բնորոշ էքսցենտրիկ հումորով:

1950-ականներին Պրիման իր կնոջ՝ Քելլի Սմիթի հետ(ով երգչի նաև բեմական զուգընկերն էր) Նյու Յորքից տեղափոխվում է  Լաս Վեգաս և միանալով երիտասարդ սաքսոֆոնահար Սեմ Բյութերային` նոր բենդ է հիմնում:  Հաջողությունը նրանց այցելում է ակնթարթորեն: «Սահարա» անվամբ հայտնի հյուրանոց-խաղատանը կայացած նրանց շոուն մեծ արձագանքներ ունեցավ, և բենդը շատ արագ ճանաչում ու պահանջարկ սկսեց վայելել: Հենց այդ արձագանքառատ շոուն էլ հիմք և միաժամանակ նյութ դարձավ 1956թ. ապրիլին «Capitol Records »-ի հետ նոր ալբոմի թողարկման համար:

Հակառակ այն տարիների՝ ժամանակակից քննադատները շատ բարձր են գնահատում և՛ այս ալբոմի, և՛ Լուի Պրիմայի դերը ժամանակակից երաժշտության պատմության մեջ: «Allmusic»-ն այս ալբոմը գնահատման 5 բալանոց սանդղակում 5 է գնահատել՝ բարձրագույնը: Այն ընդգրկված է «1001 ալբոմ, որն անհրաժեշտ է լսել նախքան մեռնելը» հավաքածուում: 2002թ. «The Wildest! »-ը  վերաթողարկվել է, բայց՝ չորս հավելյալ թրեքերով, որոնք Պրիման ձայնագրել էր դեռևս 1956թ. սեպտեմբերին:

Այս ալբոմից հետո էլ Լ. Պրիմայի երաժշտական կյանքը շարունակում է աշխույժ ու լեցուն ռիթմերով առաջ գնալ: 1959թ. նա համագործակցում է «Dot Records» ընկերության հետ, որի արդյունքում 8 ալբոմ է թողարկվում: 1961թ. հունվարին  Պրիման հրավեր է ստանում ելույթ ունենալու նախագահ Ջոն Քենեդիի երդմնակալության արարողության ժամանակ և այստեղ Ֆրենկ Սինատրայի հետ կատարում է «Old Black Magic» երգը: Գործնական հաջողություններն ու դրանցով պայմանավորված խիտ, գերհագեցած գրաֆիկն, այնուամենայնիվ, թողնում են նաև իրենց հետևանքները: Նույն թվականին Լ. Պրիման և Ք. Սմիթը ամուսնալուծվում են, որից հետո երգիչը թեև շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքը շարունակել, սակայն հաջողության նախկին ռիթմը տարիների հետ սկսում է փոքր-ինչ դանդաղել:

1962թ. նա հիմնում է սեփական ստուդիան՝ «Prima One Records»-ը, որտեղ էլ  Սմիթին փոխարինած (և՛ անձնական, և՛ ստեղծագործական կյանքում) Ջիա Մայոնիի հետ ձայնագրում է «This is… Gia» ալբոմը: Այն, մեղմ ասած, այնքան էլ հաջողած նախագիծ չստացվեց:

Լուի Պրիման հայտնի է նաև իր մի քանի դերերով և հեռուստատեսային շոու-ներկայացումներով, ինչպես նաև ուոլթդիսնեյյան հայտնի մուլտֆիլմերում հնչող իր երգերով:

2010թ. Հոլիվուդյան «Փառքի պուրակ»-ում տեղադրվեց նաև այս արտիստի աստղը: Լուի Պրիման նշանավոր է նաև նրանով, որ իր երգերում առատորեն օգտագործել է իտալերենն ու իտալական երաժշտությունը՝  այսպիսով անհատական ու յուրահատուկ մեկնաբանությամբ լցնելով ջազի, սվինգի, ռոքնռոլյան գունեղ ու չափազանց պահանջկոտ  աշխարհը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ