HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Արամ Պաչյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  գրող Արամ Պաչյանն է։

Արամ Պաչյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

․․․(Դադար հինգ րոպե, բակում երեխա է լացում)։ Բակում երեխա է լացում։ Ինքը գիտի, որ երեխան բակում նոր լացեց։ Ինքը լսեց ու հավատում է։ Ինքը գիտի, որ քո առաջարկած այս «երրորդ դեմքը» վտանգավոր է։ Վտանգավոր է, քանի որ խույս է տալիս իրականությունից, գեղարվեստականացնում է իրականությունը, հնարավոր է՝ մի քիչ էլ պաթետիկ է դարձնում, իսկ ինքը չի ուզում «գեղարվեստականանալ»․ դա թողնում է լեզվին, որ գրում է։

Ինքը գիտի, որ հնարավոր չի ազնիվ լինել այս պահին, քանի որ լեզուն չի փոխանցում ամբողջական էթիկան։ Դրա համար ինքը հիմա խոսում է, բայց արդեն մասամբ է այդ խոսքի մեջ։ Ինքն  ապրում է էնպես, ինչպես ապրել է, ինքը բավականին հեռացել է վայրերից, որտեղ այդքան էլ լավ չէր զգում իրեն։

Իր համար այս պահին ամենաթանկ բանը հիշողությունն է, որովհետեւ, եթե հիշողությունը չլինի, իր իրականությունը չի «իրականանա», եւ սիրելի մարդիկ ուղղակի գոյություն չեն ունենա․․․ Իսկ ինքը գիտակցում է՝ այն մարդկանց, ում սիրում էր, եւ ովքեր հիմա չկան, գոյություն ունեն միայն իր հիշողության մեջ։ Ինքն արդեն զրույցի ժամանակ ասեց, որ իրականությունը «նորաձեւ» չէ, եւ ուրախ է դրա համար։

Ինքն ասելիք չունի, երբեք չի էլ ունեցել։ Իր ոչ մի գիրք ասելիք չունի, ու ով ասելիք է փնտրում իր մեջ կամ գրքերում, թող իզուր չորոնի։ Ինքը նպատակներ ու ձգտումներ չունի եւ չի էլ ունեցել, ինքն իր մեջ է։ Եվ, երբ ինքն իր մասին խոսում է, ստացվում է՝ ուրիշն է պատկերվում, որը գուցե որոշ առումով մոտ է իրեն, բայց արդեն ուրիշն է։

Ինքն առհասարակ, հավատում է  միայն իրականությանը եւ գնում է այդ իրականության հետեւից։ Մարդկանց մեջ ամենաարագն է իրեն կորցնում եւ գտնում է ինքն իրեն, երբ լրիվ մենակ է․․․ Ինչպես իր սիրելի փիլիսոփաներից Սիմոնա Վեյլն էր ասում, «միայնությունը իրեն հնարավորություն է տալիս ուշադիր լինել»։

Ինքը գիտի, որ իր խոսքը մեկնաբանվելու է, եւ զավեշտալի են թվում բոլոր մեկնաբանություններն իրականում, որովհետեւ ինքը գիտի, որ Սոնթագի «Ընդդեմ մեկնաբանության» էսսեն վաղուց հնացել է, որովհետեւ չի իրականացել․ այսինքն ամեն ինչ վերստին մեկնաբանվում է, եւ, երբ որ մեկնաբանում ես, միշտ սխալվոմ ես, եւ միշտ թեքում ես ուղղությունը։ Ինքը գիտի, որ շատ բաներ ավարտվել են․․․ Եվ իր միակ հույսն այդ ավարտն է։ Եվ ինքը գիտի, որ շատ լավ է, որ ավարտվել է, եւ շատ ուրախ ու ազատագրված է դիմավորում իր հաջորդ օրը։ Գիտի, որ հիմա սկսեց շատ խոսել։ Դրա համար ինքը հիմա պիտի ավարտի։ Եվ ինքն ավարտում է․․․ 

Քո ու Հայաստանի հարաբերությունները

Երբեւէ չեմ մտածել իմ ու Հայաստանի միջեւ կարող է լինել հարաբերություն, որովհետեւ իրականում այդ հարաբերությունը չկա էլ, բայց ես կարող եմ ստեղծել այն, երբ ուզենամ։ Համենայնդեպս, Հայաստան կամ հայրենիք ասելով՝ շատ ավելի նեղանում է ամեն ինչ․ այն սկսվում է իմ հիշողությունից, ապրած տարիներից, տնից, բակից, իմ սիրած փողոցներից, մարդկանցից ու քանի գնում է, այդքան հեռանում է։ Այսինքն հարաբերությունների կոնտեքստը փոխվում է, չի դառնում հարաբերություններ հայրենիքի հետ, այլ ավելի է պարզանում, վճիտանում, որի կարիքը ես հիմա ավելի շատ ունեմ։ Հարաբերությունների կարիքը, որոնք տարընթերցումների ենթակա չեն։

Դրա համար այդ հարաբերություններն իրականում չկան մինչ այն պահը, երբ ցանկանամ ստեղծել։

Երբ տեքստն արդեն եղելություն է, հարաբերությունների տեղ մնու՞մ է։ Վերաբերմունք կա՞այդ տեքստին։

Ինչ գրում եմ, որոշ ժամանակ հետո ամբողջական ձեւով կտրվում եմ դրանից ու մոռանում եմ։ Մոռանում եմ նույնիսկ, թե ոնց եմ գրել, ինչու եմ գրել։ Ինչու՞ են գրողները նոր գործ սկսում, որովհետեւ այն, ինչ եղել է, ոնց որ բացակայություն լինի, ոնց որ եղած չլինի, գրելու մտայնություններդ, ջանքերդ կամաց-կամաց խամրում են։

Ինձ թվում է՝ կա հստակ նյութ, կա լեզու, որն իր խնդիրներն է առաջադրում, ու դու փորձում ես լուծել։ Որքանով է ստացվում կամ չի ստացվում, դա ուրիշ հարց է, բայց երբ այդ խնդիրը «լուծվում» է, հաջորդ պահին սկսվում է մոռացության աշխատանքը։ Դու մի կողմ ես դնում ամեն ինչ ու սկսում նորից։

Ինձ համար շատ քիչ են այն գրողները, ովքեր գրքից գիրք նոր բան են գրում։ Նույն բանն են ասում ու չեն էլ ուզում չասել։ Ես դրա մեջ շարունակվելն ու չավարտվելն եմ տեսնում։

Առօրեական պատկերը՝ կրկնություններ, սովորություններ․․․

Իմ առօրյան շատ միատոն է։ Ես գիտեմ՝ ինձ ամեն օր ինչ է սպասվում, եթե անակնկալներ չեն լինում։ Գիտեմ՝ ոնց եմ սկսելու օրս ու ոնց եմ եզրափակելու։ Միատոնությունը կողքից է երեւում անհետաքրքիր, բայց խորքերում շատ տարածություններ ունի, ու այնպես չի, որ այդ տարածությունները հաղթահարելը հեշտ է միատոն օրվա, միօրինակ գործի մեջ։  Շատերի համար գուցե գրելը կամ ընթերցելը ձանձրալի է։ Մարդիկ ուզում են փոխել իրենց իրականությունը, բակը, փողոցը․․․ Ես չունեմ այդ խնդիրը, որովհետեւ ինձ համար նույն փողոցն ամեն օր նույն փողոցը չէ։ Լինում է, որ կրկնությունը հոգնեցուցիչ է, բայց երբ «հոգնեցուցիչից» անդին ես անցնում, շատ այլ հետաքրքիր բաներ են բացվում։

Տպագրված տեքստին ինչպե՞ս ես վերաբերում։ Փոփոխություն անելու հարց առաջանու՞մ է։

Հենց ուզում ես, որ ամեն ինչ այլ կերպ լինի, հասկանում ես, որ ամեն ինչ կփոխեիր տեքստի մեջ, պատմվածքի մեջ։ Ինքնաներշնչանքը շատ բան է փոխում, տագնապը, թե ինչ-որ բան այլ կերպ պետք է գրեիր՝ ոչ այսպես։

Նման տագնապները հաճախ արհեստական ազդակներ են, «հրահրված»։

Շատ ժամանակ արհեստական են, որովհետեւ քեզնից չեն բխում, որովհետեւ հնարավոր է՝  ընկնես կարծիքների որոգայթը կամ գրականության պատմության մեծ թակարդը, որտեղից սկսում ես համեմատությունների գնալ, ինչը կարող է սխալ ուղղությամբ տանել։ Հնարավոր է՝ փորձես քո սիրելի հեղինակների գրականության հետ առնչակցվել եւ կորցնես քեզ։

Դրա համար դժվար է աշխատել, որովհետեւ ժամանակակից կյանքն այնպես է ընթանում, որ դու «դու» չլինես, ամեն ինչ լինես բացի քեզնից։ Միտում եմ նկատել, որ ընթերցողները կարդում են ժամանակակից գրողներին ու մի քանի տող հետո լրիվ այլ հեղինակի են «փնտրում»։

Այդպիսի ընթերցող ունե՞նք։

Հնարավոր է հինգ գիրք կարդացած լինի, դա չի էականը, ուղղակի տեսնի այն, ինչ միայն ինքն է ուզում տեսնել, ոչ թե ինչ կա նաեւ իրականում։ Փորձում եմ չվերադառնալ արդեն տպագրվածին․ նախ անհնար է ինչ-որ բան անել, երկրորդ՝ ինչի՞ անել։

Ապրելու մեջ անհարմարություն կա՞։

Լեզվի խնդիր կա։ Հասարակության մեջ շատ տարբեր իրականություններ կան․ շատ «շերտատված» է մեր հասարակությունը։ Նույն սրճարանում նստած են մարդիկ, ու կարող է տասնհինգ իրականություն լինել այդ միջավայրում։ Այդ իրականությունների մեջ լեզուն ինձ համար գտնված չէ, որովհետեւ դժվար է հասկանալի լինել իրար։ Միգուցե ավելի լավ օրեր կգան, վճռական քայլեր կլինեն նաեւ քաղաքական դաշտում, լեզվի հարցն էլ կկարգավորվի։ Լավ է, որ տարբեր իրականություններ կան, բայց մեկ-մեկ այդ իրականություններն անճանաչելի են դառնում միմյանց։

Դու մասնակի՞ցն ես «մեր» իրականության։

Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանելը։ Չգիտեմ՝ մասնակից եմ, թե չէ․․․ Ինձ թվում է՝ մասնակից եմ, բայց գուցե սխալվում եմ։ Եթե ես ինքս ինձ սահմանեմ, ինչ-որ առումով մասնակիցն եմ, բայց հաճախ մարդկանց պատկերացումներն են մեզ սահմանում, իսկ դրանք թեք են ու շեղակի։  Իսկապես դժվար է մարդուն սահմանելն ու պատկերացնելը․ միշտ պատկերացնում ենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, իսկ դա արդեն շատ բաներ է փոխում։

Չգիտեմ․․․ Ո՞նց են մասնակցում իրականությանը․․․ Գործերո՞վ։

Իմ կարծիքով մասնակցությունը հաճախ «սահմանում» են գործողություններով։ Գուցե սխալվում եմ, բայց, օրինակ քո «մասնակցությունը», հնարավոր է, որ քո տեքստով են սահմանում, կամ, այսպես ասած, տեքստն է հիմքում։ Քո տեքստը մասնակցության ձեւ՞ է քեզ համար։

Կուզեի՝ մասնակցության ձեւ լիներ, ինչ-որ գործառույթ ունենար, չեմ ասում գործիք դառնար, պետք էլ չի, որ լրջագույն ազդեցություն ունենա։ Նախ գրականությունն իրականանալու խնդիր ունի, հետո ներազդեցության համար ավելի այլ պաստառային գործիքներ կան երեւի․․․Բայց իրականության մաս կարող է լինել։

Մեծ ցանկություն ունեմ, որ գիրս իրականության ձգտում լինի, այն իրականության, որն այսօր «նորաձեւ» չէ։ Ընդհանրապես, այսօր իրականությունը դեն նետված բան է։ Իռացիոնալի տարածումը կամ կիսավիրտուալ համատեքստերի մեջ լինելը ներշնչում է զգացումներ, որոնք իրականության մեջ շատ զավեշտալի են դառնում: Դրա համար կուզեի, որ գիտությունը, գիտական միտքը իր լուրջ դերն ունենար, իր նյութը ազդեցիկ լիներ։

Բայց այդ «ոչ նորաձեւ» իրականությունը, որի մասին ասում ես․․․

Սպառվա՞ծ է։

Գուցե գոյություն չունի, քանի որ չենք տեսնում։

Ամեն ինչ հնարավոր է ասել, հնարվոր է փաստել ու հակափաստել, բայց եթե դու քեզ ներշնչում ես, որ այդ իրականությունը գոյություն չունի, ուրեմն պետք է պատասխան տաս դրա համար․․․ Ուրեմն ցավն էլ գոյություն չունի, բռնությունն էլ գոյություն չունի․․․

Շատ վիճելի բան գուցե ասեմ հիմա, բայց բռնության մասին, երբ տեսնում կամ լսում եմ, ինձ թվում է՝ այդ բռնությունն ընդամենը գործիք է դառնում վախ ներշնչելու համար ։ Զոհը չի կարեւորվում, կարեւորվում է այն, որ այս պահին այդ լուրը մեզ վրա ազդեցություն ունենա։ Ու ցավալի է, որ մենք կարող ենք մոռանալ բռնության մի դեպքի մասին, որ երեք օր առաջ տեղի ունեցավ, որովհետեւ մեդիան մեզ նոր բանով է զարմացնում կամ վախեցնում։

Հա՜․․․

Ուզում եմ ասել, որ մենք ինչ տեսնում ենք, լսում ենք, «գտնում» ենք, իրականում լրիվ տարբերվում է քո ասած «ոչ նորաձեւ» իրականությունից։

Հենց դա է, որ իրականությունը սահմանափակ է, բայց այդ սահմանափակության մեջ կան ձեւեր, որոնք անչափ հետաքրքիր են, որոնք այնքան բազմազան են, ինչպես օրինակ, բնության, նույնն էլ արվեստի, գրականության մեջ։

Մի պահ պատկերացրու՝ չլինեին բազմազանության ձեւերը․․․ Իրականությունը շատ հարուստ է, խնդիրը վերաբերմունքն է։ Այսօր մեր մոլորակը փչանում է։ Դա իրական է, իրական է նաեւ մեր աստղի մարումը, գլոբալ տաքացումը: Ամեն ինչ իր վերջնակետն ունի, և մյուս սերունդների համար գուցե ավելի ծանր է լինելու։ Սա իրականություն է։

Մենք ներկա պահին շատ բարդ փուլ ենք անցնում, որովհետեւ նույն այդ լրահոսի տակ, փոխանցված պատմության ճնշման տակ, մեկ է, քո ճարտարապետական կառույցը ցնցվում է։

Դեվիդ Ռիֆը՝ Սոնթագի որդին “Guardian”-ում գրել էր, որ շատ ժամանակ էլ հիշողությունն է սկսել խանգարել կոնֆլիկտների լուծման հարցում։ Անընդհատ հիշողությունն էլ վրեժի զգացում է արթնացնում, ու ստացվում է, որ կոնֆլիկտները մյուս սերունդներին են փոխանցվում, ու վերջին հաշվով, ոչ մի հարց չի լուծվում։

Ես երեւակայությանը չեմ վստահում, ոչ էլ իր հնարավորություններին եմ հավատում։ Դրանով ես սահմանափակ եմ, բայց սիրում եմ իմ սահմանափակությունը։ Եթե երազեմ, ոչ մի բան չեմ անի, հաստատ գիտեմ։ Առանց հիշողության չկա երեւակայություն, տեսլական։ Մեկ- մեկ մոռանում ենք, որ գլխուղեղ ունենք․ հաճախ ինքն է մեզ թելադրում։ Գիտական միտքը դրա համար եմ կարեւորում, որը հիմա հետին պլան է մղվել։

Ինձ համար իմ բակի ծառերը սահմանափակ իրականության մեջ նույնքան արժեքավոր են, որքան ուրիշ մեկի համար վիրտուալ կյանքի ցնցող ձեւերն ու վիճակները․․․

Արա՛մ, սպասելիքներ չունենալու մասին ես խոսում, ավարտի, «ոչ նորաձեւ» իրականության, կրկնության․․․ Սպասելու պա՞հը ոչ մի կերպ չի դրսեւորվում։ Չե՞ս սպասում։

Չէ, չեմ սպասում։ Ես փորձում եմ տարածությունը հաղթահարել։ Սպասումը գործածում եմ, որ հասնեմ։

Այդ դեպքում տարածությունը հաղթահարելը ինչի՞ն հասնելու միտում ունի․․․ Թե՞ հենց բուն շարժվելու ընթացքն ես կարեւորում։

Երեւի ճիշտ ես՝ գնալու, շարժման մեջ է ամեն ինչ ամփոփվում։ Կան տարածություններ, որոնք կրում են ինչ-որ բաներ, որոնք ես չեմ ճանաչում։ Եվ երեւի տարածությունն ես նախ ուզում հաղթահարել, հասնել չակերտավոր «սպասմանը», որն իրականում քեզ չի սպասում, այլ դու ես մոտենում իրեն։ Երբ ջրում եմ իմ այգու ծառերն, արդեն այդ շարժման մեջ եմ:

Տեղի ունեցողի ու տեղի ունեցածի հարաբերության մասին կուզեմ խոսենք։ Եթե սպասելիքներ չունես,  երազանքներն ու պատրանքները դուրս ես մղում, ստացվում է՝ այդ ծառը, որ ջրում ես, ու ինքն օր օրի փարթամանում է, սանտիմետրերով ավելանում, քեզ համար արդեն երեւացել է այդպիսին։ Այսինքն անցյալում երեւացել է ապագան, դու ուղղակի ընթացքի մեջ ես։

Ես ուզում եմ հասնել այն կետին, ուր իմ անցյալը, ներկան ու ապագան կմեկտեղվեն:

Այսինքն ծառը մինչեւ հատվելու պահը տեսնելու՞ ես։ 

Հա, տեսնելու եմ, բայց որ ասում եմ հիշողության կարեւորությունը․․․ Հիշողությունն իր մեջ բանտարկելու գործառույթ էլ ունի։ Այսինքն գոնե այս պահի դրությամբ ժամանակակից մարդու վրա շատ լուրջ ազդեցություն ունի, որովհետեւ իր շրջանակից գուցե բաց չթողնի, ազատագրվելու հնարավորություն չունենաս։

Էլի ինքն է, որ կա, մեծ, հզոր ուժ է, շարունակություն ապահովող կարեւորագույն մի բան, բայց գոնե մեր քաղաքակրթությունը չափից դուրս կարոտաբաղձության մեջ է, ու դա խարան է դառնում։

Ի՞նչ իմաստով։

Հիշողությունն ինչ-որ առումով առաջ շարժվելուն է խանգարում։ Միշտ մտածում ենք, որ անցյալում ավելի արժեքավոր, կարեւոր բաներ են եղել, քան հիմա։  Տեսաբաններ կան, ովքեր դա կապում են երկու աշխարհամարտերի հետ։ Մարդիկ կորցրեցին ամեն ինչ, իրենց կյանքը: Պարզվում է՝  մյուս սերունդները՝ երկրորդ, երրորդ, հանկարծ ամբողջովին շրջվում են դեպի կորուստը, մնում դրա մեջ:

Այդ կարոտաբաղձությունը ծայրահեղ է, եւ կապանքները մեզ կարող են ճնշել այն աստիճան, որ վստահություն չունենաք մեր արածի գործի հանդեպ։ Սա շատ լուրջ տագնապ է։ Պոստմոդեռնի մեջ զավեշտալին ու ցավալին հենց այդ անվերջ վերադարձն է դեպի անցյալը, ավելի շուտ ոչ թե անցյալի կարեւորումը, այլ անցյալի օգտագործումը, կուզես՝ հարստահարումը, որն ուղղակիորեն սպառման առարկա է դառնում։ Եթե լավ սպառվեց, ուրեմն կարելի առաջ շարժվել ու նորից մեկ այլ նյութ «վերակենդանացնել»:

Հղումներն անընդհատ են։

Հա, այսօր նաեւ ցինիզմն է մեծ թափ է հավաքել, եւ այդ «առողջ հեգնանք» ասվածը, ուրեմն ճնշումներն ահռելի են՝ պատմություն, լրահոս․․․

Հետաքրքիր է, երբ Ռոդենի «Մտածող»-ին տեսա, հուզվեցի։ Հետո, երբ փորձում էի վերլուծել պահը, թե ինչու այդպես եղավ, հասկացա, որ տարիների կուտակած ինֆորմացիան նախ ազդեց։ Ես տեսա մի բան, որի մասին այդքան խոսում են։

Մտածում ես՝ ողջ կյանքում հնարավոր է չգիտակցենք, որ պարզապես ներշնչանքի գործիքն ենք եղել: Ներշնչվածը չկա որպես ինդիվիդ, որովհետեւ մտքերի ու պատմության արդյունքն է, ոչ թե ինքն իր միտքը։ Այդպիսի ճնշումները հաճախ պաշտպանական ռեակցիաներ կարող են առաջացնել, ապստամբելու, ծովահենության ցանկություն։ Այդպիսի պաշտպանության ժամանակ հնարավոր է սխալվես, որովհետեւ կատարյալ պաշտպանություն չկա։ Արդյո՞ք այդ ապստամբությունը կատարյալ եւ ճշմարիտ էր։ Մի պահ հասկանում ես, որ քեզ «դարձրել» են ապստամբ, ոչ թե այն, որ դու ինքդ ապստամբ էիր: Սրանց մեջ ահռելի տարբերություն կա։

Հիմա մենք լարված ենք: Բայց սա նաեւ հույս է։ Հավատում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր իրենք «իրենք» կլինեն, եւ կապ չունի՝ ինչ արդյունքով դուրս կգան: Երբ ասում եմ «արեւմուտքի մարդու մոդելը», համանման հասկանում եմ «արդյունքի» մոդել։ Մարդուն միայն արդյունքով տեղավորելն ու արժեւորելը պատմության մեջ՝ սա եւս կապանք է։

Ուզում են արածիդ անուն տալ։

Հա․․․ Մարդը կարծես չի ծնվում, որ ինչ-որ բան անի․ նա արդեն եղել է, կա։ Հայաստանում էլ մշակութային եփուկի մեջ ենք՝ արեւմուտքի մոդելներն են՝ արդյունքի, ապացույցների դոմինանտությունը, ինքնաարտահայտվելու մոլագարությունը։ Եվ դու ճիշտ էիր, երբ ասում էիր՝ ամեն ինչ շատ արագ մոռացվում է, իհարկե, ամեն ինչ եւ շատ արագ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter