HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քաղաքացիները Հաղարծինում փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը. Ժամանել էր փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը

Այսօր, երեքուկես ժամ շարունակ, մոտ հինգ հարյուր քաղաքացի փակել էր Իջևան-Երևան միջպետական ճանապարհը: Հաղարծին համայնքում հավաքված քաղաքացիները պահանջում էին, որ պետությունն իրենց թույլատրի անտառից վառելափայտ տեղափոխել և վաճառել, ինչպես նաև նվազեցնի դրա համար նախատեսված պետական տուրքը:

Ցուցարարները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ իրենք մեկ խորանարդ մետր ցախը վաճառելու համար տուրք են վճարում 10800 դրամ, և կառավարությունը խոստացել է այդ տուրքը նվազեցնել` հասցնելով 5400 դրամի, ինչը ոչ միայն չի արվել, այլ նաև արդեն երկու օր է` իրենց առհասարակ չեն թույլատրում վառելափայտ տեղափոխել:

Ճանապարհի փակված հատվածում բազմաթիվ ոստիկաններ կային, որոնց` ճանապարհը բացելու հորդորներն ապարդյուն էին անցնում: Ցույցի ընթացքում պարբերաբար բախումներ էին լինում: Բախումներից մեկը ցուցարարների ցույցի պատճառով ճանապարհին մնացած մի քանի քաղաքացիների միջև էր, ապա անհայտ պատճառով հրմշտոց սկսվեց հենց ցուցարարների միջև: 
Ցույցից երեք ժամ անց` 22:00-ի սահմաններում, Հաղարծին ժամանեց Հայաստանի փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը: 

Վերջինս հավաքվածներին ասաց, թե ցույցի պատճառով ճանապարհին մնացածների մեջ հիվանդներ կան, երեխաներ, Հովհաննիսյանը նշում էր նաև, թե այսօր Սուրբ խաչ է, վաղը` մեռելոց:

«Այսօր սբխեչ է, վաղը` մեռելոց, մարդիկ մեռելոց են գնում, թող այս երկու օրն անցնի, ես խոստանում եմ, որ դուք երեքշաբթի ում հետ ցանկանում եք, կհանդիպեք»,- քաղաքացիներին տևական ժամանակ համոզում էր Հովհաննիսյանը, սակայն քաղաքացիները հակադարձում էին, որ արդեն երեք ժամից ավելի իրենք ցույց են անում, սակայն բնապահպանության նախարարությունից որևէ մեկը չի եկել` իրենց հետ խոսելու: Հովհաննիսյանին, այնուամենայնիվ երկար բանակցություններից հետո, ժամը 22:40-ի սահմաններում հաջողվեց քաղաքացիներին համոզել բացել ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter