HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ անգործության են մատնվում պետական մարմինները. ՀԷՑ-ի փայտյա հենասյուները սպառնալիք են բնակիչների համար

Ռուբեն  Վարդանյան

Մոտ մեկ տարի առաջ Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի 110 բնակիչների ստորագրությամբ, որոնց թվում էին նաև ավագանու 8 անդամները, գրավոր նամակ էին ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և ՀԷՑ գլխավոր տնօրենին:

Համայնքապետարանը սկսած 2011 թվականից պատկան մարմիններին բազմիցս գրավոր տեղեկացրել է համայնքի էլեկտարականության ներքին ցանցի վթարային և անմխիթար վիճակի մասին: Բողոքի ձայնը լսելի դարձնելու համար փորձ է արվել բողոքի ակցիա կազմակերպել նույնիսկ կառավարության և ՀԷՑ-ի շենքերի դիմաց: Սակայն, նման ակցիաները տեղի չեն ունեցել, քանի որ ՀԷՑ-ի պաշտոնյաներն, այցելելով համայնք, խոստացել են իրականացնել ներդրումներ, վերանորոգել վթարային հատվածները: Խոստում է տրվել նաև ՀԷՑ-ի տարեկան պլանային ծրագրերում ներառել և իրականացնել համայնքի հաղորդալարերի և հենասյուների վերանորոգման աշխատանքներ:

Անցել են տարիներ, խոստումները մնացել են չիրականացված: Իսկ վիճակն էլ ավելի է վատթարացել, ինչի հետևանքով բնակիչները, մթերային խանութ և արտադրամաս ունեցողները կրում են լուրջ վնասներ, ստանում անորակ էլեկտրաէներգիա: Համայնքի բնակիչները ստեղծված իրավիճակի վերաբերյալ նույնիսկ անեկդոտ են պատմում. «Պառավի փեշերը իրար եկան, Աղավնատան լույսերը անջատվեցին»:

Ներքին ցանցի անմխիթար վիճակը շղթայի միայն մի մասն է: Նախկինում Աղավնատուն համայնքի տարածք հարևան Արագած գյուղում տեղակայված բարձրավոլտ ցանցից էլեկտրաէներգիա մտել է երկու հաղորդալարով: Մեկը սպասարկել է Աղավնատուն համայնքին, մյուսը՝ հարևան համայնքներին: 1990-ականների վերջերին բարձրավոլտից ստացվող հաղորդալարերից մեկն ամբողջությամբ թալանվել է: Այժմ մեկ հաղորդալարով ստացվող էլեկտրաէներգիան բաժին է ընկնում մի քանի գյուղի, այդ թվում՝ Աղավնատուն համայնքին, ինչպես նաև տարածքի մեջ մտնող քարի հանքին:

Բացի այդ, այս տարիների ընթացքում ավելացել են բաժանորդների թիվը, ինչը խիստ ծանրաբեռնել է առանց այն էլ վթարային ու մաշված հաղորդալարերը: Հատկապես վերջին տարիներին նույնիսկ թեթև քամիներից, անձրևից ժամեր շարունակ հոսանքազրկվում է ամբողջ գյուղը: Ստացվում է, որ տեղումներով է պայմանավորված Աղավնատուն համայնքի բնակիչը էլեկտրաէներգիա կունենա, թե ոչ: Խնդիրը լուծում կստանա միայն ՀԷՑ-ի ներդրումներից հետո, ինչը տարիներ շարունակ իրականություն չի դառնում:

Համայնքի տարածքի թեքված, կոտրված հենասյուները իրական սպառնալիք են համայնքի բնակիչների կյանքի ու առողջության համար: Դժբախտ պատահարներ կարող են լինել ամեն րոպե: Թեքված հենասյուներից մեկն էլ գտնվում է համայնքի դպրոցի տարածքում և երջանիկ պատահականություն է, որ մինչ օրս ողբերգական դեպքեր չեն գրանցվել: Դրան նպաստել է նաև համայնքի բարերարների կողմից փոխված մի քանի հենասյուները:

Նշենք, որ վատ վիճակում են գտնվում նաև համայնքում գտնվող տրանսֆորմատորները: Տարիների ընթացքում չիրականացնելով որևէ ներդրում` դրանք շարքից դուրս են եկել, և փականների փոխարեն «կարկատել» են մետաղական լարերով:

Համայնքի բնակիչները, դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, վերջինիս «հիշեցրել» են, որ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը: Այդ կարգավորման հիմնական սկզբունքներից են՝ սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը, սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը և այլն:

«Այժմ Աղավնատուն համայնքի բնակիչներս հայտնվել ենք անհավասար իրավիճակում: ՀԷՑ-ը, խախտելով պայմանագրի դրույթները, չի մատակարարում որակյալ և կայուն գրաֆիկով էլեկտրաէներգիա, որի համար ստիպված ենք վճարել նույն սակագներով և պայմաններով, ինչ վճարում են որակյալ և կայուն գրաֆիկով էլեկտրաէներգիա ստացողները: Սա մեր իրավունքների կոպիտ և բացահայտ խախտում է, խտրականության դրսևորում, ուստի Հանձնաժողովին խնդրում ենք քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»,-նշված էր բնակիչների կողմից ստորագրված դիմումում:


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարձրացված հարցերի կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով դիմել էր ՀԷՑ-ին: Ընկերության տեխնիկական տնօրեն Ռ. Գրիգորյանը 2016թ. օգոստոսի 23-ին պատասխանել էր, թե Աղավնատուն համայնքին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարելավման աշխատանքներն ընդգրկված է ՀԷՑ-ի 2016թ. ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքների հասցեական ցանկում, ըստ որի՝ պատվիրված է նախագիծ-նախահաշիվ:

«Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2016թ. ընթացքում»,-նշել է ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենը:

Անցել է մեկ տարուց ավել ժամանակ, սակայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդպես էլ հետամուտ չեղավ՝ արդյոք խոստացված աշխատանքներն իրականացվել են, թե ոչ: Նշենք, որ խոսքը նույն սակագնի դիմաց վատ որակի էլեկտրաէներգիա ստանալու մասին էր, ինչը պետք է հետաքրքրեր հանձնաժողովին:

Գրավոր հարցմանն ի պատասխան` ՀԷՑ-ի լրատվական բաժնից «Հետք»-ին տեղեկացրին, որ 2010թ. մինչ օրս Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում կառուցվել է 810 մետր 0,4 կՎ օդային գիծ, փոխարինվել թվով 61 փայտյա հենասյուն։

2017թ. ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվել է Աղավնատուն համայնքը սնող «Արագած» 35/10 կՎ ենթակայանի «Ամբերդ» օդային գծի 2500 մետր հատվածը բնակիչների տնամերձ հողամասերից գիծը տեղափոխելու համար։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում դպրոցի տարածքից վթարային գիծը տեղափոխելու համար տեղադրվել է երկու երկաթբետոնե հենասյուն։

Հենասյուների փոխարինման և օդային գծերի վերակառուցման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաեւ 2018թ. ընթացում, ծավալները ներկայումս ճշգրտվում են։

Նշենք, որ «Ամբերդ» օդային գծի տեղափոխման աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ տարվանից: Ամիսներ շարունակ ՀԷՑ-ի աշխատակիցները որևէ աշխատանք չէին իրականացնում նշված տարածքում և ավարտական աշխատանքները ձգձգել են մեկ տարի:

Մինչ ՀԷՑ-ը փորձում է կարգի բերել նախորդ տարիներից կիսատ մնացած աշխատանքները, բնակելի հատվածում գտնվող և տներին մոտ գտնվող փայտե հենասյուները շարունակում են սպառնալիք մնալ բնակիչների կյանքի ու առողջության համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter