Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Կահույքի արտադրամասերն ու տնակային ավանները՝ Գյումրու օդի աղտոտման պատճառ



Վերջին հինգ տարիներին փոշին եւ SO2 գազը Գյումրու մթնոլորտային օդում հաստատուն բարձր են սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ միջինը 1,5 անգամ։

Սակայն ոլորտի մասնագետները պնդում են, որ փոշու ցուցանիշները Գյումրիում ավելի բարձր են, քան արձանագրվում է Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիտորինգի կողմից։

«Մենք արդյունաբերություն չունենք, բայց մեզ մոտ փոշու մակարդակը ավանդաբար մոտ 25 տարի է՝ բարձր է։ Եվ ավելի, քան պաշտոնապես նշվում է։ Սկզբնական շրջանում փոշու աղբյուր էին հանդիսանում երկրաշարժից ավերված շինությունները, իսկ հիմա արդեն՝ ավերված փողոցային ցանցն ու տնակային թաղամասերը։ Մարդիկ բնակարաններ ստացան, լքեցին տնակային տարածքները, ու դա էդպես մնաց, հիմա փոշու աղբյուր է հանդիսանում։ Մի խոսքով, հիմնական պատճառը հետերկրաշարժյան խնդիրներով է պայմանավորված»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գեւորգ Պետրոսյանը։

Պաշտոնական տվյալներով՝ 2012 թվականին Գյումրիում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1,7 անգամ, իսկ SO2-ի եւ CO-ի տարեկան միջին կոնցենտրացիաները եղել են թույլատրելիի սահմաններում։

2013 եւ 2015 թվականներին փոշին ՍԹԿ-ն գերազանցել է 1,9, SO2-ը՝ 1,6 անգամ։ Արդեն 2014-ին Գյումրու մթնոլորտային օդում փոշու ցուցանիշները ուղիղ կրկնակի անգամ ավել են եղել սահմանային կոնցենտրացիայից։

Գերազանցումներ են գրանցվել նաեւ 2016 թվականին։

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը օդի մեջ փոշու կոնցենտրացիան դիտարկում է քաղաքի միայն մեկ կետում՝ Նժդեհի փողոցում, այնինչ SO2-ը՝ 24 կետում։

ՊՈԱԿ-ի Գյումրու դիտակայանի ղեկավար Ռոլանդ Գասպարյանի խոսքով՝ մեկ կետի արժեքը Գյումրու նման խոշոր քաղաքի համար բոլորովին էլ բնութագրական չէ։ Նա Բնապահպանության նախարարությանն առաջարկել է եւս երկու դիտակայան ավելացնել՝ մեկը քաղաքի կենտրոնական մասում, երկրորդը՝ Անի թաղամասում։ Նախարարությունն ընդունել է առաջարկությունը։

«Գոյություն ունի նորմատիվ։ Նման քանակի բնակչություն ունեցող քաղաքները նվազագույնը երեք դիտակետ պետք է ունենան, որպեսզի արդյունքները գոնե ինչ-որ չափով բնութագրական լինեն։

Քաղաքով ուսումնասիրություններ չեն կատարվել շատ երկար տարիներ։ Բայց դատելով, որ մեր քամիները հյուսիս, հյուսիս-արեւելյան ուղղության են, փչում են Ջաջուռի լեռնանցքից, կարելի է եզրակացություն անել, որ փոշու հիմնական մասը քաղաքի հյուսիսային մասերում է մնում։ Չնայած երկրորդական փողոցներում էլ վիճակը լավ չէ»,-ասաց Ռոլանդ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիում երկրաշարժից հետո օդի աղտոտման բազմաթիվ օջախներ են հայտնվել հանձինս տնակային տնտեսությունների։ Երբ դրանք քանդում են, ապակեբամբակի կտորներն օդի մեջ են տարածվում եւ մեծ ազդեցություն թողնում օդի աղտոտման տեսանկյունից։

«Վերջերս մենք շփվեցինք մարդկանց հետ, որոնք ապակեբամբակի տարածման արդյունքում թոքերի լուրջ խնդիր են ունեցել։ Եվ որեւէ առողջապահական կառույց չի գնում էս հետքերով»,-ասաց պաշտոնյան։

SO2-ի արտանետումը, ըստ նրա, հիմնականում ձմռանն է տեղի ունենում․ «Ձմռանը Գյումրիում ջեռուցման նպատակով այրում են հնարավոր եւ անհնարին նյութեր։ Ամեն ինչ այրում են։ Եվ երեկոյան ժամը վեցի կողմերը, եթե նաեւ քամիներ չեն լինում, օդի մեջ կախված մասնիկներ են առաջանում։ Ծանր այրումից առաջացած նյութերը մեծ վնաս են հասցնում քաղաքի էկոլոգիային»։

Տրանսպորտային միջոցների հասցված վնասը, ըստ Գասպարյանի, այնքան էլ մեծ չէ, քանի որ դրանք հիմնականում գազով են շահագործվում։ Բենզինի դեպքում վնասն անհամեմատ մեծ է։ Այդ վառելիքի այրումից ծանր մետաղներ են արտանետվում օդ, ինչը շատ վտանգավոր է։ Սակայն հիմա բենզինով աշխատող ավտոմեքենաների թիվն անհամեմատ փոքր է։

Հայաստանի երկրորդ քաղաքի օդի աղտոտման հարցում վատ դերակատարներ են նաեւ ձեռնարկությունները, որոնց թիվը, ըստ Գասպարյանի, Գյումրիում փոքր չէ։ Կահույքի արտադրամասեր կան, որոնք այրում են իրենց սինթետիկ նյութերի մնացորդները։

«Դրանց այրումից ահավոր ծուխ է արտանետվում, որը շատ վտանգավոր է։ Դա իսկի վերեւ չի էլ բարձրանում, միանգամից նստում է ներքեւում։ Բնապահպանական տեսչությունը պարտավոր է համապատասխան ուսումնասիրություններ կատարել, պարզել դրանց ծավալներն ու համապատասխան ռիսկերը»։

Ռոլանդ Գասպարյանը դժգոհ է առողջապահական կառույցներից, որոնք չեն հետեւում մոնիտորինգի արդյունքներին, դրանց հիման վրա վերլուծություններ չեն կատարում։

«Համապատասխան կառույցները չեն արձագանքում մոնիտորինգի արդյունքներին։ Խոսքը գնում է հատկապես Առողջապահության նախարարության մասին, որը պարտավոր է հաշվի առնել մոնիտորինգի տվյալները, փոշու կամ այլ տարրերի բարձր կոնցենտրացիաները, եւ դրա հետ կապված՝ որոշ հիվանդությունների ինտենսիվացումը։ Ես չեմ հանդիպել որեւէ բժշկական ուսումնասիրության, որ ասի՝ այո, այս հիվանդությունը բնորոշ է այս քաղաքին եւ պատճառները սրանք են»,-ասաց Ռոլանդ Գասպարյանը։

Նա Գյումրու դիտակայանում կուտակված տվյալների բազան ավելի շուտ համարում է տվյալների գերեզմանոց։ «Սա տվյալների գերեզմանոց է, ոչ թե բազա։ Մենք դիտարկում ենք, իսկ հետեւություններ անող չկա»,- նշեց Գասպարյանը։

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Համլետ Գասպարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ փոշու կոնցենտրացիան բարձր է նաեւ Արթիկում։

Այնտեղ մոնիտորինգ չի իրականացվում, սակայն աղտոտման բարձր ծավալներն ակնհայտ են։ Արթիկում օդի աղտոտումը մեծ մասամբ տեղի է ունենում տուֆի փոշու միջոցով։

Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա, ըստ Գասպարյանի, քաղաքապետարանն իր հնարավորությունների սահմաններում մի շարք փողոցներ ասֆալտապատել է, մարզպետարանն էլ որոշ դրամաշնորհների միջոցով կանաչապատման ծրագրեր է իրականացնում։

«Գյումրիում կանաչ գոտիներն ընդլայնում ենք, ինչը նպաստում է արտանետումների հետեւանքները նվազեցնելուն»,-նշեց մարզպետարանի պաշտոնյան։

 Գասպարյանը, Գյումրիում եւ Շիրակի մարզում էկոլոգիական վիճակը գնահատելով, ասաց․ «Իհարկե եթե համեմատվենք Տավուշի հետ, ապա պարզ է, որ մեր վիճակը վատթար է։ Մենք չորային, բարեխառն կլիմայական պայմաններ ունենք, անտառազուրկ ենք։ Հայաստանում անտառները 11 տոկոս են կազմում, մեզ մոտ իսկի 1,5 տոկոս էլ չկա, դրանք էլ հիմնականում արհեստական տնկված անտառներ են՝ 50-ականներից մինչ օրս։ Իսկ ահա Լոռու մարզից ավելի լավ վիճակում ենք։ Այնտեղ հանքարդյունաբերություն կա։ Մեզ փրկում է այն, որ Շիրակի մարզում արդյունաբերություն չկա»։

Լուսանկարները՝ Սառա Անջարգոլյանի, Անուշ Մարգարյանի, Երանուհի Սողոյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ