Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ոստիկանները բերման են ենթարկել Եղնուկյանի կնոջն ու երեխաներին` ասելով, թե ահազանգ ունեն ռումբ տեղադրելու մասին



Քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից Կարո Եղնուկյանի երեխաները` Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները, կինը` Ռուզաննա Եղնուկյանը և «Հայ կանանց ճակատ»-ի անդամներ Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Սասնա ծռեր» խմբավորումը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ և «Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բերման եթարկվածները «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցների ներկայությամբ քաղբանտարկյալների նկարներով եւ նրանց մասին պաստառներ ու թռուցիկներ բաժանելիս են եղել, երբ ոստիկանները եկել են նրանց բերման ենթարկելու:

Բերման ենթարկվածներն, ըստ Սյուզան Սիմոնյանի, հետաքրքրվել են, թե ինչու են իրենց բերման ենթարկում, և ի պատասխան` ոստիկաները նշել են, թե տեղեկություններ ունեն, որ Ռուզաննա Եղնուկյանն իր երեխաների հետ մտադիր է ռումբ տեղադրել Հանրապետության հրապարակում: Ինչ վերաբերում է բերման ենթարկված մյուս երկու անձանց, ապա, Սիմոնյանի փոխանցմամբ, ոստիկանները նրանց ասել են, թե քաղբանտարկյալների նկարներով շապիկներ են կրում:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ վերը նշված անձինք բերման են ենթարկվել կոնկրետ ահազանգով, սակայն չմանրամասնեցին՝ ինչ ահազանգի մասին է խոսքն ու հրաժարվեցին այս պահին պատասխանել այլ հարցերի:

Նշենք, որ այս պահին Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում` իրավական աջակցություն ցույց տալու Եղնուկյանի ընտանիքի անդամներին: Վերջինս մեզ հետ զրույցում խոստացավ ավելի ուշ մանրամասներ հայտնել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Միհրան18:27 - 19 սեպտեմբերի, 2017
Այս նկարը Հանրապետության հրապարակ չէ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ