HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում ՋԷԿ-ի աշխատակիցները փակել են Մ-6 միջպետական ճանապարհը

Գայանե Սարգսյան

Տարիներ շարունակ Վանաձորի գլխավոր՝ Հայքի հրապարակում ու նախկին աշխատավայրի՝ «Վանաձոր-Քիմպրոմի» կազմում գործող ՋԷԿ-ի հարևանությամբ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնելուց ու արդյունքի չհասնելուց հետո ընկերության նախկին աշխատակիցներն այսօր վաղ առավոտից փակել են Մ-6 միջպետական ճանապարհի մի հատվածը: Նարեկացի փողոցում շուրջ 30 րոպե երթևեկությունը խաթարված էր: Ճանապարհը փակելուց կարճ ժամանակ անց դեպքի վայր ժամանեցին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ապա նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Տարոնի բաժնի աշխատակիցները:

Տարբեր տեղեր շտապող վարորդները ցուցարարներին խնդրում էին բացել ճանապարհը, սակայն վերջիններս անդրդվելի էին, մինչև որ ծավալված վեճին միջամտեցին ոստիկանները: Վերջիններիս հորդորով որոշ ժամանակ անց հավաքված աշխատակիցները քաշվեցին մի կողմ՝ ճանապարհ տալով մեքենաներին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Տարոնի բաժնի պետ Սերգո Այվազյանը ցուցարարների հետ զրուցելուց հետո կապ հաստատեց «Վանաձոր-Քիմպրոմի» սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ: Առկա իրավիճակը վերջինիս ներկայացնելուց հետո բաժնի պետը մոտեցավ տարիներ շարունակ վաստակած աշխատավարձը պահանջող ցուցարարներին ու փոխանցեց Կ. Ասատրյանի կարճ պատասխանը՝ աշխատողների հարցն ընթացքի մեջ է, զբաղվում են այդ հարցով:

Պատասխանը, սակայն, ներկաներին չբավարարեց: Բոլորին հուզող հարցը մեկն էր՝ կոնկրետ ե՞րբ կստանան 2011թ.-ից չվճարված 4 ամսվա աշխատավարձը:

Հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալու համար Կ․ Ասատրյանը ցուցարարներին խոստացավ. այս շաբաթվա ընթացքում սնանկության գործով կառավարչին հրավիրել իր մոտ ու հանդիպում կազմակերպել աշխատակիցների հետ: Միայն այս պատասխանից հետո ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները համաձայնվեցին ցրվել:

«Ոչ մի հաշվապահություն չկա, ինչքա՞ն տարան, ո՞ւմ տվին, ի՞նչ տվին, ո՞ւր գնաց»

Ամիսներ շարունակ ՋԷԿ-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում: Այդ մասին են վկայում գործարանում բարձվող ու ապամոնտաժված գույքը պարբերաբար տարբեր ուղղություններով տանող մեքենաները: 

Թե կոնկրետ երբվանից է սկսվել այս գործընթացը կամ քանի մեքենա ապրանք է տեղափոխվել գործարանից, նախկին աշխատակիցները դժվարանում են հստակ ժամկետներ նշել:

Նրանցից մեկի խոսքով արդեն իսկ մոտ 100 մեքենա գույք է տեղափոխվել, մյուսի կարծիքով, սակայն, տեղափոխված գույքը շատ ավելին է:«Անցած դեկտեմբերին մենք կրճատվել ենք, էլ աշխատող չենք ունեցել, դեկտեմբերից սկսել են ծախելը, դրանից առաջ էլ էլի տանում էին:

Տարուց ավել ա տանում են ու տանում: Ընդով քիչ-քիչ էին տանում, հիմի ամբողջովին էնա... »,- «Հետք»-ի հետ զրույցի ընթացքում նշեց նախկին աշխատակից Հրաչիկ Վարդանյանը:

Նրա խոսքով` ամենավատն այն է, որ մինչ այժմ չգիտեն, թե ե՞րբ է հասնելու իրենց աշխատավարձի հերթը:

«էսօրվա դրությամբ ասում են մենք երրորդ-չորրորդ հերթն ենք, աշխատավարձն ընդով տեն տա: Ոչ ոք չգիտի, որ էսքանը ծախում են, լույսի փողը տվի՞ն, բավարարե՞ց, գազի փողը տվի՞ն... Ոչ մի բան չգիտենք: Ու մեր ռոճիկը ստանալու համար մեզ հերթ կհասնի՞, թե՝ չէ: Տարբեր բրիգադներ են գալիս, հավանում են ապրանքը, գումարը Արդշինբանկին մուծում են, իրանն ա սաղ ունեցվածքը, մուծում են ու տանում»,- ասում է Հ. Վարդանյանը:

Աշխատողների խոսքով` գույքը տանող մեքենաները բարձված ապրանքը տանում են տարբեր ուղղութուններով՝ Երևան, Չարենցավան... Տեղափոխողներն էլ ինչպես տարբեր ընկերությունների, այնպես էլ անհատների պատկանող մեքենաներ են:

«Սարքավորումների ոսկին են տարել, տուրբինների պղինձն են տարել: Տոննաներով ա դա:

Քանի հազար սարքավորում կա, բոլոր կանտակտներից հետ հանել-տարել են, նկուղային մասում հազարավոր կիլոմետրերով կաբելներ կան: Ալյումիններ, պղնձի կաբելներ կան, դրանց պղինձները, սարքավորումը դրած կաշին հանում են ու սարքում ապրանք:

Դա ահռելի մեծ գումարներ ա, բայց հաշվարկ չկա, թե ով ինչ տարավ, ինչքան տարավ, որ պարտքը տվին, որը մնաց: Ոչ մի հաշվապահություն չկա, ի՞նչքան տարան, ո՞ւմ տվին, ի՞նչ տվին, ո՞ւր գնաց: Մենք էլ վերջին հերթ ենք: Այ, պատերն ա մնում, էլ փող չկա, ի՞նչ պտի տան ինձ»,- ասում է նախկին աշխատակիցներից Վեսմիր Խարազյանն ու ցույց տալիս այն, ինչ մնացել է հսկա գործարանից:   

Հուլիս ամսին ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները 20 օրով փակել էին գործարանի մուտքը` արգելելով որևէ մեքենայի ելումուտը գործարան: Մուտքը բացել են միայն սնանկության կառավարչի խոստումից հետո, թե կարճ ժամանակում աշխատավարձի պարտքը կմարվի:

«20 օր մեքենա դուրս չի եկել, էդ 20 օրոմ 200 հատ կիսլարոդի բալոն են օգտագործել: Բերանով ես ասում:

Ամբողջ ՋԷԿ-ը իրա գործունեության ընթացքում ամիսը 15-20 բալոն էր օգտագործում, իսկ էս պարագայում 20 օրում 200 բալոն օգտագործել են կտրատելու համար: Էն մի կորպուսը հիմի լրիվ ազատ ա, մեջը ոչ մի բան չկա»,- պատմում է նախկին աշխատակից Արշակ Ցականյանը:

«Ինչն արժեքավոր ա, դա տարել են. յուղը, պղինձը, ոսկին, կաբելները: Մնացել ա էս երևացող շինությունն ու ծխատարները, էլ բան չի մնացել: Հիմի էլ բրիգադիրները հանել տարել են խիմզավոդ, հիմի էլ ընդեղ են կտրտում: Ստեղ իրանց սև գործն արել, պրծել են արդեն: Մնացել ա էն ապրանքը, որի արժեքն էնքան չի, ինչքան կտրելու ու տանել ծախելունը»,- ավելացնում է Վ. Խարազյանը:

2011թ.-ի 4 ամիսների համար մոտ 150 աշխատակցի չվճարված աշխատավարձի ստանալու վերջնական ժամկետները աշխատակիցներն ակնկալում են իմանալ առաջիկա օրերին խոստացված սնանկության կառավարչի հետ հանդիպման ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter