HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օրենսդրական փոփոխություն՝ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխման նպատակով

Բուժաշխատողներն իրենց մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում երբեմն ենթարկվում են բռնության, վիրավորանքի և նվաստատուցիչ այլ վերաբերմունքի: Այս երևույթի համապարփակ լուծումը չի տալիս նաև քրեական օրենսգիրքը և պատգամավորներ Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանն առաջարկում են օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով և կանխարգելել բժիշկների նկատմամբ վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում:

Մասնավորապես, առաջարկվում է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքում մեղավոր անձին պատժել տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով (100-200 հազար դրամ): Իսկ նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:

Նախագծի հեղինակ պատգամավորների կարծիքով՝ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող գործողությունները շատ հաճախ դուրս են քրեաիրավական տիրույթից, սակայն նրանց նկատմամբ իրականացվող գործողությունները խոչըդոտում են իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը: Այդ գործողությունները նախաձեռնող անձանց պատասխանատվության համար, ըստ էության, մեր օրենսդրությունը նորմեր չի սահմանում:

Հրանց համոզմամբ՝ ներկայացված առաջարկի հիմնական նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը:

«Հայաստանի Հանրապետությունում չունենք պաշտոնական վիճակագրական տվյալներ, որոնք թույլ կտան հստակ եզրակացություն անել բժիշկների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների մասին թվային արտահայտմամբ: Այս հանգամանքը ևս խոսում է քննարկվող ոլորտին հատկացված ոչ բավարար ուշադրության մասին»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հեղինակներն ուսումնասիրելով միջազգային փորձը փաստել են, որ առավել խիստ պատասխանատվություն է նախատեսվում Ավստրալիայի օրենսդրությամբ: Այդ երկրում բուժաշխատողի նկատմամբ ցանկացած բնույթի ոտնձգությունը պատժվում է 14 տարվա ազատազրկմամբ: Ավստալիայում իրականացվող հետազոտությունները փաստում են, որ վերջին 5 տարիների ընթացքում ավելի քան 24.500 բուժաշխատող ենթարկվել է որևէ տիպի բռնության կամ ոտնձգության իր աշխատանքային գործունեության ընթացքում:

«Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրությամբ կամրագրվեն դրույթներ, որոնք պատասխանատվություն կառաջացնեն բուժաշխատողներին կամ բուժօգնություն և սպասարկում իրականացնող անձանց օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Կարծում ենք, այն կապահովի գործնականում վերը քննարկված խնդրի լուծումը` դրանով իսկ երաշխավորելով բուժաշխատողների և բուժօգնություն իրականացնող անձանց օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը և հիմք կհանդիսանա մեր հասարակությունում ձևավորված արատավոր երևույթի նվազեցման, կանխարգելման և իսպառ վերացման ուղղությամբ».-վստահ են Կարեն Ավագյանն ու Հրայր Թովմասյանը:

Նշված օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողով;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter