HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղապետը մեղավոր ճանաչվեց համայնքային միջոցները վատնելու և փաստաթղթեր կեղծելու համար

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի, նույն մարզի Շահումյանի թ/ֆ համայնքապետ Արթուր Յոյլոյանին մեղավոր է ճանաչել համայնքային միջոցներն առանձնապես խոշոր չափերով վատնելու և փաստաթղթեր կեղծելու համար  (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 325-րդ հոդվածի 1-ին մաս): Դատարանը համայնքապետի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկման ձևով՝ 5 տարի 6 ամիս ժամանակով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է մեկ տարի ժամկետով  փորձաշրջան:

Արթուր Յայլոյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է նաև 5 միլիոն 336 հազար 630 դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում: Նշենք, որ մինչ դատավճռի կայացումը համայնքապետը հարթել էր իր կողմից հանցագործությամբ պատճառված նյութական վնասից  2 միլիոն 300 հազար դրամը:

«Հետքն» արդեն անդրադարձել էր համայնքապետին առաջադրված մեղադրանքին: Արթուր Յայլոյանն իր պաշտոնական դիրքն օգտագործելով, 2008-2016թթ. ընթացքում ինչպես կնոջը` Մարիամ Յայլոյանին, այնպես էլ սոցիալապես վատ պայմաններում բնակվող համայնքի բնակիչներ Էդգար Պետրոսյանին, Կիմա և Կարինե Խաչատրյաններին, Սուսաննա Հարությունյանին և Նվարդ Մկրտչյանին հրամանագրել է իրականում չգործող գրադարանավարուհու, այգեպանի և գործավարի հաստիքների վրա: Յայլոյանը նրանց անվամբ գյուղապետարանի բյուջեից դուրս է գրել համապատասխան չափի աշխատավարձեր, որոնք վերջիններս ստացել և տնօրինել են իրենց հայեցողությամբ, սակայն փաստացի չեն իրականացրել վերը նշված հաստիքներով սահմանված պարտականությունները։

Մասնավորապես` համայնքի գրադարանն` իրականում չգործելու պայմաններում, կնոջը` Մարիամ Յայլոյանին, 03.01.2008թ. մինչև 05.11.2016թ. ձևակերպել է որպես գրադարանավարուհի և նրա անվամբ դուրս գրել ընդհանուր 5 միլիոն 279 հազար 200 դրամ գումար որպես աշխատավարձ: Այգի չունենալու պայմաններում Կիմա և Կարինե Խաչատրյաններին ձևակերպել է որպես այգեպան և նրանց անվամբ դուրս գրել համապատասխանաբար 330 հազար և 478 հազար 690 դրամ աշխատավարձ:

Գործավարի անհրաժեշտություն չունենալու պայմաններում` Էդգար Պետրոսյանին, Նվարդ Մկրտչյանին և Սուսաննա Հարությունյանին ձևակերպել է որպես գործավար և նրանց անվամբ դարձյալ դուրս գրել համապատասխանաբար 506 հազար 180 դրամ, 269 հազար 760 և 772 հազար 800 դրամ գումար որպես աշխատավարձ: Նրանք աշխատանքի փաստացի չեն հաճախել, ինչի արդյունքում համայնքապետը համայնքի բյուջեից վատնել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 7 միլիոն 636 հազար 630 դրամ գումար։

Բացի այդ, Արթուր Աշոտի Յայլոյանն իր պաշտոնական դիրքն օգտագործելով` համայնքի ավագանու անդամ Հակոբ Մերուժանի Դանիելյանի կողմից 2015թ. սեպտեմբեր ամսից սկսած` հանրապետությունից բացակայելու, ավագանու նիստերին և կայացրած որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պայմաններում, նրա փոխարեն ստորագրելով` կեղծել և շրջանառության մեջ է դրել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` ավագանու որոշումներ, կատարողական ակտեր։

Գործի դատաքննության ժամանակ Արթուր Յայլոյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել  և դատարանին միջնորդել դատական քննություն անցկացնել արագացված կարգով: Մեղադրող դատախազ Կորյուն Ներսիսյանը, ով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ կաթողիկոսի եղբորորդին է, չի առարկել միջնորդության դեմ և դատարանը գործը քննել է արագացված կարգով:

Ուշագրավն այն է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրական բնութագիր է տվել Արթուր Յայլոյանին: Այն դեպքում, երբ համայնքապետը նախկինում էլ մեղադրվել է հանցագործություն կատարելու մեջ:

Մասնավորապես՝ 2008թ. աշնանը իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ համայնքին պատկանող հողատարածքներից առանց սահմանված կարգի 120քմ հողատարածք հատկացրել էր համագյուղացի Ռուբեն Կարապետյանին և վերջինից անհրաժեշտ վճարումներ կատարելու պատճառաբանությամբ պահանջել ու մաս-մաս ստացել 100 հազար դրամ գումար, որով էական վնաս էր պատճառել Ռ. Կարապետյանի իրավունքներին և օրինական շահերին:

Բացի այդ, համայնքի տարածքում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 20 տոննա տարողությամբ երկաթյա ջրամբար-աշտարակը համայնքի «հիմնական միջոցների, փոքրարժեք ու արագամաշ առարկաների հաշվառման» գրքում չէր հաշվառել: Իր ծառայողական պարտականությունները չկատարելով` ջրամբարը, որպես համայնքի սեփականություն չհաշվառելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ջրամբարը 1 մլն 400 հազար դրամով 2010թ. օգոստոս ամսվա սկզբին վաճառել էր Երևան քաղաքի բնակիչ Սուրեն Մելոյանին: Գումարը համայնքի բյուջե չէր մուտքագրել, այն ծախսել էր իր անձնական կարիքների համար, որով համայնքին պատճառել էր նյութական վնաս:

Այդ դեպքում էլ դատարանը պատիժ էր նշանակել տուգանքի ձևով՝ 200 հազար դրամ:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Տարոսը՝ Սևանին․․․․ դեռ քանի քաղաքապետ պիտի դատվի քաղաքը պարտքերի մեջ թողնելու համար․․․ ինչ ա նշանակում ողջ քաղաքի գույքը կալանքի տակ է․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter