Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Շիրակ» օդանավակայանի ցուցանիշները ռեկորդային են վերջին տարիների համար



Չնայած օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում հայտարարեց, թե հոկտեմբերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռիչքների քանակն ավելանալու է, դրա մասին մինչ այդ էլ հայտնի էր: Օգոստոսի 31-ին Հայաստանի երկրորդ քաղաքում բազավորվող «Տարոն-Ավիա» ընկերության հիմնադիր Գառնիկ Պապիկյանը երկրորդ ինքնաթիռը Գյումրի բերելուց հետո նշեց, որ հոկտեմբերին նախատեսում են մեկնել Եվրոպա:

Այսօր Գյումրին օդային ճանապարհով կապվում է ռուսական 4 քաղաքների հետ՝ Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սամարա, Մոսկվա: Այս ուղղություններով թռչում է հենց «Տարոն-Ավիան». առաջին երեք քաղաքներ՝ շաբաթական մեկ անգամ, իսկ Մոսկվա՝ երկու անգամ: Ռուսաստանի մայրաքաղաքից այս պահին շաբաթական երեք անգամ Գյումրի է գալիս նաեւ «Աէրոֆլոտի» դուստր «Պոբեդան»: Բայց եթե հայկական ընկերությունն օգտագործում է «Դոմոդեդովո» օդանավակայանը, ապա ռուսական օպերատորի հաբը «Վնուկովոն» է:

Արդեն այս պահին հայտնի է, որ «Պոբեդան» մինչեւ հոկտեմբերի 28-ը կատարելու է շաբաթական 3 չվերթ, իսկ ձմեռային աերոնավիգացիոն սեզոնին՝ մինչեւ 2018-ի մարտի 23-ը, շաբաթական 4 չվերթ:

Վերջին տարիներին «Շիրակ» օդանավակայանի արտադրական ցուցանիշներն անկայուն էին. թռիչք-վայրէջքների, տեղափոխված ուղեւորների ու բեռի քանակը անընդհատ տատանվում էր: Այսպես՝ եթե 2013-ին Գյումրու օդանավակայանով ժամանել ու մեկնել էր 66.534 անձ, 2014-ին այդ թիվը նվազել էր մինչեւ 37.857, իսկ 2015-ին դարձել 39.328, անցյալ տարի էլ գրանցվել էր վերջին շրջանի վատագույն ցուցանիշը՝ 12.421 մարդ:

Այդուհանդերձ, հենց 2016 թվականը բեկումնային դարձավ «Շիրակի» համար, քանի որ այդ տարվա դեկտեմբերի 15-ին Մոսկվայից իր կանոնավոր չվերթները սկսեց բյուջետային «Պոբեդան», որի 999 ռուբլի արժողությամբ տոմսերը մեծ աղմուկ առաջացրին: Կառավարությունը Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններից «Շիրակը» դիտարկում է որպես բյուջետային ավիաընկերություններին առաջարկվող ուղղություն: 2014-ի դեկտեմբերի 31-ից այստեղ չի գործում 10.000 դրամ «օդի տուրքը», 2017-ի հունվարից «Շիրակում» 50 տոկոսով զեղչվեց ՔԱԳՎ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աերոնավիգացիոն ծառայության գինը, իսկ փետրվարից ավիաօդերեւութաբանական ծառայությունը մատուցվում է անվճար (այն տրամադրում է ԲՆ «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն): Այս տարվա ապրիլի 10-ին «Տարոն-Ավիան» Հայաստան բերեց իր առաջին օդանավը, ու ապրիլի 25-ին սկսեց թռիչքները դեպի Ռուսաստան:

Այսինքն՝ վերջին 10 ամսում Գյումրու օդանավակայանում կյանքը կտրուկ աշխուժացավ: Վերանորոգման աշխատանքներ սկսվեցին ուղեւորային համալիրում, հրշեջ մեքենաների եւ այլ տեխնիկայի կայանատեղի է կառուցվում թռիչքուղու հարեւանությամբ: Իսրայելցիներն էլ մտադրություն ունեն «Շիրակի» հարեւանությամբ լոգիստիկ կենտրոն ստեղծել:   

2017 թ. առաջին 8 ամիսներին «Շիրակում» ուղեւորահոսքը կազմել է 56.243 մարդ, այսինքն՝ 17-18 հազարով ավելի շատ, քան 2014-2015 թթ., դե իսկ 2016-ի տարեկան ցուցանիշը գերազանցվել է 4,5 անգամ: Եվ սա՝ միայն 8 ամսում:

Նախորդ տարիներին Գյումրու օդանավակայանում պիկը եղել է մայիսին ու նոյեմբերին, բայց պիտի շեշտենք, որ ամսական լավագույն արդյունքը չի հասել 6000-ի: Իսկ այս տարվա մայիսին «Շիրակից» օգտվել է 8240 ուղեւոր: Նոր ռեկորդը, սակայն, երկար կյանք չի ունեցել. հուլիսին Գյումրիում ուղեւորահոսքը կազմել է 9098 մարդ, իսկ օգոստոսին՝ 11.972: Փաստորեն, օգոստոսի ցուցանիշը գրեթե հավասար է ամբողջ 2016 թվականի արդյունքին. հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Շիրակում» որեւէ չվերթ եւ ուղեւոր չի եղել: Կարելի է սպասել, որ օգոստոսի ռեկորդային ցուցանիշը շուտով նույնպես կգերազանցվի, քանի որ առջեւում նոյեմբերն է, երբ Ամանորին ընդառաջ արտերկրում աշխատող շատ հայաստանցիներ վերադառնում են հայրենիք: Արդյունքների բարելավմանը կարող է նպաստել նաեւ դեպի Եվրոպա թռիչքների մեկնարկը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ