HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սփյուռքահայ գործարար. «Հայաստանում ներկա պայմաններում ներդրում չեմ կատարի»

Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի վերջին՝ երրորդ օրն է։ Երեք օրերի ընթացքում զուգահեռաբար անցկացվում են չորս ուղղություններով նիստեր ու քննարկումներ, որոնք վերաբերում են տնտեսությանը, ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու հայապահպանությանը։

Անկառու էր, որ համենայնդեպս նախորդ երկու օրերին տնտեսական թեմաներով քննարկումների դահլիճը ներկաների իր քանակով զիջում էր արտաքին քաղաքակության ու անվտանգության հարցեր քննարկող դահլիճներին։

Տնտեսական հարցերի նիստին մի շարք սփյուռքահայ գործարարների կարելի է հանդիպել։ Նրանցից ոչ բոլորն են պատրաստ խոսել տեսախցիկների ու ձայնագրիչների ներկայությամբ։ Այնուամենայնիվ, մի մասը խոսում է։ Նրանք կամ խիստ քննադատում են Հայաստանի տնտեսական ներկա վիճակն ու կառավարության վարած քաղաքականությունը,  կամ նախընտրում ավելի զգուշավոր լինել։ Որոշ գործարարներ էլ կարծում են, որ Հայաստանը տնտեսական զարգացման ճիշտ ճանապարհին է։

Լոնդոնում բնակվող ու սեփական բիզնեսը վարող Ալենուշ Գրիգորյանցը պատրաստ չէ այսօր Հայաստանում ներդրում կատարել։ Բիզնես ոլորտում վստահության ու թափանցիկության պակաս է տեսնում։

«Ներկա պայմաններում Հայաստանի տնտեսության մեջ ներդրում չեմ կատարի։ Պակասում է թափանցիկությունն ու վստահությունը։ Եթե ես գումար ներդնեմ Հայաստանում և սկսեմ, օրինակ, արտադրել ինչ-որ բան, ես վստահ չեմ, որ վերջում կկարողանամ արտադրությունը հաջողության հասցնել ու շարունակել նույն հաջողությամբ։ Ես Լոնդոնում օճառ եմ արտադրում, և նույն օճառի արտադրությունը կարելի է շատ լավ կազմակերպել նաև Հայաստանում՝ տեխնիկան կա, գիտությունը կա, բայց վստահությունը չկա։ Վստահությունը առաջին հերթին օրենքով պաշտպանվածությունն է։ Վստահ չեմ, որ օրենքն այստեղ լավ է աշխատում։ Շատ անգամ եմ լսել, որ այստեղ գործ են սկսել, այն լավ ընթացել է, հետո հայտնվել է մեկն ու ասել՝ հիմա 50/50 ենք աշխատում։ Սա վախեցնում և վանում է սփյուռաքահայ գործարարներին։ Դա հենց մաֆիա է։ Ես արդեն 40 տարուց ավելի ապրում եմ Անգլիայում։ Աշխատում են այնտեղի կարգուկանոնով։ Կարգուկանոն եմ տեսել, դա գիտեմ։ Չեմ կարող ընկալել այն խոչընդոտները, որ կան Հայաստանում։ Գուցե, Անգլիայում ևս կան խոչընդոտներ, բայց մենք դա չենք տեսել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Ա. Գրիգորյանցը։

Ալենուշ Գրիգորյանցը

Նա ծնվել է Իրանում, հետո տեղափոխվել է Անգլիա։ Նրա և գործընկերոջ արտադրած օճառների ապրանքանիշն է Sapona։ Տարբեր ընկերությունների պատվերներով արտադրում են նաև նրանց ապրանքանիշերով օճառներ։ Ա. Գրիգորյանցը և իր հայ գործընկերը Լոնդոնում օճառի արտադրամասը հիմնադրել են 1993 թվականին։ Իսկ 1997-ից այն արդեն կրում է Sapona ապրանքանիշը։ Այժմ օճառները վաճառվում են հիմնականում եվրոպական, ամերիկյան ու անգլիական շուկաներում։ Գրիգորյանցն ասում է, որ օճառների գնային սեգմենտը լայն  է՝ էժաններից մինչև բավականին բարձր գին ունեցողներ։

Դիտարկել են նաև իրենց արտադրած օճառները Հայաստան ներմուծելու տարբերակը։ «Դա էլ, սակայն, գրավիչ չէ, որովհետև Հայաստանը փոքր շուկա է։ Իսկ որ ավելի կարևոր է՝ մեզ զգուշացրին, որ չենք կարող մեծ ծավալների հասնել, քանի որ կհայտնվի մեկն ու կասի՝ ես եմ անելու այդ գործը։ Ես դա հենց գործարարներից եմ լսել։ Բացի այդ, այսօր խոսում էինք այն մասին, որ Հայաստանն ու օրինակ՝ Անգլիան չունեն պայմանագրեր հարկային համակարգին վերաբերող։ Օրինակ, երբ մենք աշխատում ենք Հոնկոնգի հետ և այնտեղ վճարում ենք որոշակի հարկեր, Անգլիայում այդ նույն հարկերը չենք վճարում կամ վճարում ենք դրանց տարբերությունը։ Եթե տվյալ հարկը Անգլիայում 20% է, իսկ Հոնկոնգում 16%, ապա 16%-ը վճարում ենք Հոնկոնգում, 4%-ն էլ՝ Անգլիայում։ Իսկ քանի որ Հայաստանի հետ որևէ պայմանագիր չունենք, աշխատելու պարագայում պետք է և Անգլիայի 20%-ը վճարենք, և Հայաստանում սահմանված տոկոսը։ Դա արդեն դառնում է ոչ շահավետ»,- ասաց Ա. Գրիգորյանցը։

Նա նաև տեղի ու արտասահմանյան գործարարների հետ զրույցներում շատ է լսել, որ Հայաստանում տնտեսական մրցակցությունն է թույլ։ Բերում է ամենահայտնի օրինակները՝ շաքարավազի, ալյուրի, բանակի շուկաները։ «Վերջիվերջո, դրանից հաճախորդը տուժում է։ Երբ շուկան մեկ մարդու ձեռքում է և չկա մրցակցություն, նա սահմանում է իր ցանկացած գինը և չի իջեցնում։ Իսկ եթե լինի մրցակցություն, ապա մարդիկ, իրար հետ մրցելով, կիջեցնեն գներն իրենց ապրանքը լավ վաճառելու համար»,- նշում է գործարարը։

Միևնույն ժամանակ, նա լավատես է։ Տարին երկու-երեք անգամ Հայաստան է գալիս և նկատել է, որ Հայաստանում երիտասարդները կարող են շատ բան փոխել։ Այն երիտասարդները, ովքեր լցված են բիզնես գաղափարներով ու նորարարական ծրագրերով։

Իսկ հարցին, թե ինչ է ակնկալում այս համաժողովից, պատասխանում է, որ արագ ու մեծ փոփոխությունների չի սպասում։ «Լավ է, որ գոնե հավաքվում ենք, խոսում ենք, մեր մտահոգություններն ենք հայտնում։ Հույս ունենք, որ լսվում է։ Սրանից ավելին չեմ կարող ասել, թե մեկ տարի անց հեղափոխություն կլինի, սփյուռքահայերը կգան Հայաստան և այլն։ Նման արագ փոփոխություններ չեն կարող լինել։ Անկեղծ ասած՝ ես չգիտեմ` Սփյուռքը ինչ պետք է փոխի, ինձ թվում է, որ փոփոխությունները պետք է լինեն հենց բուն Հայաստանում։ Մենք մի քիչ անհամբեր ենք։ Պետք է երևի սպասենք։ Հայաստանի վարչապետը լավ է խոսում։ Ինձ թվում է` իր անցյալն է լավը՝ բիզնեսում է աշխատել։ Դրսում շատերը ասում են, որ նա շատ լավ փոփոխություններ առաջ կբերի, բայց մեկ տարի է անցել նրա պաշտոնավարումից, ու նման մեծ փոփոխություններ, ինչպես տեսնում եմ, չեն եղել։ Ես` ինքնս, իրեն հարգում եմ, բայց պետք է ավելի լավ աշխատի, որ արդյունքները երևան»,- ասում է Ա. Գրիգորյանցը։

Հայաստանի բիզնես ոլորտում փոփոխությունների կարիք է տեսնում նաև ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ Զարեհ Պալյանը։ Նա համաժողովի այն մասնակիցներից է, որոնք առավել խիստ քննադատությամբ են խոսում երկրի իշխանությունների մասին։ «Սփյուռքը զրո վստահություն ունի ՀՀ իշխանությունների նկատմամբ: Գիտի, որ թալանում են, որ դատարան չկա։ Ինքս վեճի մեջ եմ, ինքս 4 հատ բիզնես եմ դրել, ճիշտ է՝ շատ մեծ բիզնեսներ չեն, բայց 4-ն էլ թալանեցին ու տարան: Ո՞ւր է դատարանը, որ ես դիմեմ ու արդարությունը վերականգնեմ: Չկա նման բան»,- ասում է Զ. Պալյանը։

Ըստ նրա՝ համաժողովը կարող է դրական արդյունքներ տալ, եթե այն, ինչի մասին խոսվում և քննարկվում է, գործի վերածվի։

Իսկ Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը համարում է, որ Հայաստանում տնտեսական ու սոցիալական վիճակի բարելման հարցում պակասում է նաև բնակչության աշխատելու պատրաստակամությունը։ 

«Հեշտ է խոսելը։ Տեսականորեն հեշտ է, գործելն է դժվար։ Մի բան կա, որ ուզում եմ շեշտել։ Հայաստանի ժողովուրդը կրթված է, պոտենցիալով։ Բայց պետք է փոքր-ինչ փոխի իր վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ։ Կան մարդիկ, որոնց ամեն Հայաստան գալիս հանդիպում եմ։ Նրանք միշտ բողոքում են իրենց վիճակից։ Բայց ամեն անգամ տեսնում եմ, որ տանը նստել ու սպասում են, չեն ձգտում աշխատել։ Իրենց ազգականները, եղբայրը արտասահմանից գումար են ուղարկում, նրանք էլ ապրում են։ Սա էլ պետք է փոխվի»,- ասում է Մուրադ Աքյուզը։

Նա Գերմանիայում է ապրում արդեն 45 տարի։ Զբաղվում է ծխախոտի ու խմիչքի առևտրով։ Ինչ վերաբերում է կառավարության ու վարչապետի աշխատանքին, դրական է գնահատում։ Կարծում է՝ արդեն իսկ դրական տեղաշարժեր նկատվում են բիզնես և այլ ոլորտներում։

Ըստ սփյուռքի նախարարության ներկայացրած ցանկի՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցում է ավելի քան 1600 մարդ։ Նրանք գործարարներ են Սփյուռքից ու Հայաստանից, տարբեր երկրների հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հասարակական գործիչներ, քաղաքագետներ ու տնտեսագետներ, հոգևորականներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ և այլն։ Մեծ թիվ են կազմում հատկապես Ռուսաստանից (շուրջ 270 հոգի), ԱՄՆ-ից (200-ից ավելին), Լիբանանից (շուրջ 110 հոգի), Ֆրանսիայից (90 հոգի) ժամանածները։ Իսկ Հայաստանից և Արցախից, ըստ այդ ցանկի, գրանցված մասնակիցների թիվը շուրջ 260 է, այդ թվում՝ պաշտոնյաները։

Մեկնաբանություններ (1)

Եփրեմ
Տիկնոջ անունը - Ալենուշ Գրիգորեանս, ոչ թէ Գրիգորյանց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter