HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օֆշորներից՝ Սևանի ավազան. Սոցապ ծառայության պետի խորհրդականը օգտակար հանածոներ է որոնում

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի խորհրդական Արայիկ Արշակյանը հանքարդյունաբերական բիզնեսով զբաղվելու փորձեր է անում: Նորաստեղծ «Կապպեր պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Գեղարքունիքի մարզի երկու տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն:

«Կապպեր պլաս» ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա փետրվարին: Որպես տնօրեն և բաժնետեր` հանդես է գալիս Լիլյա Հովսեփյանը: Վերջինս Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի խորհրդական Արայիկ Արշակյանի կինն է:

Առաջին տեղամասը Սարիքար-Կուտականի բազմամետաղների հանքային դաշտն է, երկրորդը՝ Թթուջրի բազմամետաղների հանքերևակման տեղամասը:

Համաձայն ԲՆ ներկայացված նախագծի՝ Սարիքար-Կուտական տեղամասի բազմամետաղների երևակումը տեղակայված է Սևանա լճի ավազանի հյուսիս-արևելյան մասում, Սևանի լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջին, ձգվում է Շիշգյունեյ լեռան հարավային լանջերից դեպի հյուսիս-արևմուտք մինչև Դարանակ գետի վերին հոսանքի ավազանը: Հանքերևակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 130 ք/կմ մակերես և տեղակայված է 2250-3100մ բացարձակ բարձրությունների վրա: Ընդգրկում է տարածքներ 9 համայնքից՝ Դարանակից՝ 104 հա, Արեգունիից՝ 1005 հա, Գեղամասարից՝ 1262 հա, Ավազանից՝ 1262 հա, Արփունքից՝ 1935 հա, Կախակնից՝ 2659 հա, Կուտականից՝ 3475 հա, Տրետուկից՝ 1155 հա և Սոթքից՝ 472 հա:

Հանքերևակման շրջանի գետերը պատկանում են Սևանի ավազանին: Հիմնական ջրագրական միավորը Մասրիկ գետն է՝ իր Սոթք վտակով:

Սարիքար-Կուտականի բազմամետաղների երևակման տարածաշրջանը հարում է «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներին, որոնց կենդանական աշխարհը բազմազան է ու հարուստ էնդեմիկ տեսակներով: Այստեղ հաշվարկվում են փափկամարմինների 43 և հոդվածոտանիների 639 տեսակներ:

Երկկենցաղները ներկայացված են 4 տեսակով, որոնք պատկանում են ցատկողների կարգին` լճագորտ (Rana ridibunda), փոքրասիական գորտ (Rana macrocnemis), կանաչ դոդոշ (Bufo viridis), Շելկովնիկովի ծառագորտ (H.a.shelkovnikovi):

Տարածքներում հանդիպում է սողունների 16 տեսակ, որից 11-ը պատկանում է մողեսներիի կարգին, իսկ 5 տեսակը` օձերի կարգին:

Շրջանում հանդիպում են թռչունների 267 տեսակ: Կաթնասունները ներկայացված են 44 տեսակով, այդ թվում միջատակերներ` 7 տեսակ, կրծողներ` 15 տեսակ, նապաստակներ` 1 տեսակ, չղջիկներ` 7 տեսակ, գիշատիչներ` 11 տեսակ, սմբակավոր կաթնասուներ` 3 տեսակ:

Թթուջրի տեղամասը գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևելյան մերձափնյա մասում, լճից 4.5 կմ դեպի հյուսիս-արևելք, Գետիկ գետի միջին հոսանքի ավազանում, Թթուջուր գյուղի հյուսիս-արևելյան մասից ձգվում է դեպի հարավ-արևելք մինչև Ճամբարակի հյուսիս-արևմտյան հատվածը և տարածվում է դեպի հյուսիս: Հանքերևակման տարածքը զբաղեցնում է շուրջ 15.9 ք/կմ մակերես, տեղակայված է 1700-2500մ բացարձակ բարձրությունների վրա և ընդգրկում է Թթուջուր համայնքի 247 հա-ն և Ճամբարակ համայնքի 1348 հա-ն:

Հանքերևակման շրջանը Անդրկովկասի երկու խոշոր գետերի` Քուռի և Արաքսի միջին հոսանքների ջրբաժանն է:

Ջրագրական հիմնական միավորը Սևանա լիճն է, իսկ ջրհավաք ավազանը Սևանա լճի գոգահովիտն է: Հիմնական ջրային արտերիան Գետիկ գետն է` իր բազմաթիվ մեծ ու փոքր վտակներով:

Թթուջրի երևակման շրջանին բնորոշ է ենթաալպյան մարգագետինների, տափաստանացված մարգագետինների, տափաստանների տարախոտահացազգիների բուսականությունը և լայնատերև հաղարճենու և կաղնու-բոխու անտառներ:

Երևակման շրջանը հարակից է «Դիլիջան» ազգային պարկին, Գետիկի և Գիհու նոսրանտառային արգելավայրերին: Տարածաշրջանին բնորոշ է հարուստ կենդանական աշխարհ: Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարի կղաքիս, անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ: Կան նաև բազմաթիվ թռչուններ` կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ: Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը:

Թթուջուր համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ մի քանի տարի առաջ ևս իրենց համայնքից հողեր էին հատկացվել որոնողահետախուզական աշխատանքների համար, սակայն հետազոտողներն այնուհետև հեռացել էին: Այս անգամ տարածքը սահմանին ավելի մոտ է, որտեղ ժամանակ առ ժամանակ նաև կրակում են հակառակորդի կողմից: Իսկ հողերը, որոնք նախատեսված են որոնողահետախուզական աշխատանքների համար, հիմնականում արոտավայրեր են:

Սոցապ ծառայության պետի խորհրդականն ու օֆշորները

«Կապպեր պլաս» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետեր և տնօրեն Լիլյա Հովսեփյանը նաև «Կապպեր մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, որը 2013-16թթ.-ին ունեցել է երկրաբանական ուսումնասիրություն կատարելու թույլտվություն Գեղարքունիքի մարզի նույն՝ Թթուջրի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Տիգրանակերտի բազմամետաղների հանքերևակման տեղամասում: Այդ տարածքներում ուսումնասիրություններ կատարելու ժամկետներն ավարտվել են, և այս տարի նոր ընկերությամբ են ուսումնասիրությունների հայտեր ներկայացրել:  

«Կապպեր մայնինգ» ՍՊԸ-ի բաժնտեր է «Սենտիանտա ինվեսթմենտս» ՍՊԸ-ն, որը գրանցված է կիպրոսյան օֆշորում: «Սենտիանտա ինվեսթմենտս» ՍՊԸ-ն էլ իր հերթին 3 այլ բաժնետեր ունի՝ գրանցված մեկ այլ օֆշորային գոտում՝ Բելիզում:  

Բացի սրանից, Լիլյա Հովսեփյանը 2011-2013թթ. բաժնետեր է եղել հայաստանյան մեկ այլ ընկերության՝ «Արալուան» ՍՊԸ-ի (Արայիկ Արշակյանի դստեր անունը Լուսինե է: Ըստ ամենայնի՝ հոր և դստեր անունների համադրությամբ է կազմվել այս ընկերության անվանումը): Հետագայում փոխանցել է իր բաժնեմասը Կանադայում գրանցված «Արալոն Փրեշըս մեթալս» ինկ.Կորպորացիա-ին, սակայն մինչ օրս նաև այս ընկերության տնօրենն է:  Կանադական ընկերությունը մասնակցություն է ունեցել նաև «Կապպեր մայնինգ» ՍՊԸ-ում՝ մինչ կիպրոսյան ընկերության ի հայտ գալը:

«Արալուան» ՍՊԸ-ն էլ 2011-2016թթ.-ին Սյունիքի մարզի Շվանիձորի նեֆելինային սիենիտների երևակման տեղամասի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն է ունեցել: Հիշեցնենք՝ 2011-2012թթ.-ին բնապահպանության նախարար է եղել Արամ Հարությունյանը: 

«Կապպեր մայնինգ» և «Արալուան» ՍՊԸ-ները, համաձայն հարկ վճարողների համակարգի տեղեկությունների, ժամանակավոր դադարեցրել են իրենց գործունեությունը, սակայն պետական ռեգիստրում դրանց լուծարման մասին տվյալներ դեռևս չկան: 

Արայիկ Արշակյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ: Վերջինս թեման լսելուց հետո ասաց, որ իր հետ պետք է զրուցել այդ թեմայով, ոչ թե կնոջ, հետո խոստացավ երեկ կամ ամենաուշն այսօր զանգահարել: Արայիկ Արշակյանն այսօր զանգահարեց և մեր հարցերի մի մասը լսելուց հետո ասաց, որ ինքը լիազորություն չունի պատասխանել դրանց, կինն է դրանով զբաղվում, սակայն կինն այսօր զբաղված է, մեկ ուրիշ օր, երբ հարմար լինի, կզանգահարի մեզ: 

Հ.Գ. Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետարանում տեղի կունենան Սարիքար-Կուտականի բազմամետաղների հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտի փորձաքննության արդյունքում՝ որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ՝ երկրորդ փուլը: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12.00-ին, Ճամբարակի համայնքապետարանում տեղի կունենան Թթուջրի հայտի վերաբերյալ հանրային քննարկումները՝ նորից երկրորդ փուլը: 

Մեկնաբանություններ (1)

թոշակառու
Հայկական կապիտալիզմի ծաղկունքն սկսվեց փոքր սեղանիկներից՝ մարդիկ հիվանդացան «սեղանացավով»: Այն զարգանալով դարձավ «խանութացավ»: Հետո եկավ «չենջացավը»՝ ամեն 10 մետրի վրա մի հատ: Հետո եկան փոքր ՀԵԿ երը, այսինքը «փհեկացավ» կպան, ոչնչացնելով գետերը: Իսկ «հանքացավն» ամենահավորն է, որն այս մի բուռ երկիրը դարձնելու է անբնակ աղբակույտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter