ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Բանակից քաղցկեղով վերադարձած զինվորի հայրը չի ցանկանում մյուս որդուն ծառայության ուղարկել


Բանակ զորակոչելուց մոտ երեք ամիս անց Նարեկ Պետրոսյանին վաղաժամկետ որոշում են զորացրել: Սկզբում՝ զորամասի բուժկետում, հետո Ստեփանակերտի հիվանդանոցում հետազոտելուց հետո, ծնողներին հեռախոսով տեղեկացնում են, թե պատճառը թոքերի հետ կապված մի հիվանդություն է: Միայն Երևան հասնելուց հետո է պարզվում, որ բանակի ղեկավարությունը առժամանակ խնայել էր իրենց․ խոսքը բարդացած քաղցկեղի մասին է' օրգանիզմում տարածված մետաստազներով:

«Թոքերի վրա վեց հատ տարածում կար, մեծը՝ 2 սմ»,- պատմում է Նարեկի հայրը՝ Արթուրը: Ծնողների համար մինչև հիմա էլ պարզ չէ, թե ինչպես կարող էր չարորակ ուռուցքը բժիշկների համար սկզբնական փուլում նկատելի չլինել զորակոչելուց առաջ։

Քաղցկեղի չարորակ բջիջների օջախը հեռացվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ մետաստազների դեմ բուժում ստանալու նպատակով Նարեկը, մայրը և փոքր եղբայրն այժմ Գերմանիայում են:

Հայրը համոզված է, որ հնարավոր էր կանխարգելել որդու հիվանդությունը

Նարեկի էպիկրիզի փաստաթղթի համաձայն՝ աջ ամորձում հայտնաբերված չարորակ գոյացությունը զորացրելու ժամանակ եղել է մոտ 1,5սմ չափերի։ Վիրահատության ժամանակ աջ ամորձին, որ գոյացության օջախն էր, հեռացվել է։ Իսկ Նարեկին զորացրելու որոշման մեջ նշված է, որ քաղցկեղը «զարգացել է ծառայության ընթացքում»։ Այսինքն՝ ՊՆ ղեկավարությունն ուզում է ասել, որ 1,5սմ չափերով ուռուցքը զարգացել է երեք ամսում։

Գոյացությունը հեռացնելու ժամանակ՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, Նարեկի հայրը՝ Արթուրը, հարցրել է բժիշկներին՝ արդյոք հնարավոր էր, որ երեք ամսում քաղցկեղն այդքան մեծանար և մետաստազներ տարածեր թոքերում․ հստակ պատասխան չեն տվել։

Արթուրը համոզված է, որ եթե Նարեկի նախազորակոչային փաստաթղթերը ուսումնասիրող ռազմաբժշկական հանձնաժողովը ավելի մանրամասն ուսումնասիրություն կատարեր զորակոչելիս, ապա հնարավոր կլիներ տեսնել քաղցկեղի օջախը և հիվանդությունն այսքան չէր բարդանա: «Բնական է, ի սկզբանե դրա դեմը հնարավոր է առնել,- ասում է հայրը,- դա հնարավոր չի նկարած լինեն ու չզգան, հնարավոր չի, որ իմացած չլինեն, էնպես չի, որ ուզում եմ վատաբանել, բայց ձև չկա․ եթե կասեցնեին իրեն, կվերանար, ոչ մի բան էլ չէր լինի: Իսկ հիմա ամբողջ ձուն դարձել է քաղցկեղի օջախ»:

Նարեկն Էջմիածնից է, նախազորակոչային հետազոտություններն անցել է «Էջմիածին» բժշկական կենտրոնում, ապա Երևանում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Երկու հիվանդանոցներում էլ ոչ Նարեկին, ոչ էլ ծնողներին չեն ծանոթացրել կատարված հետազոտությունների հետ։ Ասել են՝ բոլոր փաստաթղթերն ուղարկվում են Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատ։ 

Նարեկը Գերմանիայի հիվանդանոցում առաջին քիմիոթերապիան էր անցնում, երբ զրուցեցինք։ Պատմեց, որ նախազորակոչային վերջին հետազոտությունը անցել է Էջմիածնի հիվանդանոցում։ Ամորձիների սոնոգրաֆիայից հետո իրեն ուղեգրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», որտեղ էլ բժիշկները հետազոտելուց հետո ասել են, որ վտանգավոր բան չկա, իր մոտ հիդրոցելե է։ «Ինձ բժիշկը բացատրեց, որ ձվի մեջ հեղուկ կա, բայց դա վտանգավոր չի և վիրահատության ենթակա չի։ Ես իրեն ասել եմ, որ եթե վիրահատության ենթակա չի, հանգիստ գնամ բանակ»,- ասում է Նարեկը։ Բանակում իրեն վատ չի զգացել, միայն ջերմել է, և եթե ջերմության համար բուժկետում ֆլյուրոգրաֆիա չարվեր, այդպես էլ չէր իմացվելու, որ թոքերում մետաստազներ կան։

«Հիմա թույլ եմ, ընդհանուր թույլ եմ, էներգիա չկա, ցավեր կան անընդհատ, բայց մարդիկ ավելի վատ վիճակում էլ են լինում, դիմանում եմ»,- ասում է Նարեկը՝ ավելացնելով, որ գերմանական կլինիկայի բժիշկներն ասում են՝ երեք ամսում քաղցկեղն այդքան չէր կարող զարգանալ:

Կալցիֆիկատ, որն ընդամենն արձանագրվել է

«Հետք»-ը Նարեկի համաձայնությամբ ձեռք բերեց նրա բժշկական փաստաթղթերը «Էջմիածին» բժշկական կենտրոնից, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատից:

Նարեկը, ըստ ձեռք բերված փաստաթղթերի, 2016թ. դեկտեմբերի 19-ին գնացել է զինկոմիսարիատ: Գանգատվել է աջ ամորձու ցավից: «Էջմիածին» բժշկական կենտրոնում կատարվել է ամորձիների սոնոգրաֆիա: Հայտնաբերվել է աջ ամորձու հետին պատի «կրակալված անհամասեռ օջախ՝ 0,9x0,8 սմ»: Այն բժշկության մեջ անվանվում է նաև «կալցիֆիկատ»։ Այս հիմքով Նարեկը ուղեգրվել է լրացուցիչ հետազոտման՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վերջինից ստացած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ուղեգրող հաստատությունը կալցիֆիկատի հիմքով, որպես հիվանդություն, նշել է «արտահայտված օրխիտ»-ը։

Narek's documents
 

Օրխիտը բորբոքային հիվանդություն է, սակայն վերջնական ախտորոշումը, որը Նարեկին տրվել է այս հիվանդանոցում, բոլորովին կապ չունի ուղեգրող հաստատության ախտորոշման հետ։ 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում ախտորոշել են․ «Հիդրոցելե աջից, առանց սպերմատոգեն ֆունկցիայի խանգարման»։ Միևնույն ժամանակ բժիշկները գրել են, որ «զինակոչիկը վիրահատական միջամտության կարիք չունի հիդրոցելեյի աջից կապակցությամբ»։ 

Նարեկի հիվանդության պատմության՝ բժշկական կենտրոնից ստացած փաստաթղթերը ցույց են տալիս, որ թեև վերջնական ախտորոշումը հիդրոցելեն է, սակայն այստեղ արված ուլտրաձայնային հետազոտությունը ևս փաստել է, որ կա «կալցիֆիկատի օջախ»։ Միայն թե դա միայն արձանագրվել է և բժիշկների համար որևէ այլ ախտորոշման հիմք չի դիտվել, ինչպես «Էջմիածին» բժշկական կենտրոնում։ Վերջնական ախտորոշման մեջ նախկինում ախտորոշված օրխիտի մասին խոսք չկա։

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ուռոլոգ Հայկ Նորսոյանը, ով ստորագրել էր բժշկական փաստաթղթերի տակ, մեզ հետ զրույցում ասաց, որ կալցիֆիկատը «դուրս չի մնացել» ախտորոշումից, պարզապես «դրա կարիքը չի եղել»։  «Ախտորոշման մեջ, ճիշտ է, գրած չէ կալցիֆիկատ, բայց մենք սոնոգրաֆիայի մեջ նշել ենք, այսինքն` մենք աչքաթող չենք արել դա, այսինքն` նշվել է իր հիվանդության պատմության մեջ, բայց քանի որ մենք այդ պահի դրությամբ չունենք տվյալներ, որ կա բորբոքային պրոցես, մենք չէինք կարող գրել բորբոքում»:

Հարցին, թե ինչ այլ տվյալներ էին պետք, որ կալցիֆիկատը համարվեր բորբոքման ցուցիչ, պատասխանեց. «Սուր ցավեր այդ պահին, այտուցվածություն, ամորձու մեծացում, պնդացում, մաշկի կարմրածություն, որը որ այդ ժամանակ չի եղել, անձամբ ես եմ նայել, ոչ մի գանգատ»: 

Հայկ Նորսոյանի համոզմամբ՝ հիվանդությունը առաջացել է իրենց հետազոտությունից հետո․ «Եթե ես ունենայի թեթևակի կասկած, խորհուրդ կտայի դիմել ուռուցքաբանության ազգային կենտրոն հետազոտություն նպատակով, որ հաճախակի ենք անում»,- ասում է Նորսոյանը:

Իսկ «Էջմիածին» բժշկական կենտրոնի սոնոգրաֆիստ Սրբուհի Սեդրակյանն այդ կասկածը ունեցել է։ Բժշկուհին ստորագրել էր Նարեկի՝ «Էջմիածին» բժշկական կենտրոնում արված սոնոգրաֆիայի փաստաթղթի տակ․ նրա հետ կապվեցինք՝ պարզելու համար, թե ինչու էր Նարեկին լրացուցիչ հետազոտության ուղարկել, ինչ էր նշանակում սոնոգրաֆիայի մեջ գրված «կալցիֆիկատը»։

«Մեր վիրաբույժը զանգահարեց, խնդրեց՝ ասեց մի հատ նայի: Նայել եմ, էստեղ իմ ժուռնալի մեջ գրած է, որ կալցիֆիկատ եմ տեսել, կրակալված օջախ, ու ես շատ լավ՝ բառառբառ հիշում եմ, զանգահարեցի հետո նորից մեր վիրաբույժին, ասեցի՝ կալցիֆիկատ եմ տեսել, որը կարող է լինի՝ մեկ խրոնիկական բորբոքումից, մեկ ուռուցքի սկզբնական շրջանից, այսինքն՝ քաղցկեղային ինչ-որ դեպքում։ Ու ես դրա համար ասել էի, որ պետք է նորից հետազոտություն արվի, կրկնակի հետազոտություն՝ ոչ թե մեր կողմից, այլ ավելի խորացված հետազոտություն»,- պատմում է Ս․ Սեդրակյանը։

Հարցին` արդյոք այդ կրկնակի հետազոտությունը պետք է դարձյալ սոնոգրաֆիա լիներ, բժշկուհին պատասխանեց. «Ընդհանրապես պետք է լիներ ոչ թե սոնոգրաֆիա, այլ, կարծում եմ, կոմպյուտերային տոմոգրաֆիա, երկուսից մեկը: Հետո, իմ իմանալով, ես հետո էլ եմ հարցրել մեր վիրաբույժին, ինքը ասեց` ես իրան ուղարկել եմ «Գրիգոր Լուսավորիչ», էնտեղ նորից սոնոգրաֆիա կանեն, եթե պետք լիներ՝ կուղարկեին կոմպյուտերային տոմոգրաֆիայի, էդ հետազոտությունը` կոմպյուտերային տոմոգրաֆիան, համարվում է թանկարժեք հետազոտություն, բոլորին ցուցված չի, եթե սոնոգրաֆիան ինչ-որ բան է գտնում, իրենք ուղարկում են»:

Ճշտմանը` համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) ավելի մանրամա՞սն էր ցույց տալու այն, ինչ հայտնաբերել էր սոնոգրաֆիան, Սրբուհի Սեդրակյանը պատասխանեց. «Եթե սոնոգրաֆիան ցույց է տվել ինչ-որ մի մասնիկ անգամ, ԿՏ-ն ավելի բջջային մակարդակով է, ինքը պիտի որ ցույց տար, որը չեն էլ արել, փաստորեն: Ինձ համար շատ ցավոտ է, որ էս ավարտը ունի»:

Նշենք, որ Նարեկի մոտ ԿՏ-ի հետազոտություն բացակայում է «Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնից ստացված փաստաթղթերում: Ըստ բժիշկ Նորսոյանի` արվել է դարձյալ սոնոգրաֆիա, և ստացված արդյունքները իր համար բավարար են եղել համոզվելու, որ կալցիֆիկատը միանշանակ անցած բորբոքման հետևանք է:

Չնայած օրգանիզում տարածված մետաստազները բուժելու համար է Նարեկը հիմա Գերմանիայում, սակայն նա բանակից վաղաժամ զորացրվել է մի հոդվածով, որը օրգանիզմում բացառում է մետաստազների գոյությունը:

Խոսքը ՊՆ նախարարի 2013թ. N410 հրամանի 46բ հոդվածի մասին է. «Չարորակ նորագոյացություններ` արմատական հեռացման հետևանքներ` առանց մոտակա և հեռակա մետաստազների»: Այս հոդվածը Նարեկի հիվանդության նկարագրությունը չէ, սակայն հիմք է տվել ՊՆ-ին Նարեկին զորացրել՝ պատերազմի ժամանակ զորակոչելու պայմանով։

Արթուրը չի ցանկանում մյուս որդուն ծառայության ուղարկել

Արթուրի մյուս որդին` Վլադիմիր Պետրոսյանը, 16 տարեկան է: Նրա նախազորակոչային հետազոտությունները արդեն սկսվել են: Արթուրն ասում է, որ Վովայի մոտ ի ծնե կա լիմֆանգիում հիվանդությունը: Ուռուցքը աջ ոտքի վրա է: Արթուրի խոսքով` Վովային փոքր տարիքում հետազոտել են Հայաստանից դուրս, որտեղ ասել են, որ այն կարելի է վիրահատել միայն չափահաս դառնալուց հետո:

2016թ. հուլիսին Վովան ներքին օրգանների գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) է անցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: «Աջ ծնկափոսի դրսային հատվածում անմիջապես մաշկի տակ նկատվում է հաստ պատերով հեղուկ պարունակությամբ գոյացություն 6,3*4,5սմ չափի, նրան կից ևս նկատվում է հեղուկ պարունակությամբ գոյացություն բազմաթիվ խտրոցներով, որը ավելի մակերեսային է գտնվում», - նշված է հետազոտության մեջ:

2017թ. մայիսին Վովան նախազորակոչային հետազոտությունների շրջանակում ծնկան հոդի ՄՌՇ հետազոտություն է անցել «Ուլտրաիմիջինգ» կենտրոնում: «Ծնկան հոդի ՄՌՇ պատկերը առանց տեսանելի էական պաթոլոգիկ փոփոխությունների: Պարարտիկուլյար բազմախոռոչանի կիստոզ-խողովակային զանգվածը թողնում է լիմֆատիկ մալֆորմացիայի տպավորություն էքստրաարտիկուլյար լիմֆանգիոմայի տիպի»,- նշված է հետազոտության մեջ: Այսինքն՝ նոր ՄՌՇ (МРТ) հետազոտությամբ ուռուցքի չափերն արդեն 15*6,3 սմ են:

Վովային, բժշկի ցուցումներով, շատ քայլել, վազել չի կարելի, քթից հաճախ ուժեղ արյունահոսություն է ունենում:

Արթուրի խոսքով՝ բժիշկները հստակ պատասխան չեն տալիս՝ արդյոք հիվանդությունը ծառայությունից ազատելու հիմք է, թե ոչ։ 

«Հետք»-ը այդ հարցը ուղղեց Պաշտպանության նախարարությանը՝ նշելով Վլադիմիր Պետրոսյանի հիվանդության տեսակը, կցելով ախտորոշման փաստաթուղթը։ ՊՆ-ն տեղեկացրել է, որ այդ որոշումը կայացնում է կառավարության որոշմամբ ստեղծվող հանրապետական զորակոչային հանձնաժողովը՝ հիմք ընդունելով կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը։ Արթուրը որոշել է՝ «աշխարհն էլ շուռ գա», Վովային ծառայության չի ուղարկելու։ 

առաջին լուսանկարում՝ Նարեկ Պետրոսյանը | հեղ․՝ Egiazaryan Photography

Տեսանյութերը՝ Հրանտ Գալստյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. shahe01:01 - 14 հոկտեմբերի, 2017
when you hear of ignorance of this sort it really makes me feel ashamed. What the fuck is a neurologist commenting on a urological malignancy for the start? why are there so many neurologists in armenia who have no clue of any pathology!!! can please somebody put a bullet in this moron's brain. The ultrasonographer was far more intelligent and raised suspicion,,,,,but she was ignored what a shame honestly , this is like treating people in the middle ages
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։