HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

Համացանցից անվտանգ օգտվելու մի քանի հասարակ կանոն

Ա․ Միշտ նախընտրեք մուտք գործել HTTPS տառերով սկսվող կայքեր․ դրանք անվտանգ են։

Մյուս տարբերակով՝ http-ով սկսվողները, անվտանգ չեն։ Առաջարկվող տարբերակում հաղորդագրությունները գաղտնագրված են և չեն կարող կարդացվել։

Բ․ Կայքերում կամ էլփոստային ծառայություններից օգտվելիս ստուգիչ հարցերին պատասխանեք այնպես, որ դրանք ուրիշների կողմից հեշտ ենթադրելի չլինեն։

Գ․ Մի՛ օգտագործեք նույն գաղտնաբառը բոլոր կայքերի և հաշիվների համար։ Եթե դժվարանում եք մեծ քանակությամբ գաղտնաբառեր հիշել, ապա կարող եք օգտվել հատուկ ծրագրերից, որոնք Ձեր փոխարեն կստեղծեն և կպահպանեն գաղտնաբառերը։ 1Password, KeePass և LastPass ծրագրերը հրաշալի օգնականներ են նման դեպքերում։ Բանկային կամ առհասարակ ֆինանսական կայքերում էլ հարկավոր է միշտ երկաստիճան կամ եռաստիճան մուտքային համակարգեր գործածել։

Դ․ Աշխատեք օգտվել այնպիսի որոնողական համակարգերից, որոնք հնարավորին քիչ են հավաքում վիճակագրական տվյալներ Ձեր նախասիրությունների, համակարգչի կամ աշխարհագրական դիրքի մասին։
Ներկայացնում եմ մի քանի որոնողական համակարգեր, որոնք չունեն վիճակագրության կամ տեղեկությունների հավաքման հատկություն, ինչպես օրինակ, Գուգլ համակարգն ունի։

1. DuckDuckGo
Սա բավականին տարածված և անվտանգ որոնողական համակարգ է, ապահովում է առանց գովազդի որոնման արդյունքներ։

Օրական տասը միլիոնից ավելի որոնումներ են լինում այս համակարգով։ Որոնելի բառը գրելիս արդեն տեսնում ենք առավել հավանական ենթադրությունները․

2. WolframAlpha
Սա նույնպես բավականին լավ արդյունքներ է առաջարկում, ներկայացնում է վիճակագրական տվյալներ, վերլուծում արդյունքները, բավականին արդյունավետ և ճշգրիտ գծապատկերներ կան որոնման արդյունքներում։

Արդյունքները խմբավորվում են ըստ ոլորտների՝ մշակույթ, ֆինանսներ, հեռահաղորդակցություն և այլն։

3. Startpage
Եռյակը եզրափակում է այս որոնողական համակարգը, որը նույնպես առաջարկում է բավականին լավ արդյունքներ։

Որոնելի բառը գրելիս չենք տեսնում հավանական առաջարկություններ, սակայն արդյունքները գոհացուցիչ են։

Այն նույնպես չի հավաքում որևէ աշխարհագրական տեղեկություն կամ համակարգչի որևէ տվյալ։

Հենց առաջին էջում համառոտ ներկայացվում են գաղտնիության քաղաքականությունը և որոնման մեթոդները․

Ներկայացված կայքերը բավականին հարմար են հայաստանյան օգտատերերի համար, արագ և ճշգրիտ տեղեկություններ են ներկայացնում։

Ե․ Միշտ մաքրեք այն բրաուզերների հիշողությունները, որոնցով մուտք եք գործել համացանց, միշտ դուրս եկեք ընթացիկ սեանսներից որևէ տեղ մուտք գործելիս։

Որոշ բրաուզերներ կարող են ավտոմատ ջնջել հիշողությունը ամեն անգամ, երբ փակեք պատուհանը․ միշտ այդ հատկությունը միացված պահեք ապահովության համար։

Մի՛ վստահեք համակարգչային կամ ինտերնետային սրահների համակարգիչներին, հասարակական և ընդհանուր օգտագործման սարքերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter