HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները բնակարանների համար միլիոնավոր դրամներ են վճարել և մնացել առանց սեփականության վկայականի

Երեւանի Պուշկին 51/1 հասցեի (նախկին Սարյան փողոցի 19-21 հասցեներն են) բնակարանի սեփականատեր Լաուրա Մարդոյանը, 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունից  Հայաստան վերադառնալով, գնացել է իր գնած բնակարան և տեսել, որ բնակարանի դուռը փոխված է և վրան փակցված է «Խալոյան Անդրանիկ» գրությամբ ցուցանակ և հեռախոսահամար: Չունենալով փոխված դռան բանալին՝ Մարդոյանը այդպես էլ չի կարողացել մուտք գործել բնակարան: Նա պարզել է, որ բնակարանի վրա փակցված է իրենց նոր շենքի սեփականատիրոջ՝ Անդրանիկ Խալոյանի անունը:

Անդրանիկ Խալոյանը 2009-2013 թվականներին եղել է Երեւանի ավագանու անդամ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և ըստ գրանցած տեղեկատվության՝ չի աշխատել: Բնակիչներից մեկը հայտնեց, որ շենքի իրական սեփականատերը ՝ Աշոտ Ավետիսյանն է ( առավել հայտնի է «Բանգլադեշցի Համիկ» անունով):

Լ․ Մարդոյանը 2009 թվականի օգոստոսին այն ժամանակ Սարյան փողոցի 19-21 հասցեներում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի 10-րդ հարկից 190 քմ մակերեսով բնակելի տարածք՝ բնակարան և 60 քմ մակերեսով ձեղնահարկ է ձեռք բերել։ Նա նաեւ վճարել է նույն շենքի տակ գտնվող տարածքում 20 քմ մակերեսով ավտոկայանատեղիի համար։ 2009 թվականի նոյեմբերին առքուվաճառքի նախնական պայմանագիր է կնքել այդ շենքի սեփականատեր «Նարեկ-Դավիթ» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ։ Այդ անշարժ գույքերի ձեռքբերման համար Լաուրա Մարդոյանը վճարել է 83 միլիոն դրամ։

Պայմանագրերը կնքելուց հետո Գ․Պապոյանը Լ․Մարդոյանին է հանձնել բնակելի տարածքի դռան բանալիները։ Վերջինս սկսել է բնակարանի ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել և մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

2012թ.-ին Լաուրա Մարդոյանը հեռուստացույցով տեղեկացել է, որ Գագիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել բազմաթիվ քաղաքացիներից գանձված առանձնապես խոշոր չափի գումարները խարդախությամբ հափշտակելու համար: Որից հետո Լ. Մարդոյանի փաստաբանները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց են ներկայացրել՝ պահանջելով «Նարեկ-Դավիթ» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանին հարկադրել գնորդի հետ հիմնական պայմանագիր կնքել: Սակայն քաղաքացիական այս գործը կասեցվել է, մինչ 2011 թվականին՝ Գ. Պապոյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելը: Ի վերջո, դատարանի որոշմամբ, Պապոյանը դատապարտվել է 9 տարի ազատազրկման, սակայն դատարանի վճիռը Լ. Մարդոյանի փոխանցմամբ՝ խճճված և անհասկանալի է. «Այդ վճռից մինչ օրս հստակ չեմ պատկերացնում՝ վերջապես ով է վերադարձնելու ինձնից խաբեությամբ կորզած գումարները»,-ասում է բնակարանի գնորդը:

Լաուրա Մարդոյանը Հայաստանում չի բնակվում, երբ հերթական անգամ՝ 2016-ին, Ռուսաստանի Դաշնությունից հետ է վերադարձել և պարզել է, որ իր բնակարանը արդեն իրենը չէ՝ դուռն ու բանալիները փոխված են, դռան վերևում ոստիկանության կողմից տեսահսկող տեսախցիկ է տեղադրված: Բնակիչն այժմ դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով բնակարանի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը  և ընկերությանը պարտավորեցնել իր հետ կնքել առքուվաճառքի հիմնական պայմանագիր, որով կստանա բնակարանի սեփականության վկայականը:

Պուշկին 51/1 հասցեի շենքի շուրջ ծագած վեճերը մի քանի տարի է հանգուցալուծում չեն ստանում: Բնակիչները նորակառույց բազմաբնակարան այս շենքում բնակարաններ են գնել, ստացել բնակարանի առքուվաճառքի նախնական պայմանագրեր, սակայն տարիներ անց հայտնվել է Անդրանիկ Խալոյանը եւ հայտնել, որ ինքն է շենքի սեփականատերը: Վերջինս ասել է, որ շենքն իրեն է պատկանում և բնակարանի 1 քմ-ի արժեքը 1100 դոլար է, և յուրաքանչյուր բնակիչ պետք է հավելյալ գումար վճարի, եթե դրանից ցածր գնային արժեքով է գնահատվել նրա ձեռք բերած բնակարանի 1 քմ-ը։

Բնակիչները բնակարանները ձեռք են բերել «Նարեկ-Դավիթ» ընկերությունից` յուրաքանչյուրը 1 քմ-ի համար վճարելով տարբեր գներ:

Մեզ հետ զրուցած բնակիչները պնդում էին, որ Անդրանիկ Խալոյանը շենքը ձեռք է բերել «մութ գործարքների» միջոցով: Ասում են՝ 2011 թվականին այն ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը շինթույլտվություն է տվել Ա․ Խալոյանին այն դեպքում, երբ 2010 թվականից շենքն արդեն իսկ բնակեցված է եղել:

Բնակարաններ՝ առանց սեփականության վկայականի

Պուշկին 51/1 հասցեի մյուս բնակիչն, ով այժմ դատական կարգով պայքարում է իր սեփականության իրավունքը ճանաչելու համար, Սոս Ավետիսյանն է: Նա 2010 թվականին բնակարան է գնել այն ժամանակ Սարյան փողոցի 19-21 հասցեի շենքին կից կցակառույցից, կրկին անշարժ գույքի ձեռքբերման նախնական պայմանագիր կնքել «Նարեկ-Դավիթ» ընկերության հետ: Ընկերության սեփականատերը Ավետիսյանին խոստացել է, որ նախնական պայմանագիրը կնքելուց հինգ ամսվա ընթացքում հիմնական պայմանագիր կկնքի, սակայն ամիսներ շարունակ խուսափել հիմնական պայմանագիր կնքելուց: 2011 թվականի դեկտեմբերին իր իրավունքներին սպառնացող վտանգները վերացնելու, գույքային շահերը ապահովելու պահանջով Սոս Ավետիսյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ավետիսյանը պահանջել է «Նարեկ-Դավիթ» ընկերությանը պարտավորեցնել իր հետ կնքել բնակարանի առքուվաճառքի հիմնական պայմանագիր:

Այդ ընթացքում Սոս Ավետիսյանը հանդիպել է Անդրանիկ Խալոյանի հետ, ով հավաստիացրել է, որ իրենց հետ սեփականության որևէ պահանջ չունի. «Երբ Անդրանիկ Խալոյանի հետ հանդիպեցինք, ծանոթացանք, ի սկզբանե ասեց՝ ձեր մուտքի բնակիչները ընդհանրապես խնդիր չունեն, ինչ մտածելու բան ունենք, խառնվել եք իրար: Էդ կողմից հանգստացա»,-ասում է Սոս Ավետիսյանը:

Սակայն տարիներ անց՝ 2016 թվականին, Սոս Ավետիսյանը տեղեկացել է, որ Անդրանիկ Խալոյանը դիմել է դատարան՝ պահանջելով իր սեփականություն համարվող շենքից վտարել բնակիչներին: Առաջին ատյանի դատարանը բավարարել է Խալոյանի այս պահանջը, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Սոս Ավետիսյանի բողոքի հիման վրա մարտի 30-ին ամբողջովին բեկանել է առաջին ատյանի որոշումը և գործն ուղարկել նոր դատաքննության:

Այժմ Սոս Ավետիսյանը դատական  կարգով փորձում է իրեն պատկանող 80 քմ մետր մակերեսով բնակարանի սեփականությունը ճանաչել: Այդ շենքում Ավետիսյանը բնակարանի 1 քմ-ի համար վճարել է 400 դոլար գումար, չնայած իրեն ուղղակի կերպով չեն տեղեկացրել հավելյալ գումար վճարելու մասին, սակայն իրեն հասած լուրերով՝ յուրաքանչյուր քմ-ի համար պետք է վճարի հավելյալ 600 դոլար:

Բացի այդ, Սոս Ավետիսյանը մեկ տարի առաջ դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝  պահանջելով անվավեր ճանաչել Անդրանիկ Խալոյանի սեփականության իրավունքի վկայականը:

Պուշկին 51/1 հասցեի 39-րդ բնակարանի մյուս բնակիչ Տիգրան Չալաբյանը 2007 թվականին 92 քմ բնակարան ձեռք բերելու համար «Նարեկ-Դավիթ» ընկերությանը վճարել է 27 միլիոն դրամ: 1 քմ-ի համար վճարել է 750 դոլար: Ընկերության և այս բնակչի միջև ևս կնքվել է նախնական պայմանագիր, որն այդպես էլ հիմնական չի դարձել: Պայմանագրի կնքումն այնքան է ուշացել, որ ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանին ձերբակալել են, և Տիգրան Չալաբյանը ևս առանց սեփականության վկայականի է մնացել: 2007թ.-ից ունեցել են բնակարանի բանալիներն ու սկսել վերանորոգման աշխատանքեր: Արդեն 2015 թվականին եկել է Անդրանիկ Խալոյանը, ներկայացրել թուղթ, որով հանդիսանում է տվյալ շենքի սեփականատերը. «Մեր այն հարցին, թե 6-7 տարի է այս շենքը  կանգնած էր, դուք և քաղաքապետարանը որտե՞ղ էիք, պատասխանում է` ես չեմ իմացել, որ իմ հողի վրա շենք է կառուցվում: Այն պարագայում, երբ քաղաքի Կենտրոնում մի մեխ մեխես, քաղաքապետարանից և թաղապետարանից գալիս են»:

 

Նոր սեփականատերը Չալաբյանից 40 հազար դոլար գումար է պահանջել: Ասում է՝ Խալոյանը չի էլ թաքցրել, որ շենքի կառուցման համար որևէ գումար չի ներդրել, սակայն որպես փաստ բերել է կադաստրից ստացած սեփականության իրավունքի վկայականը:

Քաղաքապետարանին, կադաստրին իրենց ուղղված հարցերին բնակիչները կոնկրետ պատասխան չեն ստացել, չեն կարողանում պարզել, թե ինչպես է Անդրանիկ Խալոյանը ձեռք բերել այդ շենքի սեփականության վկայականը:

Քաղաքապետ Երվանդ Զախարյանի՝ բնակելի շենքի նվիրատվությունը

2007-2010 թվականներին Սարյան 19-21 հասցեի բնակիչները արդեն իսկ կառուցված, բայց անավարտ շենքից, «Նարեկ-Դավիթ» ընկերությունից բնակարաններ են գնել, սակայն, ինչպես նշեցինք՝ մինչ օրս չունեն դրանց սեփականության վկայականները։

Բնակարանների առքուվաճառքի նախնական պայմանագրեր են կնքվել ընկերության սեփականատեր Գագիկ Պապոյանի հետ։ Պայմանագրերը վավերացվել են նաև նոտարական կարգով, որի դիմաց բնակիչները վճարել են պայմանագրով նախատեսված գումարները։ Բնակիչները նաև իրենց միջոցներով վերանորոգել են գնված բնակարանները, թեև այդ աշխատանքը ևս պետք է իրականացներ շենքի սեփականատեր «Նարեկ-Դավիթ» ընկերությունը։

Նախնական պայմանագիրը վավերացնելուց հետո ընկերության սեփականատեր Գագիկ Պապոյանը բնակիչների հետ պետք է կնքեր հիմնական պայմանագիր և իրականացներ բնակարանի նկատմամբ յուրաքանչյուրի սեփականության իրավունքի պետական գրանցում։

Հիմնական պայմանագրի կնքումը շենքի սեփականատերը այնքան է ձգձգել, մինչ 2013 թվականի դեկտեմբերի 11-ին կալանավորվել է՝ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու մեղադրանքով և դատապարտվել երկարատև ազատազրկման։

Բնակիչների փոխանցմամբ՝ դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո` 2014 թվականին, հայտնվել է Անդրանիկ Խալոյանը և, որպես սեփականատեր, բնակարանների վաճառքի դիմաց լրացուցիչ գումարներ պահանջել: Բնակիչները պնդում են, որ  Խալոյանը քաղաքապետարանի «թեթև ձեռքով» 2015 թվականի վերջին շենքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական և շենքի Սարյան 19-21 հասցեն փոխել Պուշկին 51/1 հասցեով։

Հասցեափոխություն կատարելուց և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ձեռք բերելուց հետո Անդրանիկ Խալոյանը դիմել է դատարան՝ պահանջելով իր սեփականությունը համարվող շենքի բնակիչներին վտարել տվյալ շենքից, իսկ այն անձանց, ովքեր դեռ չէին բնակվում տվյալ շենքում, արգելել բնակություն հաստատել այնտեղ։ Մեր զրուցակից Լաուրա Մարդոյանի դեպքում էլ Անդրանիկ Խալոյանը, օգտվելով առիթից, որ նա Հայաստանում չէ, փոխել է բնակարանի դուռը և տեսախցիկ տեղադրել՝ արգելելով նրան մուտք գործել բնակարան։

Բնակիչները պնդում են, որ Անդրանիկ Խալոյանը շենքի սեփականության վկայականը ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանի և անշարժ գույքի պետական կադաստրի հանցավոր գործողությունների արդյունքում։

Նրանց հետաքրքրում է՝ ինչպես են 2005-2007 թվականներին բնակարաններ ձեռք բերել, դրանցում բնակվել, եթե այդ շենքի կառուցման թույլտվությունը «Նարեկ-Դավիթ» ընկերությունը չի ունեցել։

Բնակիչները Երևանի քաղաքապետարանին հարցնում են՝ այդ դեպքում ինչպե՞ս է Երևանի Փոքր կենտրոնում մոտ 1000 քմ-ի վրա ապօրինի կերպով, առանց շինարարական թույլտվության և ճարտարապետական նախագծի շենք կառուցվել, եթե տարածքը պատկանել է քաղաքապետարանին, և այդ կառույցը տարիներ շարունակ չի իմացել տվյալ շենքի գոյության մասին։

Բնակիչները քաղաքապետարանից ստացված պատասխաններից պարզել են, որ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը Անդրանիկ Խալոյանին փոխանակման կարգով նվիրել է բազմահարկ շենքով ծանրաբեռնված 117 քմ մետր հողամաս և լրացուցիչ, ուղղակի վաճառքի միջոցով ևս 250 քմ մետր: 1 քմ-ը գնահատվել է 60 000 դրամ, երբ բնակիչների փոխանցմամբ՝ դրա շուկայական արժեքը մոտ 7 միլիոն դրամ է:

Բնակիչները նաև հետաքրքվում են՝ ինչպես է ստացել, որ այն ժամանակվա քաղաքապետ Կարեն Կարապետյանը 2011 թվականի հունիսի 7-ին, երբ Անդրանիկ Խալոյանը ավագանու անդամ էր, շինարարական թույլտվություն է տվել Անդրանիկ Խալոյանին, այն դեպքում, երբ 2008 թվականին այդ շենքը մասնակի պատրաստ է եղել, և ոմանք արդեն կնքած են եղել առքուվաճառքի նախնական պայմանագրերը։

Շենքի մի խումբ բնակիչներ 2017 թվականի մարտ ամսին դիմել են նաև ՀՀ նախագահին, վարչապետին և գլխավոր դատախազին` Անդրանիկ Խալոյանին և այլ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց Սոս Ավետիսյանի փաստաբան Վաղինակ Վարդանյանը՝ գլխավոր դատախազը այդ դիմումն ուղարկել է Երևան քաղաքի դատախազին, վերջինս էլ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին, նա էլ գրությունը հետաքննության է ուղարկել Կենտրոնի ոստիկանական բաժանմունք՝ նյութեր նախապատրաստելու համար: Հետաքննիչի ապրիլին կայացրած որոշմամբ` քրեական գործ հարուցելը մերժվել է:

Սոս Ավետիսյանի կողմից այս որոշումը բողոքարկվել է գլխավոր դատախազին, ում կողմից էլ բողոքը ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն, որից մինչ օրս պատասխան չկա: Այդ պաճառով Սոս Ավետիսյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հետաքննիչի որոշումը վերացնելու պահանջով: Վաղինակ Վարդանյանի փոխանցմամբ՝ եթե դատարանը վերացնի հետաքննիչի որոշումը, դատախազը քրեական գործ կհարուցի Անդրանիկ Խալոյանի, քաղաքապետարանի և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշ պաշտոնյաների նկատմամբ, որի արդյունքում պետք է պարզի, թե ինչպես է Անդրանիկ Խալոյանը առանց լումա ներդնելու ձեռք բերել միլիոնավոր դոլարների արժողությամբ շենք և սեփականության իրավունքի վկայական:

Ինչ են պարզաբանում անշարժ գույքի կադաստրից

Ինչպես «Հետք»-ին հայտնել են անշարժ գույքի կադաստրից՝ Պուշկին 51/1 շենքը առաջին անգամ իրավունքի պետական գրանցում է ստացել 2005 թվականին՝ Նելլի Հարությունյանի անվամբ: Ապա դրանից երեք ամիս անց այն օտարվել է Հրայր Հարությունյանին: Այս գործարքից երեք ամիս անց էլ տարածքը ժառանգության կարգով գրանցվել է Արտակ Հարությունյանի անունով:

2006 թվականի հունիսին նոտարի առքուվաճառքի պայմանագրով գույքը տրվել է Անդրանիկ Խալոյանին: Երևանի քաղաքապետարանի 2007 թվականի որոշմամբ՝ թույլատրվել է քանդման աշխատանքներ իրականացնել՝ բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով:

Կադաստրի փոխանցմամբ՝ 2015 թվականի ապրիլին Անդրանիկ Խալոյանի անվամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում, ապա Եկմալյան 5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքին տրվել է Պուշկին 51/1 հասցե:

Ըստ այս տեղեկատվության՝ կադաստրը 2015թ.-ին նոր կառուցվող շենքին տվել է նոր հասցե: Կադաստրը նշում է նոր կառուցվող շենքի մասին այն պարագայում, երբ շենքը հիմնականում 2010 թվականից արդեն բնակեցված է:

Կադաստրի փոխանցմամբ՝ ավարտական ակտով շենքի կառուցապատողը Անդրանիկ Խալոյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter